Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Հայ կերպարվեստը և կինոարվեստը մեծ հետաքրքրություն են վայելել Գերմանիայում


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Մորիցբուրգ-Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արվեստի թանգարանն իր հարկի տակ մի քանի շաբաթ շարունակ հյուրընկալել է «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ծավալուն ցուցահանդեսը, որին գերմանացի ակնդիրները վայելել են Մինաս Ավետիսյանի 19 և նկարչի որդու՝  Նարեկ Ավետիսյանի 9 ստեղծագործություններ: Բացի ցուցահանդեսից, գերմանացիներին հնարավորություն է ընձեռնվել դիտել երկու հայկական ֆիլմեր:

Նկարիչ Նարեկ Ավետիսյանը ցուցահանդեսի ավարտին նվիրված ասուլիսում ընդգծեց, որ ցուցահանդեսը մեծ ժողովրդականություն է վայելել գերմանացի այցելուների շրջանում: «Հետաքրքրությունը մեծ էր, այցելուները շատ էին գալիս: Մարդիկ նաև իրենց տպավորություններն են գրել: Կարծում եմ, որ հատկապես Մինաս Ավետիսյանը գերմանական հասարակության համար բացահայտում էր, որովհետև նրա միջոցով նրանք կարողացան պատկերացում կազմել ԽՍՀՄ տարիներին եղած հայկական արվեստի և ըմբոստ ոգու մասին: Իմ գործերի միջոցով տեսան նաև սերունդների միջև կապը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Նարեկ Ավետիսյանը:

Նրա խոսքով` շատ դժվար էր եվրոպական այդ լուրջ թանգարանում ներկայացնել հայկական արվեստը: Շուտով աշխատանքները կվերադառնան Հայաստան և գուցե մինչև տարեվերջ ցուցադրվեն նաև մեր երկրում: Բացի այդ, Ավետիսյանը գործերը այլ երկրներում ցուցադրելու առաջարկներ է ստացել:

Մինասի` Հայաստանի Ազգային պատկերասրահում, Ռուսական արվեստի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող գործերը Գերմանիա են հասել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Գերմանացի արվեստասեր հանրությունը տեսել է Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեության տարբեր փուլերի գործերը, հնարավորություն  է ունեցել ծանոթանալու Նարեկ Ավետիսյանի «Ինտերֆրակտալներ» շարքին: Հայր և որդի Ավետիսյանների գործերը ներկայացնող ցուցահանդեսը հանդիսավորությամբ բացվել է փետրվարի 20-ին և տևել մինչև մայիսի 4-ը:

Բացի այդ, Գերմանիայում ցուցադրվել են նաև երկու հայկական ֆիլմեր: Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի երկու կինոնկարները` «Սուրբ Ծեսերի երկիրը» և «Արարատից Սիոն»-ը ևս մեծ հետաքրքրությամբ են ընդունվել:

«Ես ներկա էի մի ֆիլմի ցուցադրությանը: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց գերմանացիների շրջանում: Դահլիճում միայն գերմանացիներ էին: Նրանք նաև ֆիլմերը գերմաներեն թարգմանելու ցանկություն են հայտնել»,- նշեց Բաղդասարյանը:

«Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ծավալուն ցուցահանդեսը հնարավոր է եղել կազմակերպել «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի և Մորիցբուրգի թանգարանի համագործակցության արդյունքում: Հրատարակվել է նաև ցուցահանդեսի ընդգրկուն, եռալեզու պատկերագիրքը` գերմաներեն, հայերեն և անգլերեն լեզուներով: Պատկերագրքում զետեղված է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիլհելմ Շլինկի արվեստաբանական հոդվածը, որն անդրադառնում է Մինաս Ավետիսյանի արվեստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ