Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունվար

Հայ դատի հանձնախումբը ԼՂ հարցի շուրջ Ֆրանսիայի աչքերը միշտ բաց է պահում

Հայ դատի հանձնախումբը ԼՂ հարցի շուրջ  Ֆրանսիայի աչքերը միշտ բաց է պահում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը 2015 թվականը համարում է հանգրվանային թե Հայոց ցեղասպանության հարցի արծարծման, թե Ղարաբաղյան հակամարտության շուրջ լուծումներ գտնելու առումով:  Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց հանձնախմբի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը, իրենք անընդհատ աշխատանք են տանում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը բանակցություններում հանդես գա որպես կողմ: «2015-ը արդյունքի պետք է հասցնի մեզ, ու Ղարաբաղի հարցը գլխավոր կետերից է, որպեսզի հասնենք խաղաղության ու արդարության: Մենք պետք է Ղարաբաղի` բանակցություններում կողմ լինելու հարցը միշտ բերենք սեղանի շուրջ: Որևէ ձևաչափով պետք է Ղարաբաղը լինի բանակցություններում ու բերի իր տեսակետները: Ֆրանսիան դեմ չէ, կարծում եմ»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Հարցին ի պատասխան, արդյոք Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը, ունի նախաձեռնություն Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև մշակելու, Մուրադ Փափազյանը նշեց. «Դժվար հարց է, քանի որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է, և Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հետ փնտրում է ուղիներ, որպեսզի վերջնական լուծում գտնվի խնդրի կարգավորման համար: Ֆրանսիան ցանկանում է արդար լուծում գտնվի, մենք միշտ ներկայացնում ենք իրականությունը, որ Ադրբեջանը հարձակողական կողմ է, որը հակախաղաղարարական գործությունեություն է ծավալում: Ֆրանսիայի աչքերը բաց են, այսինքն` գիտեն, որ Ադրբեջանն է հարձակվում, Ադրբեջանն է խանգարում, բայց դժվար է, քանի որ այլ կողմեր էլ կան, որոնք միաձայն չեն լուծման շուրջ»:

Նրա խոսքով` Ֆրանսուա Օլանդը ցանկանում է լուծում գտնել ու դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: «Մենք իր հետ քաղաքական 15 տարվա համագործակցություն ունենք, համակրանքը Հայ դատի շուրջ առկա է»,-հավելեց Մուրադ Փափազյանը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում: 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին եւ ոգուն: Հիմնախնդրի կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը:

Վերջերս ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը միացավ մյուս չորս նահանգներին` Լուիզիանային, Մեյնին, Մասաչուսեթսին և Ռոդ Այլենդին` ճանաչելով Արցախի անկախությունն ու ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը:

Անի Նազարյան




Այս թեմայով

youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ