Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի ՋԷԿ-ը կապիտալ նորոգումից հետո անխափան կաշխատի 4.5 տարի

Երևանի ՋԷԿ-ը կապիտալ նորոգումից հետո անխափան կաշխատի 4.5 տարի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էլէկտրաէներգիայի 25 տոկոսն ապահովող «Երևանի ՋԷԿ»-ը ժամկետից վաղ ավարտել է կապիտալ նորոգումն ու վերագործարկվել: Լրագրողների հետ զրույցում «Երևանի ՋԷԿ»-ի գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը հավաստեց, որ ժամանակից վաղ գործարկումն անվտանգության հետ կապված խնդիրներ չի առաջացնի: «Կապիտալ նորոգման ավարտին մոտ` հուլիսի 17-ից սկսեցինք գործարկումները` ըստ գրաֆիկների. կառավարման լոգիկ սխեմաների մշակումը, դրանց ներդրումը ավտոմատ կառավարման համակարգերի մեջ: Վերջնականորեն էներգաբլոկը միացրեցինք մշտական աշխատանքի կիրակի օրը` հուլիսի 20-ին` ժամը 18:00-ին»,- տեղեկացրեց տնօրենը:

Նրա խոսքով` վերանորոգման գործընթացն առաջ է ընկել այն բանի շնորհիվ, որ շոգետուրբինի ռոտորը մաքուր վիճակում է եղել, որը զարմացրել է նաև ճապոնական ընկերության ներկայացուցիչներին: «Շոգետուրբինի քանդելուց հետո պետք է մաքրում կատարվեր, որն, ի ուրախություն մեզ, պետք չեկավ, քանի որ այն շատ մաքուր էր մնացել: Բացարձակապես մաքրման կարիք չեղավ. ռոտորը փայուն վիճակում էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`փաստեց Հովակիմ Հովհաննիսյանը:

Նրա հավաստմամբ`վերանորոգումը թույլ կտա հատկապես գազատուրբինը շահագործել ևս 4.5 տարի անվտանգ ու անխափան: «Դրան զուգահեռ կարողացանք օգտակար գործողության գործակիցը նոր պահեստամասերի կիրառման շնորհիվ բարձրացնել մոտ 1-1.5 տոկոսով, որը նշանակում է, որ գազի ծախսը պակասելու է: Շատ մեծ քանակով չէ, բայց որոշակի արդյունք ունեցանք»,- նշեց Հովակիմ Հովհաննիսյանը:

Կապիտալ նորոգման վրա ծախսվել է շուրջ 9.5 միլիարդ դրամ, որից 90 տոկոսը ծախսվել է գազատուրբինի համար նախատեսված սարքավորումների վրա:

Ավագ հերթափոխի պետ Խաչատուր Շիրինյանը ներկայացրեց կայանի աշխատանքի հետ կապված մանրամասներ: «Կայանը երեկվանից առավելագույն բեռնվածությամբ աշխատում է, այս պահին բեռնվածությունը 188 մեգավատ է, 132 մՎտ`գազատուրբինի, 56 մՎտ շոգետուրբինի բեռնվածությունն է: Ոչ մի թերություն ի հայտ չի եկել, ամեն ինչ նորմալ է»,-ասաց մասնագետը` հավելելով, որ թերության դեպքում իրենք կամ վերացնում են այն, կամ հայտնում համապատասխան մասնագետներին:

«Ալստոմ»-ի առաջատար ինժեներ Բրունո Հուբերի գնահատմամբ` վերանորոգումը անցել է բարեհաջող, չի գրացվել որևէ բացասական դեպք: «Երբ կազմում ենք գրաֆիկը, մենք ամեն քայլն էլ նախօրոք հաշվի ենք առնում, որպեսզի ամեն ինչ իդեալական ավարտ ունենա, այնպես որ, շուտ ավարտելը մեր հաջողությունն էր: Շատ կարևոր էր տնօրինության կողմից վերապատրաստական աշխատանքների իրականացումը, որն սկսել էին մեկ շաբաթ շուտ, քան մենք էինք ծրագրել»,- նշեց մասնագետը:

Երևանի ՋԷԿ-ի ՀՇԳՑ էներգաբլոկը գործարկվել է 2010 թվականի ապրիլի 21-ին: Այն գործել է մինչև 2014-ի հունիսի սկիզբն ու արդեն աշխատել էր 39 հազար պայմանական ժամ` նորմատիվային շահագործման համար սահմանված 36 հազար պայմանական ժամի փոխարեն: Արտադրել է մոտ 6.2 միլիարդ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա: Բարձր արդյունավետության շնորհիվ էներգաբլոկը նպաստել է հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագների աճի զսպմանը` բնական գազի սակագնի աճի պայմաններում:

Կապիտալ վերանորոգումը մեկնարկել էր հունիսի 3-ին և նախատեսվում էր ավարտին հասցնել հուլիսի 29-ին:

Երևանի Ջէկ-ը հիմնանորոգումից առաջ`


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am