Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Համացանցում հայտնվել են Քեսաբի հայկական ավերված եկեղեցիների լուսանկարները

Համացանցում հայտնվել են Քեսաբի հայկական ավերված եկեղեցիների լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբի` սիրիական բանակի վերահսկողության տակ անցնելուց հետո համացանցում հայտնվել են ավերված քաղաքի շենքերի, եկեղեցիների, խանութների, հյուրանոցների և այլ հաստատությունների լուսանկարներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սիրիական «Ալ Իխբարիա» հեռուսաընկերությունը ցուցադրել է Քեսաբի հայ ավետարանական ս. Երրորդություն եկեղեցին, որի գմբեթի խաչերը ծռված են, իսկ եկեղեցին ավերված ու քարուքանդ արված: Ավերված է նաև հայ կաթողիկե ս. Միքայել եկեղեցին: Հրկիզված և ավերված է Միսակյան մշակութային կենտրոնը:

Սիրիական բանակը հունիսի 15-ին վերահսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Քաղաքի կենտրոնում բարձրացվել է սիրիական դրոշը: Բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել:

Ավելի վաղ լիբանանյան «Ալ Մայադին» կայքը փոխանցել էր, որ հունիսի 14-ին բանակը առաջխաղացում է գրացնել Երկու Աղբյուր (Էքիզոլուք, Ան Նաբային) և Գարատուրան բնակավայրերի ուղղությամբ: Բանակը վերահսկողություն է հաստատել նաև Սամրա և Էքիզոլուք գյուղերի վրա:

Լուրեր են շրջանառվում, որ նահանջող ահաբեկչական խմբավորումների առջև թրքական սահմանապահ ուժերը փակել են սահմանը:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի  կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ մասը տեղափոխվել է առավել ապահով վայրեր, հիմնականում Լաթաքիա, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում` մեծահասակներ, մնացել են իրենց տներում, հետո գերի վերցվել զինյալների կողմից: Նրանց մեծամասնությանը տարել են Թուրքիայի Վաքըֆ հայաբնակ գյուղ: Այստեղից էլ հայերն ուղարկվել են Բեյրութ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]