1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրք պատմաբանն ու լրագրողը Փարիզի գրադարանում Հայոց ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ են հայտնաբերել

Թուրք պատմաբանն ու լրագրողը Փարիզի գրադարանում Հայոց ցեղասպանության 
մասին նոր փաստաթուղթ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում անցկացվող ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ մինչ այժմ չհրապարակված փաստաթուղթ, որի հեղինակն այն ժամանակների հայտնի հայ կին գրող Զաբել Եսայանն է: Վերջինիս պատրաստած 11 էջանոց փաստաթուղթը պատմում է 1915 թվականին և դրանից հետո հայ կանանց հետ պատահած դեպքերի մանրամասները: Զաբել Եսայանը վերոնշյալ փաստաթուղթը ներկայացրել է Փարիզի կոնֆերանսի ժամանակ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Պողոս Նուբար փաշային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը ներկայացրել է փաստաթղթի որոշ հատվածները:

Դրանցում Եսայանը մասնավորապես նշում է, որ պատերազմի սկզբից ի վեր «Իթթիհաթ վե թերաքքի» կուսակցությունը համակարգված կերպով ոչնչացնում է կայսրության ոչ մահմեդական բնակչությանը: Երիտասարդ կանայք և երեխաները, որոնց թիվն անցնում էր 200 հազարից, բռնի ուժով առևանգվում էին: Ընդ որում բռնությունների էին ենթարկվում ոչ միայն հայ կանայք և երեխաները, այլ նաև ասորիները, հույներն ու նեստորականները: Զաբել Եսայանը հետևյալ դասակարգումն է կատարում.

«1. Շատ կանայք և երեխաներ առևանգվում էին իրենց ծննդավայրերից: Այդ ժամանակ հարևան մուսուլմանները գալիս և առաջարկում էին նրանց իրենց մոտ թաքնվել: Խուճապի ընթացքում բաշիբոզուկները ակնթարթորեն առևանգում էին երեխաներին, երիտասարդ կանանց բռնի ուժով տանում էին: Օրինակ, Էրզրումում թուրք սպաներն առևանգում էին քաղաքի առաջավոր մարդկանց աղջիկներին: Մի գերմանացի սպա Էրզրումի ամենագեղեցիկ աղջկան` Քալֆայանին, ճանապարհների վրա քարշ տալով, տարավ: Երզնկայում թուրքերը առևանգում էին հարուստ ընտանիքների ժառանգ աղջիկներին: Տրապիզոնում քաղաքացիական և զինվորական հագուստով սպաները քաղաքի ամենագեղեցիկ, ամենակրթված աղջիկներին մի տան մեջ հավաքելով ներկայացնում էին «Իթթիհաթ վե թերաքքի»-ի անդամներին: Հույն մետրոպոլիտի տանը կամ այլ հաստատություններում թաքնվածներին ևս նույն նպատակով տանում էին:

2. Մարդկանց քաղաքներից կամ գյուղերից հեռացնելուց հետո տղամադրկանց առանձնացնում էին երեխաներից և կանանցից. տղամարդիկ անգթորեն սպանվում էին, իսկ երեխաները, երիտասարդ աղջիկներն ու կանայք առևանգվում էին մարդասպանների կողմից: Նրանք, ովքեր կարողանում էին փրկվել նման անպատիվ վիճակից, սպանվում էին ճանապարհներին: Նրանց շարասյանը ուղեկցող ժանդարմերիան, նրանց 1-2 օր քայլել տալուց հետո կանգնեցնում էր ջրի աղբյուրի մոտ, բայց թույլ չէր տալիս խմել: Ջրին հասնելու գինը մի քանի կույսի կամ երիտասարդ աղջկա` նրանց հանձնվելն էր: Այս սարսափելի միջոցը իրականացվում էր համակարգված կերպով: Հատկապես Քեմահ-Հալեպ, Քոնյա-Տարսոս ճանապարներին, ինչպես նաև Եփրատի երկայնքով:

3. Երբ այս խեղճերը հասնում էին որևէ հավաքատեղի, քրդերը, չերքեզները, չեչենները և քոչվոր մուսուլմանները ժանդարմերիայի լուռ համաձայնությամբ հարձակվում էին աքսորվածների ճամբարների վրա: Առնում-տանում էին այն, ինչ կար նրանց վրա, անգամ հագուստներն էին հանում-տանում... Սպանությունները` որպես մյուսներին խրատ, մյուս կանանց ներկայությամբ էր արվում»:

Զաբել Եսայանը ներկայացրել է նաև, թե ինչպես էին կանայք բռնությունների ենթարկվում մահմեդականների կողմից: Փաստաթղթի ամենատպավորիչ հատվածներից մեկն էլ այն էր, թե ինչպես էին հայ կրթված, բարձրաստիճան կանայք դիմում ինքնասպանության` բռնություններից խուսափելու համար: Նրանցից շատերը իրենց երիտասարդ դուստրերին նետում էին Եփրատը, շատերը նույն այդ ջրերն էին նետվում իրենց նորածինների հետ միասին: Եսայանը նշում է, որ նրանց մի մասը խելագարվել էր: Մի մասին հաջողվել էր փախչել բռնություններից, սակայն նրանք սպանվել էին ճանապարհներին: Որոշներն էլ, ովքեր շատ փոքրաթիվ էին, կարողացել էին սպանել իրենց վրա բռնացողին:

Եսայանը երկու կատեգորիայի է բաժանում այն երեխաներին ու կանանց, ովքեր ողջ էին մնացել և պետք է հետ վերադարձվեին, այն է` չափահասներ և անչափահասներ: Նրանք, ովքեր առևանգման ժամանակ անչափահաս էին, անպայման պետք է հետ վերադարձվեին իրենց ընտանիքներին, իսկ եթե բարեկամները ողջ չէին, ապա` տվյալ ազգի համապատասխան կառույցներին: Ավելի բարդ էր չափահասների վերադարձի հարցը, ովքեր արդեն մուսուլմանների կին էին դարձել, նրանցից երեխաներ ունեին, ում չէին ցանկանա լքել: Մի մասն էլ պարզապես ամաչում էր հետ վերադառնալ իր ժողովրդի մոտ: Որոշներն էլ պարզապես կորցրել էին վստահությունը սեփական երկրի նկատմամբ, կորցրել էին բարոյականությունը:

Պողոս Նուբար փաշային հանձնած փաստաթղթում Եսայանը առաջարկում էր ստեղծել հատուկ միջազգային հանձնաժողով, որը կզբաղվեր այդ կանանց հարցերով: «Կամ, թույլ չտալով, որ թշնամին թաքնվի` անմիջապես գործի կանցնենք և այս խեղճ գերիներին նրանցից կազատենք, կամ էլ պատճառը կդառնանք նոր բարդությունների և խնդիրների»,- փաստաթղթում նշել էր Զաբել Եսայանը:

Գրող և թարգմանիչ Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականին Կոստանդնուպոլսի Ուսքուդար (Սկյութար) թաղամասում: Առաջին գրական ստեղծագործությունը հրատարկել է 1895 թվականին: Նույն տարում մեկնել է Ֆրանսիա` Սորբոնի գրականության և փիլիսոփայության դասերին մասնակցելու: Ստամբուլ է վերադարձել 1908 թվականին` նոր սահմանադրության ընդունումից հետո: Ստեղծագործություններում անդրադարձել է կնոջ իրավունքների, հասարակության մեջ կնոջ դերի խնդրին: 1915 թվականի ապրիլի 24-ին հայ մտավորակներին «մահվան ուղևորության» տանելու ժամանակ կարողացել է փրկվել մի հիվանդանոցում թաքնվելու շնորհիվ: Որոշ ժամանակ Բուլղարիայում մնալուց հետո գնացել է Բաքու` մասնակցելու հայ փախստականների և որբերին օգնելու աշխատանքներին: 1921 թվականին վերադարձել է Փարիզ: 1933 թվականին Հայաստանի կառավարության հրավերոգվ եկել է Երևան, որտեղ գրականություն է դասավանել Երևանի պետական համալսարանում: 1937 թվականի ստալինյան աքսորի ժամանակ տարվել է Սիբիր: Նրա մահվան տարեթիվն ու վայրը մինչ օրս անհայտ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]