Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

Բիզնես ինովացիոն ֆորումը կծառայի Հայաստանի ՏՏ ոլորտի բրենդի առաջխաղացմանը


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումին, որը կանցկացվի Դիլիջանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը, կմասնակցի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 70 ընկերության ներկայացուցիչ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Մեծամասամբ հայկական ընկերություններ են ընդգրկված ֆորումում, կլինեն նաև ռուսական, ինչպես նաև Հայաստանում գործող ամերիկյան կապիտալով ընկերություններ: Կարեն Վարդանյանի խոսքով` միջոցառմանը ներկա կլինեն նաև պետական կառույցների ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն կտա քննարկել կրթությանը և ձեռներեցությանն առնչվող հարցեր, որոնք կնպաստեն ՏՏ ոլորտի զարգացմանը:

«Այս տարվա սկզբում, երբ ռազմավարություն էինք մշակում, եկանք հետևյալ եզրակացությանը, որ լուրջ մշակութային փոփոխությունների կարիք ունենք տեխնոլոգիական կրթության և ձեռներեցության մեջ: Եվ այդ փոփոխությունները կարող են իրականանալ միայն հատուկ գործողությունների միջոցով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կարեն Վարդանյանը:

Ֆորումի ժամանակ երեք հիմնական շեշտադրումներ կլինեն: Պատրաստվել է «Why Armenia»` «Ինչու Հայաստան» խորագրով ներկայացում, ինչն առաջարկվելու է բոլոր ընկերություններին, որպեսզի նրանք օգտագործեն աշխարհում իրենց ու Հայաստանը ներկայացնելու համար: Դա ծառայելու է նաև Հայաստանի ՏՏ ոլորտի բրենդի առաջխաղացմանը: «Մենք ցանկանում ենք հստակեցնել, թե բիզնեսի հատվածում շարունակելու ենք հանդես գալ որպես ծառայություն մատուցող, թե արտադրանք տվող ընկերություններ: Երկրորդ օրն էլ կքննարվեն հանրակրթության և բուհական համակարգում նորարարությունների առումով կատարվելիք աշխատանքները: Անդրադարձ կլինի ձեռներցության, օրենսդրական, ենթակառուցվածքների տեսանկյունից անհրաժեշտ անելիքներին»,-նշեց Կարեն Վարդանյանը:

Ֆորումի աջակից «Ռոսսոտրուդնիչեստվո» կենտրոնի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը հայտնեց, որ ինչպես Հայաստանն է ցանկանում 2018 թվականին հայտնվել 20 ամենանորարարական երկրների շարքում, նույն մոտեցումն ունի նաև Ռուսաստանը: 

Նա հույս հայտնեց, որ ֆորումի ժամանակ անցկացվելիք կլոր սեղանները, որոնք ուղղված են լինելու նորարության, ՏՏ-ին առնչվող պետական քաղաքականության ոլորտում միջազգային ու հայաստանյան փորձի փոխանակմանը, լայն հարթակ կստեղծեն մասնագետների համար ոլորտի հետագա զարգացումը նախանշելու համար:

Ծրագրում ներառված են նաև բուհական ու հանրակրթական համակարգում տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման թեմայով քննարկումներ: Մեր կարծիքով` կրթությունը ելակետային է ՏՏ ոլորտի միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում զարգացման համար»,-ասաց Կալինինը: Նա նաև հայտնեց, որ, ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված, ռուսական մի շարք ընկերությունների մոտ կա հետաքրքրություն Հայաստանի ու հայկական արտադրանքի նկատմամբ:

Ֆորումի մյուս աջակից «Բեթ Կոնստրակտ» ընկերության զարգացման փոխնախագահ Արմինե Մկրտչյանն էլ նշեց, որ ցանկանում են Հայաստանում ՏՏ ոլորտն առավել զարգացած տեսնել, իսկ ընկերություններն էլ լինեն ուժեղ ու վստահելի: «Որպեսզի երբ դու ներկայացնում ես Հայաստանը ինչ-որ երկրում, հարց չառաջանա, թե որ երկիրն է այն, քանի որ այսօր ոչ ոք չի հարցնում ինչ դեր ունի Իսրայելը կամ Բելառուսը ՏՏ ոլորտում: Այսինքն` մենք գտնում ենք, որ մեր երկիրը պետք է դիրքավորել որպես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավ արտադրանք տվող երկիր: Կարևոր է նաև, որ այստեղ գործող ընկերոթյունները միավորված լինեն, հնարավորինս աջակցեն մեր երկրի դիրքավորմանը»,-ընդգծեց Արմինե Մկրտչյանը:

Ֆորումի աշխատանքներին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ֆորումին հրավիրված են ինովացիոն և տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի փորձագետներ, ինչպիսին է Իսրայելի առաջատար վենչուրային ընկերություններից մեկի` «Յոզմա Գրուպի» հիմնադիր և կառավարիչ Յիգալ Էրլիխը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ