Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախյան «Մեծ հարսանիքի» 674 զույգերը պահանջել են ազատ արձակել Լևոն Հայրապետյանին

Արցախյան «Մեծ հարսանիքի» 674 զույգերը պահանջել են ազատ արձակել Լևոն 
Հայրապետյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախում կայացած «Մեծ հարսանիքի» մասնակից 674 զույգերը գործարար Լևոն Հայրապետյանին ազատ արձակելու պահանջով դիմել են Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` «Մեծ հարսանիքի» զույգերը հույս են հայտնել, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները կցուցաբերեն օբյեկտիվ մոտեցում, և արդյունքում կապացուցվի բարերարի անմեղությունը:

«Մենք՝ 2008թ. Լևոն Հայրապետյանի նախաձեռնած «Մեծ հարսանիքի» 674 զույգերս, անգնահատելի ենք համարում արցախցի մեծ բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում՝ թե՛ մեզ ու մեր զավակներին հովանավորելու, թե՛ բազմաթիվ այլ խոշոր ծրագրերի տեսքով: «Մեծ հարսանիք» ծրագրի շրջանակներում Արցախում կազմավորվել է 674 ընտանիք, և համարյա 6 տարվա ընթացքում գրանցվել է շուրջ 1200 ծնունդ: Քաջ իմանալով Լևոն Հայրապետյանի դավանած մարդկային բարձր արժեքների մասին՝ մենք համոզված ենք, որ նրան ուղղված մեղադրանքներն անհիմն են: Հույս ունենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կցուցաբերեն օբյեկտիվ մոտեցում, և արդյունքում կապացուցվի մեծ բարերարի անմեղությունը: Հետաքննության ընթացքն ու ճշմարտության վերհանումը համարելով ժամանակի հարց՝ այս փուլում նախաքննության մարմնից պահանջում ենք Լևոն Հայրապետյանին անհապաղ ազատ արձակել կալանքից: Բացի ազատության մեջ նախաքննությանը մեծապես աջակցելուց, նա այդ դեպքում հնարավորություն կստանա բարելավել իր առողջական վիճակը, որն ամենից շատ է անհանգստացնում մեզ»,- գրված է նամակում:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել: Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է:

Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ:

Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռեւս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանքներ է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]