Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ եւ օտարազգի ռեժիսորները տասնյակից ավելի ֆիլմեր կնվիրեն Հայոց ցեղասպանության տարելիցին

Հայ եւ օտարազգի ռեժիսորները տասնյակից ավելի ֆիլմեր կնվիրեն Հայոց 
ցեղասպանության տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նկարահանվում են մեկ տասնյակից ավելի կինոնկարներ: Հայ եւ օտարազգի բազմաթիվ ռեժիսորներ և ստեղծագործական խմբեր իրենց ֆիլմերի միջոցով աշխարհին և միջազգային հանրությանը կփորձեն կրկին հիշեցնել պատմության ամենասոսկալի և ողբերգական էջերից մեկի՝ Հայոց Ցեղասպանության մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ընդգծեց, որ կառույցը շատ է կարևորում ցեղասպանության թեմատիկան:

«Կինոկենտրոնը շատ ծրագրեր ունի, նկարահանվում և նկարահանվելու են ցեղասպանության թեմայով մի շարք ֆիլմեր: Բավականին շատ ֆիլմեր կան, որոնք համատեղ արտադրության՝ արտասահմանյան և հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության արդյունք են: Մենք մի շարք ֆիլմեր են ներկայացնելու հանրությանը, որոնցից  բոլորն արտադրական տարբեր փուլերում են»,-նշեց նա:

Գևորգյանի խոսքով՝ մեկ տասնյակից ավելի կինոնկարներից 2015 թվականին մոտավորապես 7-8 ֆիլմ պատրաստ կլինի: «Դրանք ամենատարբեր կինոնկարներ են՝ անիմացիոն, վավերագրական, գեղարվեստական: Մենք բավականին լավ ֆիլմեր կունենանք»,-հավելեց նա:

Նկարահանվող կինոնկարներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է և կարևոր իր նշանակությամբ:

Գևորգ Գևորգյանն «Արմենպրես»-ին ներկայացրեց ցեղասպանության թեմատիկայով 100-րդ տարելիցին ընդառաջ նկարահանվող կինոնկարները:

«Հիշատակի պատը» («Փրկության քարտեզ»), վավերագրական ֆիլմ

Արտադրող կազմակերպությունն է «Ման փիքչերս ստուդիո»-ն: Սցենարի հեղինակներն են Գնել Նալբանյանը, Համբարձում Համբարձումյանը, Արծվի Բախչինյանը:Բեմադրող ռեժիսորն է Արամ Շահբազյանը:

Ֆիլմը մահվան ու կյանքի, ոչնչացման ու փրկության, բռնության ու մարդասիրության պայքարի, կյանքի ու հաղթանակի մասին է: Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ միսիոներ կանայք են: Այդ կանանց հայտնվելն Արևելյան Անատոլիայի պատմական Հաայաստան փրկության շրջադարձ է եղել հայության մի ստվար հատվածի համար: Ֆիլմը վարելու է դանիացի հանրահայտ պատմաբան Մատթեաս Բյորնլանդը: Ֆիլմի խորհրդատուներից է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Բանտարկված հոգիներ», վավերագրական ֆիլմ  

Արտադրող կազմակերպությունն է «Բարս մեդիա ստուդիա»-ն: Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորն է Վարդան Հովհաննիսյանը:

Տարեց մարդը. դատարկ սենյակում նստած, խոսում է իր մանկության մասին: Ալեհեր մարդու հայացքում կարծես մի փոքրիկ տղա է արթնանում: Ծերունին վերափոխվում է մի տղայի, որը վազում է Օսմանյան Թուրքիայում գտնվող իր հայրենի գյուղի արահետներով: Ալեհեր ծերունին և փոքրիկ տղան պատմում են 1915 թվականի այն խավար օրերի պատմությունը…ընտանիքի, սիրո, հավատարմության ատելության, սպանության, կորստի և ներելու կարողության մասին:

 «Մշո ճառընտիր», անիմացիոն ֆիլմ

Արտադրող կազմակերպությունն է «Արտ ստեպ ստուդիա»-ն:Սցենարի հեղինակը և ռեժիսորն է Սերժ Ավետիքյանը:

Թողարկումից հետո 15 րոպեանոց ֆիլմն ընդգրկվելու է ռուսական «Comer Work» ստուդիայի «WW1» ֆիլմ-ալմանախի ծրագրում, որն առնչվում է 1914-18 թթ իրադարձություններին: Այս իրական և անհավատալի պատմությունն արդեն լեգենդ է դարձել, իսկ Ճառըտիրը փրկող կանայք՝ հերոսներ:

«Ցեղասպանության հավերժական վիշտը», վավերագրական ֆիլմ

Սցենարի հեղինակը և ռեժիսորը Մարտին Մահդալն է: Այն հովանավորում է Չեխիայի հեռուստատեսությունը:

Ֆիլմը ներկայացնելու է հայ ժողովրդի պատմության դաժան էջերի վերաբերյալ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի աշխատությունները, որում արտացոլվում են լուսանկարներ և գրառումներ:

«Դաշտը», գեղարվեստական ֆիլմ

Սցենարի հեղինակները և բեմադրող ռեժիսորներն են Արսեն Ազատյանը և Նարինե Մկրտչյանը: Արտադրող կազմակերպություններն են «Այսօր պլյուս»-ը և «Կոստալեյշն ֆակտորի»-ն (Ֆրանսիա):

Գերմանացի ռազմական բժիշկը, լուսանակարելով Թուրքիայի արևելյան մասում կառուցվող երկաթգծի շինարարությունը, ականատես է լինում հայ բնակչության բռնի տեղահանումներին, կոտորածներին: Նա թաքուն լուսանկարում է հայերին: Բժշկին, ցավոք, հաջողվում է փրկել քիչ թվով մարդկանց:

Դերասանների ընտրությունը կատարվել է Գերմանիայում և Հայաստանում:

«Մեր ատլանտիդան», վավերագրական ֆիլմ

Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորն Արթուր Սուքիասյանն է:

Ֆիլմը Պոլսի հայկական ճամբարի մասին է, որը կառուցվել էր որբերի կողմից 1960-ական թվականներին, ապա խլվել թուրքական իշխանությունների կողմից: Սա ճամփորդություն է ճամբարի անցյալի և ներկայի միջև, որը ցույց է տալիս, թե ինչպես երեք տասնամյակ անց ճամբարի սաները փորձում են չկորցնել դրա մասին իրենց հիշողությունները: Երբ ֆիլմում ներկայացվում են գլխավոր հերոսի անձնական պատմությունները և հուշերը ճամբարի մասին, մեկ այլ՝ ավելի մեծ պատմություն է սկսում բացահայտվել:

«Իմ քաղաքի առասպելը»,  գեղարվեստական ֆիլմ

Սցենարի համահեղինակը և բեմադրող ռեժիսորը Վիգեն Չալդրանյանն է:

Պրոֆեսոր Էդգար Նովենցը Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման ընթացքում հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վերհանել մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը, գեղարվեստական նրբին ու զուսպ միջոցներով լույս սփռել նրա մեծ լռության վրա: Տեսիլքների միջոցով նա անցնում է նաև Մեծ եղեռնի պատկերների ճանապարհով:

«Մի խելագարի պատմություն», գեղարվեստական ֆիլմ

Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ռոբեր Գետիկյանն է:

Երիտասարդ մարսելցի Արամը Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան, որի հետևանքով ծանր վիրավորվում է ավտոմեքենայի կողքով անցնող երիտասարդ հեծանվորդը: Արամը փախչում է Բեյրութ և միանում 80-ականներին գործող Արևմտյան Հայաստանի ազատագրման շարժմանը, իսկ նրա մայրը ներողություն է խնդրում հեծանվորդ Ժիլից՝ ամբողջ հայ ազգի անունից:

«Երկար վերադարձ» , գեղարվեստական ֆիլմ

Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Շավարշ Գևորգյանն է:

Ամուսնուն և երեխաներին կորցրած Սոնան այլընտրանք չունի, բացի զենք վերցնելուց և կռվելուց: Ֆիլմում զուգահեռներ է անցկացվում Սոնայի պապի՝ 1915 թվականին գերդաստան կորցրած և ազատության համար կռիվ մղած Վարդաի հետ: Ֆիլմը հիմնված է իրական փաստերրի վրա:

«Քարվաճառ», վավերագրական ֆիլմ

Ֆիլմի պրոդյուսերը Թաղի Ալիղոլիզադեհն է:

20-րդ դարի մեծագույն ցեղասպանությունն ապրած ավելի քան 70 տարի ադրբեջանական ազգայնական քարոզչամեքենայի տակ գոյատևող և ապա իր իսկ կամքով ազատություն և անկախություն կերտած արցախցին անհողդողդ է, և այսօր ապրում ու արարում է: Արցախի իրական կյանքն է, ազատատենչ արցախցու ինքնուրույն կյանք վարելու իրավացի պահանջը:

«Ուելս-Հայաստան», փաստավավերագրական ֆիլմ

Արտադրող կազմակերպությունն է «ՌԿ ինտերթենմենթ»-ը (ԱՄՆ): Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ռուբեն Քոչարն է:

Ֆիլմը պատմում է այն մարդկանց մասին, որոնց շնորհիվ Ուելսում իրականացավ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Առանցքային է դառնալու Ուելսի Սուրբ Դավիթ եկեղեցու հայր Պատրիկ Թոմասի և Միացյալ Թագավորության հոգևոր հայր Վահան Հովհաննիսյանի կապը, որոնց շնորհիվ էլ նահանգում ընդունվել է ցեղասպանության ճանաչման փաստը:

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]