Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Կովկասյան ընձառյուծը` ներշնչանքի աղբյուր. նոր գիրք հազվագյուտ կենդանու մասին


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խիստ հազվագյուտ կովկասյան ընձառյուծի պահպանությանը նոր աշխատանք է նվիրվել: Այն արտացոլում է ինչպես Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, այնպես էլ հրաշագեղ այդ կենդանատեսակի պահպանության ուղղությամբ WWF-Հայաստանի բազմամյա, օգտակար ու հետևողական ջանքերը: «Մոտ երկու տարի աշխատել եմ վեցերորդ գրքիս վրա: Բնության և կենդանական աշխարհի թեմայով ստեղծագործելը իմ ստեղծագործական գործունեության առանցքն է, որին մեծապես նվիրված եմ», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Լռության գինը» գրքի հեղինակ Առլեն Շահվերդյանը:

«Լռության գինը» բնաճանաչողական և բնապահպանական բովանդակությամբ նոր գրքի առանցքում  մարդ-բնություն ներդաշնակ հարաբերության կարևորումն է: Գրքում նշվում է բնության նկատմամբ հոգատար ու խոհեմ վերաբերմունքի խիստ անհրաժեշտությունը: Լռությունը, անտարբերությունը անպաշտպան են թողնում վայրի բնությանը, հաճախ լռության գինը վայրի բնության խաղաղ ու անվնաս գոյության վտանգումն է:

 «Լռության գինը» հեղինակի երկրորդ գիրքն է, որը լույս է ընծայվել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) ֆինանսական աջակցությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ:

Առյուծ կենդանատեսակին նվիրված «Ապրելու իրավունք» վերնագրով Առլեն Շահվերդյանի նախորդ գիրքը  2011 թ. նույնպես լույս է տեսել WWF-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ : Այն նվիրաբերվել է մասնագիտական կառույցներին, կրթական հաստատություններին, գրանցվել գրադարաններում, այդ թվում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում:

«Լռության գինը» գիրքը, որը տպագրել է «Սամարկ» տպագրատունը, ենթակա չէ վաճառքի, այն չունի կոմերցիոն նպատակ և որպես նվիրատվություն տրամադրվելու է մասնագիտական շրջանակներին, բնասերներին: Գրքի առցանց ամբողջական տարբերակը բաց տեղադրված է Առլեն Շահվերդյանի հեղինակային բլոգ-կայքում (http://arlenshah.wordpress.com) և հասանելի է բոլոր ընթերցասերներին: Գիրքը կարելի է գտնել նաև Հայաստանի ազգային գրադարանում և Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ