Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

«Ականատեսը». Ապրում էին Կարսում, ինչպես դրախտում


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և նրա սահմաններից դուրս հանրության լայն շրջանակների ուշադրությունը գրաված «Արմենպրես» լրատվական գործակալության արդեն մեկ ու կես տարվա կենսագրություն ունեցող «Ականատեսը» հատուկ նախագիծը կարճատև դադարից հետո վերսկսում է իր ընթացքը` այս անգամ  ներկայանալով հավատարիմ ընթերցողին Հայոց ցեղասպանության` Հայաստանի տարածքում բնակվող վերջին ականատես-վերապրողների պատմություններով:

Նախագծի հերոսուհին 1915 թվականին Կարսում ծնված Մարգարիտ Մխիթարյանն է: Նա, ինչպես ինքն է բնորոշում, Կարսի կողքի գյուղից է, որի անունը չի հիշում: Ջարդերը սկսվելուն պես ծնողները վերցնում են նրան և եղբորը` գաղթելով Արևելյան Հայաստան: Մարգարիտն այդ ժամանակ ընդամենը մի քանի ամսական էր, եղբայրը երեք տարեկան` «բաց գույնի մազերով»: Նա մորից է լսել, որ եղբոր շեկ լինելու պատճառով դեմքին մուր են քսել, որ թուրքերը չտանեն իրենց հետ: Կարսից պատմության հերոսուհու վերհուշը հարուստ չէ: Հիշողության մեջ դաջվել է տեղի ժողովրդի շրջանում հայտնի, իրեն էլ մորից փոխանցված աղոթք, որն առ այսօր հիշում է:

...Ճրագ, ճրագ, ճշմարիտ, Ճշմարխոտիկ Մարտիրոս,

 Իմ սիրելի Քրիստոս, Քրիստոս հեծավ ձին ու ջորին,

Գնաց արդար վեր քաղաք,

Բերեց լուսեղեն պսակ:

Տունը կար` երկաթ էր,

Բոլորը վեր պողպատ էր:

Սուրբ Հռիփսիմեն քնած էր,

Սուրբ Կարապետն արթուն էր,

Մասիսը վեր պռնկին էր,

Քաջ գավազան դռան փակ էր,

Թազա հացի հոտն ընկավ,

Հելեք, տեսեք` ով եկավ ...

«Կարսն իրենց համար դրախտային երկրր է եղել: Իրենք շատ լավ են ապրել այնտեղ, հարուստ են եղել»,- պատմում  է  հերոսուհու աղջիկը` Գայանեն: Նրա խոսքով` մայրը, թեև կրթություն չի ստացել, սակայն հմուտ դերձակ է: Հագուստ, թե կարպետ նա կարողացել է վարպետորեն պատրաստել: «Մարդուն մեկ հայացք նետելը բավական էր, որ  կարողանար նրան համապատասխան հագուստ կարել»,-հավաստիացնում է դուստրը: Նրա խոսքով` ինչպես շատ գաղթականների, այնպես էլ իր մոր անցած ուղին դժվարություններով լեցուն է եղել:

Պատմական տեղեկանք

Կարս  (նաև՝ Ղարս), քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, Կարսի նահանգի մայրաքաղաքն է։ 1918 թ-ի ապրիլի 25-ին Անդրկովկասյան սեյմը լավ զինված կայազոր ունեցող Կարսն առանց կռվի հանձնել է թուրքերին. 1919 թ-ի մայիսին քաղաքն անցել է Հայաստանի առաջին հանրապետությանը (1918–20 թթ.): Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիվ հայեր, սակայն 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զորքերը, կրկին առանց դիմադրության, գրավել են Կարսը եւ կոտորել 8 հազար հայի: 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Կարսը հանձնվել է Թուրքիային: Ներկայումս Կարսը ունի 54 հազ. բնակիչ։ Նա մնացել է գավառական հետամնաց քաղաք և իր տնտեսությամբ ու մշակույթով, և արտաքին տեսքով։Կարսի պատմաճարտարապետական հուշարձաններից ամենաարժեքավորը Մայր եկեղեցին է (X դար):  Կարսում են ծնվել հայ մշակույթի ու գիտության մի շարք երախտավորներ, այդ թվում՝ բանաստեղծ Եղիշե Չարենցը: 


Նախագծի ստեղծագործական խումբը Մարգարիտ Մխիրաթյանի պատմությունը հավաքագրել է մայիսին: Հենց այս ժամանակահատվածը ցեղասպանության ականատեսն ասոցացնում է իր ծննդյան հետ: «Տատիկս իր ծննդյան օրն ու ամիսը հստակ չգիտի, ասում է ծնվել եմ մայիսի վերջին` ծաղկունքին»,- ասում է Մարգարիտի թոռնիկը` Մարիամը:

Նա բնակվում է Մոսկվայում, բայց երբեք առիթը բաց չի թողնում տարվա ընթացքում գոնե մեկ անգամ Երևան գալու` տատիկին տեսնելու համար: «Ամեն անգամ, երբ գալիս եմ, ասում եմ գոնե այս անգամ էլ տեսնեմ տատիկիս»,- անկեղծանում է թոռնուհին, ով տատիկին բնութագրում է որպես ուժեղ, խելացի և բարի կին:

Մարգարիտն ունի ութ երեխա: Նրանցից հինգն են այժմ կենդանի: Ամուսինն արմատներով Վանից է եղել:  Ականատեսն օրվա մեծ մասն անցկացնում է անկողնում: Մտածկոտ հայացքով է նայում դիմացինին, տարիքը չմատնող գեղեցիկ ձեռքերը նրբորեն գլխի տակ դրած: Ծերունական տարբեր խնդիրներ ունեցող, բայց իր տարիքի համեմատ ֆիզիկապես առողջ կինը 2015 թ. գարնանը կդառնա 100 տարեկան: Նա մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայի տարածքում տեղի ունեցած ոճրագործության հասակակիցն է:

«Ականատեսը» հատուկ նախագծի ստեղծագործական խումբը երևանյան շարքի առաջին մասն ամփոփել էր դեռ 2014 թ. հուլիսին:  

Մարգարիտ Մխիթարյանի հետ մեզ չէր հաջողվել կապ հաստատել իր բնակության վայրի` փողոցի (Կորեական-Ադանա) անվանափոխության պատճառով: Ականատեսին գտնելու հարցում մեզ աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանին:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արևիկ Գրիգորյանի




Այս թեմայով

... վերջին լուր "Ականատեսը" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ