«Երաժշտական ամառ» մանկապատանեկան նախագիծը կավարտվի Դիլիջանում
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության` Էդվարդ Միրզոյանի անունը կրող, Դիլիջանի ստեղծագործական տանն օգոստոսի 28-ին կանցկացվի «Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագրի եզրափակիչ փուլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախաձեռնության կազմակերպիչ Հայաստանի կոմպոզիտորների միությունից, միջոցառումը հնարավորություն տվեց ամռան ամիսներին սոցիալապես անապահով, մանկատների և առողջական խնդիրներ ունեցող մոտ 180 երեխաների անմիջականորեն առնչվել արվեստի հետ՝ մասնակցելով համերգային ծրագրի ու կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանի «Մոխրոտը» մյուզիքլին՝ Ք. Քուշնարյանի և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների և Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնի մասնակցությամբ: Այդ նախագծին արդեն իրենց աշխատանքներով մասնակցեցին «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնի և Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները՝ ներկացնելով իրենց նկարները, ձեռքի աշխատանքները: Երրորդ փուլում նրանց կմիանան նաև Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի սաները:
Երրորդ փուլում նախագծի մասնակիցները կստեղծեն գեղեցիկ աշխատանքներ՝ արվեստի տարբեր ճյուղերում, իսկ օրը կավարտվի տոնական համերգով, որը կանցկացվի Դիլիջանի Միրզոյանի անվան ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում:
Տոնական համերգին կմասնակցեն «Արևներ» մանկապատանեկան խմբի, Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի, Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան դպրոցի պարային ստուդիայի սաները, ինչպես նաև այդ համերգի հատուկ հյուր՝ երգչուհի Դալիթան:
Նախագիծն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման խորագիրն է «Երեխաները՝ երեխաների համար»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում