Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Սերժ Սարգսյանը գնահատում է Աբդուլլահ Գյուլին` որպես քաղաքական գործչի

Սերժ Սարգսյանը գնահատում է Աբդուլլահ Գյուլին` որպես քաղաքական գործչի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլին լայնախոհ մարդ է համարում: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի եթերում պատասխանելով հարցին` ինչպիսի ռեակցիա կցուցաբերի թուրքական կողմը` 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերին եւ արդյոք հրավերն Աբդուլլահ Գյուլի սրտով էր, ՀՀ Նախագահը նշեց. «Աբդուլլահ Գյուլը հնարավորություն չի ունենա, ամենայն հավանականությամբ, այդ հարց քննարկելու, երբ ժամանակը գա, քանի որ նա հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին եւ որպեսզի այդ հարցի պատասխանն ավելի հստակ ունենանք, մնացել է ընդամենը երկու շաբաթ, բայց ես գնահատում եմ Գյուլին, որպես քաղաքական գործչի, քանի որ, իմ համոզմամբ, նա լայնախոհ մարդ է եւ շատ լավ գիտակցում է իր երկրի իրական շահը»:

Իսկ թե կգա Թուրքիայի ընտրված նախագահը, ով էլ լինի, հնարավոր կլինի իմանալ ընտրություններից հետո կամ էլ ապրիլի 24-ի նախօրյակին:

«Հայ թուրքական հարաբերությունների, Ցեղասպանության հետ կապված, բնական է, որ մինչեւ 100-րդ տարելից ես ունենալու եմ բազմաթիվ հնարավորություններ, ինչպես առանձին հարցազրույցների տեսքով, այնպես էլ ելույթների տեսքով իմ կարծիքն արտահայտել այս հարցի շուրջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարեց ՀՀ Նախագահը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստին Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին: Նախագահն այս հայտարարությունն արել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին: «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է ՀՀ Նախագահը: 




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]