Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

«Արվեստի գլուխկոտրուկ». 29 հայ արվեստագետների աշխատանքներն այցելուներին կներկայանան մեկ ցուցահանդեսով


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ ժամանակակից 29 արվեստագետների աշխատանքներն այցելուներին կներկայանան մեկ` «Արվեստի գլուխկոտրուկ» (Art puzzle) ցուցահանդեսի միջոցով «Գալա Արտ» ցուցասրահում: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես գեղանկարչության, այնպես էլ  քանդակագործության ժամանակակից նմուշներ:  

«Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում  ցուցասրահի փոխտնօրեն Նուշիկ Միքայելյանը պատմեց, որ 29 հեղինակների շուրջ 70 աշխատանքները կմիավորի գարնան թեմատիկան:

«Մենք փորձել ենք այնպես անել, որ այցելուների  առօրյան գեղեցկանա և ողողվի միա՛յն դրական լիցքով:  Ծանր աշխատանքներ չենք ընդգրկել ցուցահանդեսում, որպեսզի ձմռան ցուրտ ամիսներից հետո այցելուները հնարավորություն ունենան կտրվել գորշ գույներից և համավեն բարձր տրամադրությամբ»,- ասաց Միքայելյանը:

  «Արվեստի գլուխկոտրուկ»-ին ներկայացված արվեստագետների թվում են Ռուդոլֆ Խառատյանը, Վավ Հակոբյանը, Ժոռա Հայրապետյանը, Արթուր Շառաֆյանը, Արև Պետրոսյանը, Սարգիս Բաբայանը, Լևոն Աբրահամյանը, ուրիշներ:

Ցուցասրահի փոխտնօրենը նշեց, որ ցուցահանդեսին մասնակիցների շարքում կան նաև անուններ, որոնց համար կայանալիք խմբակային ցուցահանդեսն առաջինն է ստեղծագործական կյանքում:

«Բացի այս ցուցահանդեսից այցելուները հնարավորություն ունեն ցուցասրահի առաջին հարկում դիտել մեր դասականների և մոդեռնիստների` Աշոտ Հովհանիսյանի, Ժանսեմի, Մինաս Ավետիսյանի, այլոց աշխատանքները, որոնք ընդգրկված են մեր մշտական ցուցադրությունում»,- ասաց Միքայելյանը:

 «Արվեստի գլուխկոտրուկ»-ը կառանձնանա նաև երաժշտականությամբ: Ցուցահանդեսը դիտելուն զուգահեռ այցելուները հնարավորություն կունենան ունկնդրել Կոմիտաս, ինչպես նաև հայ և արտասահմանյան դասական և ջազային  ստեղծագործություններ:

Առաջիկայում «Գալա Արտ»-ը ծրագրել է ընդլայնել իր գործունեությունը` կազմակերպելով անվանի վարպետների ցուցահանդեսներ ոչ միայն Երևանում, այլև մարզերում, դիվանագիտական կառույցներում, անվանի մտավորականների տներում` դրանով նպատակ ունենալով մեր երկրում ձևավորելու նոր ցուցահանդեսային մշակույթ:

Ցուցասրահի` 2013 թվականի օգոստոսին անցկացված «Հռչակավոր վարպետներ» խորագրով ցուցահանդեսին այցելուների պակաս չի եղել. մեկ ամսվա կտրվածքով ցուցասրահը ունեցել է ավելի քան 3000 այցելու:  «Արվեստի գլուխկոտրուկ» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 7-ը: Այցելուների համար ցուցահանդեսի մուտքն ազատ է:  

«Գալա Արտ»-ը բացվել է 2012 թվականի հոկտեմբերին` գրող Նուշիկ Միքայելյան եւ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյան ամուսինների նախաձեռնությամբ: Կարճ ժամանակահատվածում այն մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ արվեստասերների շրջանում: Առաջին իսկ օրվանից հանրությանը ներկայացվում են գեղանկարչության մի քանի սերնդի ներկայացուցիչների աշխատանքներ, դասականների գործեր` Քոչար, Սարյան, Մինաս, Հակոբ Հակոբյան եւ այլք: Ցուցասրահում տեղ են գտել նաև ժամանակակից հայտնի ստեղծագործողների եւ երիտասարդ տաղանդավոր արվեստագետների աշխատանքները:

 

Տաթևիկ Գրիգորյան 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ