Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Արա Առուշի «Փոքրիկ վիշապ» ֆիլմը կնկահարահանվի Հոլիվուդում


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Արա Առուշի՝ արևելյան մարտարվեստների վարպետ, կինոդերասան, պրոդյուսեր և սցենարիստ Բրյուս Լիին նվիրված «Փոքրիկ վիշապ» լիամետրաժ ֆիլմի բյուջեի հետ խնդիրներ չկան, սակայն տեխնիկական պատճառներով նկարահանումները Հայաստանում չեն լինի, և ստեղծագործական խումբը կտեղափոխվի Հոլիվուդ: Հոլիվուդյան կինոըներություններից մեկը կհամագործակցի Առուշի հետ՝ ֆիլմի նկարահանման հարցերում: Կինոկարը դուրս կգա համաշխարհային կինովարձույթ, ինչպես և ցանկացած հոլիվուդյան ֆիլմ: Այն կնկարահանվի անգլերենով, այնուհետև կթարգմանվի և կներկայացվի ԱՊՀ երկրների տարածքում:

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Արա Առուշը հուլիսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ իրենք կես տարի առաջ սկսել են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանում հավաքել են ստեղծագործական խումբ:

«Աշխատանքի ընթացքում ստեղծեցինք համաշխարհային կինոյի համար հետաքրքիր կերպարներ: Ընդհանրապես ֆիլմի գաղափարը հետաքրքրություն է առաջացնում թե' Հայաստանում,  թե' Հայաստանից դուրս, և մենք որոշեցինք նախագիծը ներկայացնել Կաննի կինոփառատոնում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Արդյունքն այն էր, որ ավստրալական, ամերիկյան, չինական և այլ երկրների կինոընկերություններ համաձայնեցին մեզ հետ նկարահանել այս ֆիլմը, սակայն, մենք ընտրեցինք հոլիվուդյան պրոդյուսերներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արա Առուշը:

Ֆիլմի ռեժիսորն ընդգծեց, որ կինոնկարում կնկարահանվեն նաև հոլիվուդյան հայտնի դերասաններ, իսկ հնարքների հարցում հավանաբար կօգնի արևելյան մարտարվեստների մի վարպետ, ով աշխատել է Բրյուս Լիի հետ: Մինչ այդ Արա Առուշը և գլխավոր դերակատար Միխայիլ Դոկինը կպարապեն անգլերեն:

Գլխավոր դերակատար Միխայիլ Դոկինը նշեց, որ այս դերը կխաղա այնպես, որ ֆիլմը կդառնա 21-րդ դարի գլուխգործոցը: «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանին ընձեռվել է նման հնարավորություն: Սա շատ մեծ հաջողություն է: Իմ նպատակն այն է, որ ես աշխարհին և մարդուն ներկայացնեմ այն, թե ինչի է նա ընդունակ և ինչ կարող է անել: Այս ֆիլմի միջոցով ես դա կապացուցեմ»,- նշեց նա: Միխայիլ Դոկինը Հոլիվուդի հետ ևս չորս ֆիլմում խաղալու պայմանագիր կկնքի:

Ֆիլմը հավանաբար հանրությանը կներկայացվի 2015 վերջին:

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Արա Առուշը (Առուշանյան) ծնվել է 1974 թվականին` Ստեփանակերտում: 1999-ից նկարահանել է տեսահոլովակներ: Հիմնադրել է Digidez Studio և KenigArts Pictures ընկերությունները: Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի լինելով` բնակվում է Մոսկվայում և Երևանում: «Որսորդը»` նրա ռեժիսորական դեբյուտը, ցուցադրվել է մի շարք հայտնի կինոփառատոններում, այդ թվում` Կաննի ՄԿՓ-ի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում, Մումբայի «Ջագրան» ԿՓ-ում և Մերիլենդի «Ֆրեդերիկ» ԿՓ-ում (ԱՄՆ):




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ