Հայաստանում ստեղծվում է Թանգարանային կրթության կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում շուտով կստեղծվի Թանգարանային կրթության կենտրոն: Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (DVV International), ԻԿՕՄ թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախաձեռնությամբ ստեղծվող կենտրոնը երեք տարի շարունակ կգործի թանգարանի տարածքում: Կենտրոնը կզբաղվի հայաստանյան թանգարանների աշխատողների վերապատրաստմամբ, կմշակի կրթական ծրագրեր և կիրականացնի այլ գործառույթներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում DVV International-ի հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Անահիտ Մինասյանը նշեց, որ կենտրոնը կզբաղվի թանգարանների զարգացմամբ:
«Կենտրոնը կվերապատրաստի թանգարանների աշխատողներին, մեթոդական գրքեր կհրատարակի: Արտասահմանյան և տեղի փորձագետների միջոցով ուզում ենք այնպես անել, որ մեր թանգարաններն աշխատեն 21-րդ դարին համահունչ մեթոդներով: Մեր նպատակն է խթանել թանգարանների աշխատանքի որակի բարձրացումը»,-նշեց նա:
ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի տնօրեն Մարինե Հարոյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում այսօր փոխվել է թանգարանի դերը:
«Նախկինում թանգարանն ընկալվում էր միմիայն որպես մշակութային օջախ, որի գերխնդիրը մշակութային արժեքների պահպանումն էր: Այսօր թանգարաններն այլընտրանքային կրթության տարածքներ են: Այս ծրագրի նպատակն է, որ Հայաստանի թանգարանները դառնան այլընտրանքային կրթական տարածքներ՝ բոլոր տարիքի մարդկանց համար: Մենք ցանկանում ենք, որ այստեղ մշակվեն կրթական ծրագրեր թանգարանների պատվերով՝ տարբեր տարիքային խմբերի համար: Պատահական չենք ընտրել Արամ Խաչատրյանի տուն- թանգարանը. այն ունի լավ կրթական ծրագրեր»,-նշեց նա:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն իր հերթին ողջունում է նախաձեռնությունը:
Թանգարանային կրթության կենտրոնն իր գործունեությունը կսկսի այս տարվա նոյեմբերի վերջին: Մեկնարկին զուգահեռ ցանկություն կա կազմակերպել «Թանգարանային կրթության շաբաթ» խորագրով միջոցառումների շարք:
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղյակ է կառույցի ստեղծման մասին և, նախաձեռնողների խոսքով, կաջակցելիԹանգարանային կրթության կենտրոնի ծրագրերի իրականացմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում