Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

Առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագիծն անդրադարձել է Մալայանների ընտանիքին

Առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագիծն անդրադարձել է 
Մալայանների ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի նպատակն է ներկայացնել Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ ու գնահատելի աշխատանքը: Նախագծի հինգերորդ թողարկումը նվիրված է Մալայանների բժշկական ընտանիքին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Մալայանների բժշկական ընտանիքի հարուստ պատմությունը ներկայացնում է երրորդ սերնդի ներկայացուցիչը` Ալեքսանդր Մալայանը, ով ստեղծման իսկ օրից աշխատում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, 1999 թվականից ղեկավարելով կենտրոնը:

Ալեքսանդր Մալայանը 90-ականների սկզբին զարկ տվեց հայ ակնաբուժության զարգացմանը` ներդնելով միջազգային նոր գիտելիքներ և փորձ հետխորհրդային Հայաստանում։ «Ես հայրիկիս եմ շնորհակալ բժիշկի մասնագիտությունն ընտրելու համար, որովհետև գաղտնիք չէ, որ բժշկի և ուսուցչի հանդեպ թե՛ Հայաստանում, թե՛ առհասարակ աշխարհում, վերաբերմունքը մի քիչ այլ է: Բժիշկ լինելը մեծ պատասխանատվություն է և մեծ պատիվ: Ես հաճախ կրկնում եմ Հիպոկրատի խոսքերը` «Աստված տվել է մարդուն երկու ծունկ, որ առաջինը խոնարհի իր առջև, երկրորդը` բժշկի»,-ասում է Ալեքսանդր Մալայանը:

Մալայանների ակնաբուժական հայտնի տոհմի հիմնադիրը Թբիլիսիում մեծ համբավ ունեցող ակնաբույժ, պրոֆեսոր Արտաշես Գրիգորի Մալաևն է: Մալայանների ազգատոհմի մեջ ընդգրկված են թե՛ Մալայանները, և թե՛ Մալաևները, որոնք միասին ծնունդ են տվել ակնաբույժների միանգամից մի քանի սերունդների: 

Մալայանների բժշկական ընտանիքի առաջին սերնդի ներկայացուցիչը Արտաշես Մալաևն է:  «Նա իմ պապիկի հորեղբայրն էր, ով պրոֆեսոր էր: Մալաևը Թբիլիսիում հայտնի էր որպես բժշկական համալսարանի երկու ամբիոնների պրոֆեսոր, ղեկավարում էր ակնաբուժության ամբիոնը, ինչպես նաև «Տոպոգրաֆիկ անատոմիայի և պլաստիկ վիրաբուժության» ամբիոնի վարիչն էր: Արտաշես Մալաևը Թբիլիսիում սեփական մեծ ակնաբուժական հիվանդանոց ուներ, մասնավոր գործունեությանը զուգահեռ նաև դասավանդում էր բուհում: Ակնաբույժ էր նաև Արտաշես Մալաևի հորեղբորորդին՝ Անդրանիկ Մալաևը, ով աշխատում էր առաջնային բուժօղակում: Նրանք մեր բժշկական ընտանիքի առաջին սերունդն են»,-ներկայացնելով իրենց բժշկական ընտանիքի պատմությունը՝ նշում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը: 

Պրոֆեսոր Արտաշես Մալաևը զավակներ չուներ, նրա եղբորորդին՝ Ալեքսանդր Մալաևը, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է Հեմհոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը, բուհի բաժնի ղեկավարն էր, Մոսկվայում ճանաչված ակնաբույժ: «Նա և հայրս՝ Սերգեյ Վարդանի Մալայանը, ներկայացնում են բժշկական մեր ընտանիքի երկրորդ սերունդը: Քանի որ Արտաշես Գրիգորևիչը զավակներ չուներ, կարելի է ասել հայրս և Ալեքսանդր Մալաևը նրա հոգեզավակներն էին: Հորաքույրս՝ Վարվառա Մալայանը, ևս ակնաբույժ էր, նա ապրում էր Թբիլիսիում»,-պատմում է Ալեքսանդր Մալայանը: 

Սերգեյ Մալայանը ծնվել է 1923 թվականին, Թբիլիսիում: Դպրոցն ավարտելուց հետո նա ցանկանում էր դառնալ ինժեներ, սակայն հաշվի առնելով Արտաշես Մալաևի հեղինակավոր կարծիքը՝ որոշել է ընդունվել Թբիլիսիի բժշկական ինստիտուտ: Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի թանգարանում մինչև այժմ պահպանվում են այն մեթոդները, որոնք պրոֆեսոր Մալաևի էսքիզների հիման վրա մշակել է Սերգեյ Մալայանը: Սերգեյ Մալայանը 1953թ.-ին տեղափոխվել է Երևան և ընդունվել օրդինատուրա՝ բժշկական ինստիտուտի «Աչքի հիվանդություններ» ամբիոնում: Թեկնածուական դիսերտացիան պաշտպանել է 1958 թվականին: Նա հեղինակել է տեսողության ստուգման հայերեն աղուսյակը: 

Բժիշկի մասնագիտությունն ընտրելով՝ Սերգեյ Մալայանը հրաժարվեց Թբիլիսիում մնալու գայթակղիչ հնարավորությունից և իր հորեղբայր Արտաշեսի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկայում աշխատելուց։ Կարդալով հայաստանյան «Կոմունիստ» թերթի հայտարարությունը, որտեղ մրցույթ էր հայտարարվում ակնաբուժության գծով ասպիրանտուրա ընդունվելու համար, նա ուղևորվեց Երեւան: «Հայրս, թեև մեծ հեռանկարներ ուներ Թբիլիսիում, բայց նախընտրեց բժշկական գործունեությունը շարունակել Երևանում: Նա, թողնելով Թիֆլիսում պապիկիս պատկանած այդ ամբողջ մասնագիտական և նյութական ժառանգությունը, որոշեց գործել ինքնուրույն. ամեն ինչ սկսեց զրոյից: Պապիկս՝ Վարդան Մալայանը, զոհ գնաց 1937թ. ստալինյան ռեժիմին: Բոլորը՝ այդ թվում հարազատները, ծանոթներն ու ընկերները, երես էին թեքել: Այդ էր պատճառը, որ 14-ամյա Սերգեյ Մալայանը սկսեց աշխատել, որպեսզի պահեր ընտանիքը: Մեր ընտանիքի խնամքը իր վրա վերցրեց պրոֆեսոր Արտաշես Մալաևը, տատիկս, հորաքույրս և հայրս փրկվեցին հենց նրա շնորհիվ: Սերգեյ Մալայանի ակնաբուժական գործունեությունը սկսեց Բայազետից, ներկայիս Կամոյի շրջանից, որտեղ նա աշխատում էր` որպես ակնաբույժ: 

Այն ժամանակ Հայաստանում տարածված էր տրախոման, նա մասնակցեց այդ հիվանդության դեմ պայքարին, հետո վերադարձավ Երևան և ընդունվեց ասպիրատուրա, նա ընդամենը 30 տարեկան էր: Իհարկե, նրա առաջին ուսուցիչը Արտաշես Մալաևն էր: Հայրս երկու-երեք տարի աշխատեց այնտեղ, զուգահեռ նաև ակնաբուժական առաջին հիվանդանոցում, որը հիմա համալսարանական կլինիկան է, որը հիմնադրվել է Նուբար փաշայի կողմից, ի հիշատակ իր կույր դստեր»,- շարունակում է պատմությունը Ալեքսանդր Մալայանը: 

Աշխատելով Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտում՝ Սերգեյ Մալայանն անցել է երկար ճանապարհ՝ ուսանողից մինչև աչքի հիվանդությունների ամբիոնի ղեկավար: Մալայանը ռուս-լատինական եզակի բառարանի, հիսուն գիտական աշխատանքների, ինչպես նաև «Ֆիզիոլոգիական օպտիկայի և աչքի անատոմիա» դասագրքի հեղինակն է: Մեծ է Սերգեյ Մալայանի ներդրումը Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում: Երևանի ակնաբուժական կենտրոնը կազմավորվել է 1978թ. Հայաստանի գլխավոր ակնաբույժ Սերգեյ Մալայանի գլխավորությամբ` Հանրապետական տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի բազայի վրա (1952թ.): Այդ իսկ պատճառով Ակնաբուժական կենտրոնը 1998թ. կրում է առաջադեմ գիտնականի և բժշկի անունը: Այսօր Հայաստանում այն ամենախոշոր ակնաբուժական կենտրոնն է, որտեղ աշխատում են 200-ից ավելի աշխատակիցներ: Մասնագետներից շատերը որակավորվել են արտասահմանում և միջազգային արտոնագրեր ստացել:

Վերջին տասնամյակում բազմաթիվ վիրահատություններ, բուժման մեթոդներ ներդրվեցին կենտրոնում, որոնք այնպիսի խնդիրներ են լուծում, որոնց մասին 10 տարի առաջ չէին էլ կարող երազել: Ներկայումս գրեթե չկա վիրահատության այնպիսի ձև, որը չիրականացվի Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Կենտրոնի շինարարությունը սկսվեց 1972թ.: Կենտրոնը կառուցվում էր կույրերի միավորման վաստակած միջոցներով։

«Հայաստանում նման մեծ, հատուկ մասնագիտացված բուժհաստատություն չկար: Կենտրոնը կառուցվել է առողջապահության նախարարության աջակցությամբ, նախագիծը հայրս էր հաստատել, 1978թ. մարտին բացումն էր, իսկ հայրս մահացավ նույն թվականի օգոստոսին, այսինքն` նա այստեղ աշխատեց երկու-երեք ամիս: 1978 թվականի հունիսի 7-ին Մալայանը առաջին` կատարակտի վիրահատությունը կատարեց նոր շենքում»,-նշեց պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը: 

Մալայանների ակնաբուժական մեծ ընտանիքի երրորդ սերունդը Ալեքսանդր Սերգեյի Մալայանն է: Նա ծնվել է 1948թ. հուլիսի 17-ին, Թբիլիսիում: Երևանի Պուշկինի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: Ալեքսանդր Մալայանը 1972-1975թթ. եղել է ՀՍՍՀ Վարդենիսի շրջանի բուժմիավորման ակնաբույժը: 1975-1977թթ. սովորել է ԵրՊԲի-ի Աչքի հիվանդությունների կլինիկական օրդինատուրայում: 1977-78թթ.-ին աշխատել է ոպրես ակնաբույժ՝ Երևանի 5-րդ բուժմիավորումում: Ալեքսանդր Մալայանը 1978թ.-ից աշխատում է ԵՊԲՀ-ի «Աչքի հիվանդությունների» ամբիոնում, սկզբում որպես ասիստենտ, իսկ առայսօր պրոֆեսոր, ամբիոնի վարիչ: Ալեքսանդր Մալայանը 1982 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: 1978թ. մինչև այսօր Ալեքսանդր Մալայանը աշխատում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Սկզբում որպես բաժանմունքի վարիչ, այնուհետև՝ բուժական գծով տնօրեն, իսկ այժմ՝ տնօրեն: 

Ալեքսանդր Մալայանը 90-ականների սկզբին զարկ տվեց հայ ակնաբուժության զարգացմանը` ներդնելով միջազգային նոր գիտելիքներ և փորձ հետխորհրդային Հայաստանում։ Չգնահատել և չտեսնել այս զարգացումը անհնար է։ Առաջին անգամ Հայաստանում կլինիկական պրակտիկայում նա ներդրել է հետևյալ միկրովիրաբուժական մեթոդները` կատարակտի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ, ֆակոէմուլսիֆիկացիա, մեծահասակների ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվասում /կերատոպլաստիկա/, ապակենման մարմնի փոխանակում (վիտրեկտոմիա):

1986թ.-ից ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժն է: 1996թ.-ից Հայ-ամերիկյան ակնաբուժություն մարդասիրական ծրագրի բժշկական տնօրենն է: Ալեքսանդր Մալայանը 2000թ. պաշտպանել է դոկտորական թեզը՝ «ՀՀ բնակչությանը ավտոալմոտրավմատոլոգիական օգնության արդյունավետության բարձրացմանը միտված կազմակերպական միջոցառումների համալիր ծրագիր» թեմայով: 

Անվանի ակնաբույժը հրատարակել է 140 հոդվածներ, մեկ մենագրության, 2 ռացիոնալիզատորական առաջարկության, 5 գյուտի, ավելի քան 35 գիտական աշխատանքի, մեթոդական ցուցումների, բազմաթիվ ուսումնական ձեռնարկների հեղինակ է: 

«Ես երրորդ սերունդն եմ, ակնաբույժների մեծ ընտանիքի վեցերորդ ներկայացուցիչը: Ճակատագրից հեռու չես գնա, քանի որ մանկական տարիքից պապիկիս տանն եմ եղել՝ մասնագիտական գրականություն, բժշկական սարքավորումներ, մի խոսքով մեծացել եմ այդ մթնոլորտում: Դպրոցական տարիներին չէի ուզում բժիշկ դառնալ: Մեր դասարանում էր սովորում Վիգեն Մալխասյանը, ում հայրը հայտնի վիրաբույժ էր: Նա գնում էր հոր մոտ վիրահատության, 10-րդ դասարանում էինք, ինձ ևս տարավ իր հետ, հայրը ստամոքսի ռեզեկցիա պետք է աներ: Գնացինք վիրահատարան, մարդ չկար, վիրաբուժական թիմն էր և մենք երկուսով, այն ժամանակ հասկացա, որ իմ ճակատագիրը դա է: Ուսումնառության առաջին տարիներին չէի կողմնորոշվում՝ ակնաբույժի, թե վիրաբույժի նեղ մասնագիտությունն ընտրեմ: Հատկապես որ հանդիպել էի փայլուն վիրաբույժների, ի դեմս Հարություն Մինասյանի, Վիգեն Մալխասյանի…Լատինական մի ասացվածք կա, թարգմանաբար կհնչի հետևյալ ձևով` «քանի դեռ մարդը աշխատում է, մտածում է, նա կգոյատևի, եթե ոչ, սկսվում է կանգ, ապա՝ հետընթաց, և կանգնել չի կարելի»: Սրանք սոսկ բառեր չեն, այդպես է մասնագիտության ընտրության առումով: Ես հայրիկիս եմ շնորհակալ, որ դարձա բժիշկ, որովհետև գաղտնիք չէ, որ բժշկի և ուսուցչի հանդեպ թե՛ Հայաստանում, թե՛ առհասարակ աշխարհում, վերաբերմունքը մի քիչ այլ է: Բժիշկ լինելը մեծ պատասխանատվություն և մեծ պատիվ է: Ես հաճախ կրկնում եմ Հիպոկրատի խոսքերը` «Աստված տվել է մարդուն երկու ծունկ, որ առաջինը խոնարհի իր առջև, երկրորդը` բժշկի»,- ընդգծում է ակնաբույժը: 

Առողջապահական համակարգում ունեցած մեծ ավանդի համար Ալեքսանդր Մալայանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում ՝ «Մխիթար Հերացի» մեդալի: Ալեքսանդր Մալայանը կարևորում է նաև իր աշխատանքը «Հայկական ակնաբուժական նախագծի» շրջանակում: Նա կարևորեց դեռևս երկրաշարժի տարիներին իր և Ռոջեր Հովհաննիսյանի բարեգործական համատեղ ծրագիրը, որի շնորհիվ վերականգնվեց հազարավոր մարդկանց աչքի լույսը: «1989թ.-ին մարդասիրական կազմակերպության հրավերով մեկնեցի ԱՄՆ, փոխնախագահը հայ ակնաբույժ էր: Այնտեղ ծանոթացա Ռոջեր Հովհաննիսյանի հետ: Դժվար տարիներ էին՝ երկրաշարժ, պատերազմ: Այդ ժամանակ ստեղծված այս նախագիծը չափազանց պահանջված էր. չէինք հասցնում վիրահատել»,- պատմում է Ալեքսանդր Մալայանը: 

Մալայանների բժշկական գերդաստանի չորրորդ սերնդի ներկայացուցիչը Ելենա Ալեքսանդրի Մալայանն է: Նա ղեկավարում է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «Նորագույն ախտորոշման և լազերային բուժման» բաժանմունքը: «Ինձ մոտ երբեք կասկած չի առաջացել, թե ինչ մասնագիտություն ընտրեմ: Ինձ համար հստակ էր, որ պետք է բժիշկ դառնամ: Հենց ակնաբույժ դառնալը, թե մեկ այլ մասնագիտություն ընտրելը, միանշանակ, պայմանավորված էր միջավայրով, ընտանեկան ավանդույթներով, որովհետև առկա էր շարունակական շփում բուժաշխատողների հետ: Ցավոք, պապիկիս լավ չեմ հիշում, որովհետև փոքր էի, երբ մահացավ, բայց մայրս էլ է բժիշկ, հայրս էլ, ումից էլ ինձ է փոխանցվել ակնաբուժության հանդեպ իմ հետաքրքրությունը: Մանկուց շատ էի սիրում թեկուզ առանց հասկանալու, մասնագիտական գրքեր, նկարներ թերթել: Ինձ համար մեծ հպարտություն ու երջանկություն է իմ ծնողների գործը շարունակելը: Մեծ պատասխանատվություն է «Մալայան» ազգանունը կրելը»,-նշում է Ելենա Մալայանը:

Ելենա Մալայանը լայն պրոֆիլի ակնային միկրովիրաբույժ է՝ տիրապետում է կատարակտի, կեռատոպլաստիկայի, կեռատոկոնուսի վիրահատական բուժման բոլոր եղանակներին: Նա մեր երկրում ռեֆրակցիոն վիրաբուժության առաջատար մասնագետներից է: Նա առաջին անգամ Հայաստանում կիրառեց LASIK վիրաբուժական մեթոդը կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի ժամանակ: Անցած տարիների ընթացքում Ելենա Մալայանը կատարել է շուրջ 4000 ռեֆրակցիոն միջամտություններ: «Իմ ավագ դուստրը` Զառա Մալայանը, բժիշկ չէ մասնագիտությամբ, սակայն մեծ դեր է խաղում մեր ակնաբուժական ընտանիքում: Լինելով մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի գծով իմ տեղակալը նա կարևոր աշխատանք է կատարում մեր կենտրոնի աշխատանքների առաջմղման գործում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս»,- ասում է Ալեքսանդր Մալայանը, ում գնահատմամբ` գործունեության այս տեսակն առանձնակի արդիական է մեր օրերում: Օտար լեզուների լավ իմացությունը, ստեղծարար միտքը և առաջատար դիրք գրավելու ձգտումը համապատասխանում են միջազգային չափանիշներին և հնարավորություն են ընձեռում գործարար կապեր հաստատել գործընկերերի հետ, ինչպես նաև իրականացնել արդյունավետ մարքեթինգ կենտրոնի համար անհրաժեշտ նոր սարքավորումներ, գործինքներ գնելու, միջազգային ծրագրերի, մասնագիտական համաժողովների մասնակցելու գործում: 

Ակնաբույժների այս մեծ ընտանիքի հինգերորդ սերնդի ներկայացուցիչը Սուսաննա Նահապետյանն է՝ Ելենա Մալայանի դուստրը, ով սովորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսում: Հինգերորդ սերնդի ներկայացուցիչներից է նաև պրոֆեսոր Մալայանի դստեր՝ Զառա Մալայանի որդին՝ Էդվարդ Բաբայանը, որը ևս բժշկական համալսարանի ուսանող է` Մալայանների բժշկական տոհմի առայժմ ամենաերիտասարդ բժիշկ-շարունակողը: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]