Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Արգենտինահայ բարերարի աջակցությամբ Բավրան ունեցավ նոր համայնքային կենտրոն


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինահայ բարերար Նշան Դևեջյանի հովանավորությամբ և տրամադրած 80 մլն դրամ ֆինանսական աջակցության շնորհիվ Շիրակի մարզի Բավրա գյուղում բացվեց նորակառույց համայնքային կենտրոնը։ Համայնքային կենտրոնում կգործեն գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, համակարգչային կենտրոնը և հանդիսությունների սրահը։ Կենտրոնի բացման արարողությանը ներկա էր Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ Այս նպատակով Հայաստան էր ժամանել արգենտինահայ բարերարների խումբը՝ ծրագրի հովանավոր Նշան Դևեջյանի գլխավորությամբ։ Արգենտինահայ բարերարը կենտրոնի բացման արարողության ժամանակ ուրախությամբ նշեց, որ այսօր կարող է ներկա գտնվել այստեղ և գյուղի բնակիչների հետ կիսել նրանց ուրախությունը։ «Ուրախ ենք, որ կարողացել ենք մեր փոքրիկ ավանդն ունենալ գյուղի զարգացման համար։ Գյուղի ընտրությունը կատարվել է պատահականորեն, սրտի թելադրանքով, և այսօր ուրախալի է տեսնել ծրագրի հաջողությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց բարերարը։

 «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը տեղեկացրեց, որ տարեսկզբին Դևեջյանների ընտանիքի ֆինանսավորմամբ հիմնովին կահավորվել և համակարգչային տեխնիկայով ապահովվել էր Բավրայի դպրոցը։ «Նման ծրագրերը մեզ համար նոր չեն, քանի որ արդեն իսկ կառուցվել են բազմաթիվ համայնքային կենտրոններ Հայաստանում և Արցախում։ Համոզված եմ նաև, որ արգենտինահայ բարերարները կհամաձայնվեն շարունակել նմանատիպ ծրագրերը»,- ասաց նա։

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ «Հայաստան» հիմնադրամը միշտ ուշադրության կենտրոնում է պահել Շիրակի մարզի երկրաշարժից տուժած համայնքները։ «Հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ կառուցվել է 6 դպրոց, և այսօր էլ Աշոցքում կառուցվում է նոր դպրոց։ Վերանորոգվել են բազմաթիբ բուժկենտրոններ։ Իսկ Բավրա գյուղի համայնքային կենտրոնի բացումը խորհրդանշական է, քանի որ 1956 թվականից հետո այստեղ նոր շինություն չէր կառուցվել»,-ասաց Ցոլակյանը:

 Բացման արարողության ընթացքում բարերար Նշան Դևեջյանին շնորհվեց գյուղի պատվավոր քաղաքացու կոչում և նվիրաբերվեց 300 ք. մետր հողատարածք։

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ