Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Ռումինիայում մեծ շուքով նշվել է պատմական Արմենոպոլիսի` Գեռլա քաղաքի օրը

Ռումինիայում մեծ շուքով նշվել է պատմական Արմենոպոլիսի` Գեռլա քաղաքի օրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում` պատմական Արմենոպոլիս քաղաքում` Գեռլայում, հունիսի 30-ից հուլիսի 6-ը կայացել են քաղաքի օրերը, որը համընկնում է Հայոց Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնին: Հայկական ավանդական հոգևոր տոնը քաղաքի օր հայտարարելու նախաձեռնությամբ Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն հանդես էր եկել դեռևս 2012թ. Իջևանի հետ եղբայրացման համաձայնագիր կնքելուց հետո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արդեն երկրորդ տարին է` քաղաքի օրը վերածվել է միջազգային փառատոնի, որին մասնակցում են Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի և Լեհաստանի քույր քաղաքների պատվիրակությունները: Տոնակատարությունների բազմազան ծրագրի հիմնական միջոցառումները տեղի են ունեցել հուլիսի 4-ին և 5-ին, և կենտրոնացած են եղել հայկական իրադարձությունների շուրջ:

Հուլիսի 4-ին քաղաքային մարզադաշտում տոնակատարությունների բացման արարողությանը մասնակցել են Կլուժի նահանգային և Գեռլայի քաղաքային իշխանությունները, Ռումինիայի Հայոց միության ղեկավարները, Ռումինիայում Հայաստանի և Շվեյցարիայի դեսպանները, Գեռլայի հետ եղբայրացած եվրոպական քաղաքների պատվիրակները։

Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, հանդես գալով բացման հանդիսավոր արարողությանը, գեռլացիներին է փոխանցել այդ առիթով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը և շնորհակալություն հայտնել ռումինական իշխանություններին և տեղական պատասխանատուներին ռումինահայ մշակութային հարուստ ժառանգության պահպանման և տեղի հայ համայնքի կարիքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Հաջորդ օրն առավոտյան դեսպան Գասպարյանը մասնակցել է Գեռլայի քաղաքապետարանում եղբայրացած քաղաքների պատվիրակների խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են ապակենտրոնացված մակարդակով համագործակցության արդյունավետության հետ կապված հարցեր:

Այնուհետև արտասահմանյան հյուրերը նահանգային և տեղական իշխանությունների, ինչպես նաև Ռումինիայի Հայոց միության ղեկավարության կողքին ներկա են եղել հայ կաթողիկե Սուրբ Երրորդության տաճարում Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագին, որն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվել է ռումինական հեռուստաալիքներով։

«Գեռլան դարձել է եվրոպական ժամադրավայր, և դա բնական է, քանի որ այն արդեն ազգերի, մշակույթների և ավանդույթների խաչմերուկ է դարեր ի վեր»,- պատարագից անմիջապես հետո 300-ամյա Հայոց տաճարի ժամացույցի նոր, եզակի մեխանիզմի գործարկմանը նվիրված հանդիսավոր արարողությանը հայտարարել է դեսպան Գասպարյանը: «Այն թանկ է հատկապես մեզ` հայերիս համար, քանի որ կազմում է մեր ժողովրդի պատմության մի մասը: Ռումինիայի հայերը մարդկային այն օղակը, այն հանգույցն են, որոնք մեզ կապում են իրար, կռում այն համերաշխությունը և բարեկամությունը, որով մենք ուզում ենք կառուցել ավելի լավ աշխարհ և ավելի լավ ապագա»:

Արարողությունից հետո ռումինական «TVR3» հեռուստաալիքը շարունակել է ուղիղ եթերը Հայոց տաճարի բակից` դեսպան Գասպարյանի, ռումինահայ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանի, Ռումինիայի Հայոց միության փոխնախագահ Սիրուն Թերզյանի և Գեռլայի Հայոց թանգարանի տնօրեն Միրչա Թիվադարի մասնակցությամբ, որի ընթացքում բանախոսները մեկ ժամ զրուցել են ռումինահայ ժառանգության, հայության խնդիրների, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շուրջ։

Հայկական գեղարվեստական ծրագիրն ամփոփել է Հարրի Դավիդյանը, որը հուլիսի 5-ի երեկոյան Հայոց տաճարում հանդես է եկել հայ հին հոգևոր և աշխարհիկ երաժշտության գոհարների ջազային վարպետ մեկնաբանություններով:

Հայկական մշակութային ծրագրի շրջանակներում, քաղաքի նորաբաց կինոդահլիճում տեղի է ունեցել նաև Գեռլա-Արմենոպոլիսի մասին պատմող վավերագրական ֆիլմի շնորհանդեսը (ռեժիսոր Ֆլորին Գևորգյան), 19-րդ դարի նշանավոր հայազգի հունգարագիր պատմաբան Կրիստոֆ Սոնգոտի հերթական հատորի ռումիներեն թարգմանության շնորհանդեսը, Հայոց Միության սրահներում բացվել են Տրանսիլվանիայի հայկական ժառանգության մասին պատմող տպագիր նյութերի, լուսանկարների և առարկաների ցուցադրություններ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]