1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ջեյմս Ուորլիքը հույս ունի, որ նախագահները կընդունեն առաջիկայում Փարիզում հանդիպելու Օլանդի հրավերը

Ջեյմս Ուորլիքը հույս ունի, որ նախագահները կընդունեն առաջիկայում Փարիզում 
հանդիպելու Օլանդի հրավերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղության գործընթացն առաջ տանելու, ներկայիս փակուղուց հնարավորինս շուտ դուրս գալու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը: Բանակցությունների ընթացքը արտացոլում է այդ հանձնառությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը:

-Պարո՛ն դեսպան, Քարնեգի հիմնադրամում մայիսի 7-ի Ձեր ելույթի ժամանակ դուք նշեցիք վեց տարրերի և սկզբունքների մասին, որոնք Մինսկի խմբի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքն են կազմում: Այս սկզբունքները նաև բանկցությունների սեղանին են: Ո՞ր սկզբունքների շուրջ է որ կողմերը` Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնության չեն գալիս:

-Այս սկզբունքներն ու տարրերը հիմք են հանդիսանալու խաղաղության համաձայնագրի համար, սակայն մանրամասները հստակեցնելու ու բոլոր շահագրգիռ կողմերի կարիքները բավարարելու համար հետագա բանակցությունների անհրաժեշտություն է զգացվում: Ոչ մի բան դեռ վերջնական չէ, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել ամբողջական փաթեթի վերաբերյալ: Մենք հավատացած ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր է, որպեսզի քննարկվեն այս տարրերը ու համաձայնություն կայացվի բանակցություններ սկսելու վերաբերյալ, որը կհանգեցնի խաղաղ համաձայնագրի ստորագրմանը:

-Դուք նաև նշել էիք, որ բանակցությունների մեկնարկից հետո կողմերը ոչ միայն պետք է վերահաստատեն հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունը, այլ նաև ձեռնարկեն երկար սպասված և հույժ անհրաժեշտ անվտանգության համար վստահության ձևավորման միջոցներ: Ի՞նչ միջոցներ ի նկատի ունեք:

-Վերջին տարիներին շրջանառվել են մի շարք գաղափարներ սահմանին կամ շփման գծի երկայնքով լարվածություն թուլացնելու ու թափանցիկությունը մեծացնելու և միտումնավոր կամ պատահական սրացումների հավանականությունը նվազեցնելու վերաբերյալ: Կարևորն այն է, որ կողմերը այդպիսի միջոցների վերաբերյալ համաձայնության գան՝ լավագույնս հնարավորություն ապահովելու խաղաղ բանակցությունների հաջողության համար:

-Ինչպե՞ս եք գնահատում ժողովրդական դիվանագիտության ջանքերը ադրբեջանցիների ու հայերի միջև շփումներ ապահովելու ուղղությամբ:

-Վերջին տարիներին ժողովրդական դիվանագիտության մասով որոշակի լավ աշխատանք է տարվել, սակայն ավելին է անհրաժեշտ: Եթե մենք իրապես ձգտում ենք տևական կարգավորման, ապա պետք է մեծացնենք տարածաշրջանի ժողովուրդների մասնակցությունն ու նրանց միջև կապերը:

-Ո՞րն է Ձեր դիրքորոշումը բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի` որպես երրորդ կողմի լիակատար մասնակցության վերաբերյալ:

-Խաղաղության տևական համաձայնագրի մասով հաջողության հասնելու համար այն պետք է արտացոլի առնչվող բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք կանոնավոր այցելում ենք Լեռնային Ղարաբաղ՝ խորհրդակցելու դե-ֆակտո իշխանությունների հետ և կշարունակենք ապահովել, որ նրանց ձայնը լսելի լինի:

-Ադրբեջանական զինուժի կողմից Հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների արդյունքում շարունակում են հայ զինվորներ ու քաղաքացիներ սպանվել: Մասամբ, դա պայամանավորված է նաև ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հայտարարություներով: Արդյո՞ք Մինսկի խմբի ձևաչափը Արդբեջանի կառավարության վրա ճնշելու լծակներ չունի` ստիպելու վերջինիս վերջ տալ իր ռազմատենչ հռետորաբանությանը և առհասարակ լուծել հրադադարի փխրունության հարցը: Բոլորովին վերջերս միջադեպ տեղի ունեցավ Նախիջևանի հետ սահմանին, որը կարծես նոր երևույթ է:

-Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել նվազեցնել այն գործողություններն ու հռետորաբանությունը, որ կարող է լարվածություն ստեղծել և վնասել բանակցային գործընթացին, ինչպես նաև շփման գծին կամ միջազգային սահմաններին կատարվող բռնությունները: Այս հակամարտությանը ռազմական լուծում չկա և այս կարգի սադրանքները սոսկ դանդաղեցնում են առաջընթացը դեպի մեր ընդհանուր նպատակ, այն է` խաղաղ, կայուն կարգավորում, որը տարածաշրջանի ժողովուրդների համար կապահովի անվտանգություն ու բարեկեցություն, որին նրանք արժանի են:

-Որո՞նք են լինելու Մինսկի խմբի հետագա քայլերը: Ե՞րբ տեղի կունենա համանախագահների հաջորդ այցը տարածաշրջան:

-Ես շարունակում եմ հուսալ, որ մոտ ապագայում կարող ենք կազմակերպել մեկ այլ հանդիպում երկու նախագահների միջև՝ շարունակելու անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում ընթացած կառուցողական երկխոսությունը: Ես սպասում եմ մեր բանակցային քննարկումների շարունակմանը, հնարավորինս շուտ` լինի տարածաշրջանում, թե այլուր, չնայած այս պահին մեր հետագա հանդիպումների ժամանակացույցը դեռ հստակեցված չէ: Հուսով ենք՝ նախագահները կընդունեն առաջիկայում Փարիզում հանդիպելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հրավերը: Շվեյցարիայի նախագահ Բուրկհալտերի կոչը «կառուցվածքային բանակցություններ» վարելու վերաբերյալ ևս մեկ հնարավորություն է կողմերի համար խաղաղության գործընթացը առաջ տանելու համար:

-Վերջին տարիներին ակտիվացել են բարձր մակարդակի հանդիպումները, ի՞նչ օգուտ են տվել այդ հանդիպումները խաղաղության գործընթացին:

-Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գործընթացը առաջ տանելու, ներկայիս փակուղուց հնարավորինս շուտ դուրս գալու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը: Բանակցությունների ընթացքը արտացոլում է այդ հանձնառությունը: Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ մենք աշխատել ենք առաջ քաշել ու բանակցային սեղան բերել նոր գաղափարներ, համաձայնության հասնել առաջընթացի քայլերի վերաբերյալ և աջակցություն ապահովել խաղաղ, բանակցային կարգավորման համար: Ես պատրաստ եմ շարունակել այս ջանքերն առաջիկա ամիսներին:

Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]