1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի տաղավարը հետաքրքրություն է առաջացրել Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսում

Հայաստանի տաղավարը հետաքրքրություն է առաջացրել Ֆրանկֆուրտի գրքի  
ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 66-րդ ցուցահանդեսում: Մեր երկիրը հոկտեմբերի 8-12-ն առանձին տաղավարով մասնակցել է այս կարևոր իրադարձությանը, և հայկական տաղավարում այցելուների պակաս չի եղել:

Հայաստանյան տաղավարում ներկայացվել են ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակությունների կողմից վերջին տարիներին հրատարակված լավագույն նմուշները: Առանձին հատվածով ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքերը:

Հայաստանյան պատվիրակության կազմում են եղել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Զանգակ», «Անտարես», ԵՊՀ-ի հրատարակչությունների ղեկավարները, Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի ներկայացուցիչները և ոլորտի այլ մասնագետներ:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, հոկտեմբերի 17-ի ասուլիսին խոսելով Գրքի ցուցահանդեսին մասնակցության արդյունքների մասին նշեց. «Այս տարի հայկական տաղավարում տեղի ունեցավ երկու գրքի շնորհանդես: Ներկայացվեց հայկական խոհանոցի վերաբերյալ Սուսաննա Սարգսյանի «Խոհանոցային ճամփորդություն Հայաստանով» գիրքը: Հեղինակը բնակվում է Գերմանիայում: Գիրքը հրատարակել է գերմանական հրատարակչությունը: Բացի այդ, տեղի ունեցավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գրքի շնորհանդեսը: Իրադարձությանը մասնակցեց նաև հեղինակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ներսես Տեր-Վարդանյանը:


Մշակույթի փոխնախարարի խոսքով՝ հայկական տաղավարում ցուցահանդեսին ներկայացված է եղել մի քանի հարյուր գիրք: «Հիմնականում շեշտադրումն այն գրքերի վրա էր դրված, որոնք հրատարակված են նաև այլ լեզուներով: Արտասահմանում ապրող հայերը հիմնականում հետաքրքրվում էին լեզվին, երկրի մշակույթին ու պատմությանը վերաբերող գրքերով, օտարերկրացիները՝ ժամանակակից գրողների ստեղծագործություններով: Պրոֆեսոնալ դաշտը հետաքրքրվում էր այն նյութերով, որոնք կարող են թարգմանվել այլ լեզուներով»,- նշեց Ներսես Տեր-Վարդանյանը:

Նրա խոսքով՝ հայկական տաղավարում մեծ ակտիվություն էր տիրում, և այցելուների թիվը մեծ էր: «Առանձին քննարկում տեղի ունեցավ «Ցեղասպանության կանխման գործում գրականության դերը» խորագրով, որին մասնակցեցին «Բելգե» հրատարակչության ղեկավար Ռագիփ Զարաքոլուն և թուրք գրող Գուլչիչեկ Գյունել Թեքինը: Քննարկումը բավականին ակտիվ անցավ: Միջազգային հարթակներում նման քննարկումներ շատ են լինելու: Ցուցադրվող գրքերին զուգահեռ՝ այս թեմայով քննարկումներ կանցկացնենք: Վստահ եմ, որ ասելիք շատ կլինի ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև այլ ցեղասպանությունների մասին: Երևույթը պետք է դիտարկել որպես հանցագործություն` ցեղասպանությունները կանխելու համար:  Լռելը հաջորդի հիմք է տեղծում»,- նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ հարևան Ադրբեջանի տաղավարում քաղական թեմաներով գրքերն ավելի շատ էին, քան գեղարվեստականները: Հայկական տաղավարում ամեն ինչ այլ էր՝ գերակշռում էին գեղարվեստական գրքերը:

Հայաստանն ավանդաբար մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը խոշորագույնն է աշխարհում` ներկայացված երկրների և մասնակիցների թվով: Հաջորդ տարի Հայաստանը կմասնակցեցի նաև Փարիզի, Լոնդոնի, Մոսկվայի, ինչպես նաև Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]