Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ ցեղասպանագետները կրթեցին լրագրողներին ինչպես ճիշտ լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման

Հայ ցեղասպանագետները կրթեցին լրագրողներին ինչպես ճիշտ լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչու է պետք լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման, ինչ դիտանկյունից մոտենալ հարցերին, ինչպես թեման հասանելի դարձնել հայ և օտարազգի լսարաններին. սրանք էին «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» երկօրյա դասընթացի առանցքում դրված հարցերը, որոնք ստացան պատասխաններ:

Հուլիսի 11-12-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և ՀՑԹԻ-ի կողմից կազմակերպված երկօրյա ամառային դպրոց լրագրողների համար: «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» դասընթացին մասնակցեցին ՀՀ և Սփյուռքի լրագրողները:

Դասընթացի ժամանակ դասախոսություններով ելույթ ունեցան ՀՑԹԻ-ի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, ՀՑԹԻ-ի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը, ՀՑԹԻ-ի գիտաշխատող Լուսինե Աբրահամյանը: 

Թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, չափազանց կարևորելով Հայոց ցեղասպանության մասին նյութերի առատությունը լրատվամիջոցներում, առանձնացրեց մի քանի կետեր, որոնք կարող են ուղեցույց ծառայել լրագրողների համար: «Կարևոր խնդիր է համաշխարհային մեդիա դաշտում Հայոց ցեղապանության հարցի` մեզ համար ընդունելի տեղեկատվության մշտական ու ծանրակշիռ ներկայության ապահովումը: Այստեղ սեփական տեղը մշտապես ունենալու համար պետք է օգտագործել բոլոր հնարավորություններն ու հարթակները: Դեմոգրաֆիական ու ռեսուրսային սակավության պատճառով որոշակի քանակ ապահովելու համար պետք է աշխատեն բոլորը: Այդուհանդերձ, ժամանակակից մեդիադաշտի զարգացման միտումները թույլ են տալիս քիչ ռեսուրսներ ծախսելով` ստանալ մեծ արձագանք ու արդյունք: Սա նաև լուծում է Հայաստանի համար շատ հստակ ազգային անվտանգության խնդիր: Քանի դեռ ակտիվ քննարկվում է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, նման ոճրագործության հնարավորությունը որոշ չափով նվազում է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փաստեց Սուրեն Մանուկյանը:

Նրա խոսքով` որքան էլ Հայոց ցեղասպանության թեման հանրաճանաչ իրողություն է, այնուամենայնիվ, երիտասարդները չգիտեն շատ մանրամասնություններ: «Դրա համար թեմայի իրազեկման, այն ընդունելի ու ճանաչված դարձնելու համար անհրաժեշտ է անընդհատ գրել այս թեմայով: Միաժամանակ, այս ողբերգական տարելիցի շուրջ մեկ անգամ եւս համախմբվում են հայկական համայնքները, հայկական ինքնության ամրությանը նոր զարկ է առնում: Առավել ևս, որ Սփյուռքում ապրիլի 24-ը հենց պայքարելու և արդարությունը վերականգնելու շեշտադրումով է իրականացվում: Իսկ պայքարը չի լինում մեկ օրով, մեկ իրադարձությամբ. այն երկարաժամկետ ռազմավարություն է»,-ընդգծեց թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը:

Սուրեն Մանուկյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին խորհուրդ տվեց ուսումնասիրել ցեղասպանության մասին նյութերը, գտնել հետաքրքիր դրվագներ ու դրանք ներկայացնել ոչ միայն հայ, այլև օտարազգի հանրությանը: Նա կարևորեց հատկապես անհատական պատմությունների ներկայացումը, որտեղ կերևա առանձին անհատի ու ընտանիքի ողբերգությունը ողջ հայկական քաղաքակրթության ոչնչացման համատեքստում:

Այդ առումով հատկապես պետք է շեշտադրել Արշալույս-Ավրորա Մարդիգանյանի պատմությունը, ով անցել է Հայոց ցեղասպանության ողջ աղետի միջով. կորցրել է հարազատներին, վաճառվել ստրկության, բայց կարողացել է փախչել, հաստատվել ԱՄՆ-ում ու անգամ մարմնավորել իր կերպարը «Հոգիների աճուրդ» ֆիլմում, որը ժամանակի ամենադիտվող ֆիլմն էր Ամերիկայում:

Բանախոսների խոսքով` կարևոր է լուսաբանման ժամանակ խոսել ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զոհերի, այլև հերոսական կռիվներ մղած, աղետը վերապրած ու ի հեճուկս թշնամիների ապրող հայերի մասին:
Ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցները նաև քննարկեցին ԶԼՄ-ների բացթողումները և խնդիրները, որոնց հետ բախվում են Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաները լուսաբանող լրագրողները: 
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]