Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«20-րդ դարի Ավարայր». հայ ժողովուրդը տոնում է առաջին հանրապետության օրը

«20-րդ դարի Ավարայր». հայ ժողովուրդը տոնում է առաջին հանրապետության օրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 96-ամյակը: 1918 թվականին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:  Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»:

Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը:

Հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, 11 հազար քմ տարածքի վրա ձևավորվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում կարողացավ ստեղծել պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները.  ընտրեց խորհրդարան, որի առաջին նախագահը դարձավ Ավետիք Սահակյանը, ձևավորեց կառավարություն՝ առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին: Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան 11-րդ Կարմիր բանակի կողմից:

1992թ.-ից, երբ Հայաստանը կրկին անկախություն ստացավ, մայիսի 28-ը սկսվեց պաշտոնապես նշվել որպես առաջին Հանրապետության օր:

1968-1978 թվականներին Սարդարապատում կառուցվեց հուշահամալիր, որը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Հուշահամալիրի բացումը կայացավ հերոսամարտի հիսնամյա տարեդարձի օրը: Այն կառուցվել է ճիշտ ճակատամարտի տեղում: Համալիրի մաս են կազմում թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը: «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը:

Այսօր հանրապետության ողջ տարածքով, ինչպես նաև Արցախում անցկացվում են ավանդական միջոցառումներ` ի հիշատակ անկախություն կերտած հայ հերոսների: ՀՀ բարձրագույն իշխանությունն ավանդաբար այցելում է Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսներին: 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում կմասնակցի Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]