1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ որբերի գորգը ցուցադրելու Սպիտակ տան որոշումը մեծ խանդավառություն է առաջացրել ԱՄՆ-ի հայերի եւ հայամետ կոնգրեսականների մոտ

Հայ որբերի գորգը ցուցադրելու Սպիտակ տան որոշումը մեծ խանդավառություն է 
առաջացրել ԱՄՆ-ի հայերի եւ հայամետ կոնգրեսականների մոտ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան որոշումը` աշնանը ցուցադրել հայ որբերի գործած գորգը, մեծ խանդավառություն է առաջացրել ամերիկահայ համայնքում եւ հայամետ կոնգրեսականների մոտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից, «Նախագահ Քալվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի հեղինակ Մարտին Դերանյանը, տեղեկանալով Սպիտակ տան որոշման մասին, նշել է, որ հավատում է ամերիկյան կառավարությանը, որն ի վերջո ճիշտ որոշում է կայացրել: «Ես գնահատում եմ Վաշինգտոնում մեր ընտրված պաշտոնյաների, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը, որն օգնում է ապահովել այս գործընթացը»,- ասել է Դերանյանը:

«Ամերիկայի` Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկելու մարդասիրական միջամտության համար երախտագիտության այս նյութական խորհրդանիշի ցուցադրությունը դրական առաջընթաց է»,- հայտատարել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Բրայան Արդունին:

Ամերիկայի հայկական համագումարի գնահատմամբ, որոշումը մեծ առաջընթաց է, քանի որ նախորդ տարի դեկտեմբերին նախատեսված գորգի մեկօրյա ցուցադրությունը Սմիթսոնյան ինստիտուտում հետաձգվել էր:

Համաձայն Ազգային անվտանգության խորհրդատու Էնթոնի Բլինկենի` Բրեդ Շերմանին ուղղված անցյալ տարվա նամակի` «Սպիտակ տան հավաքածուի մաս կազմում են լիարժեք մշակված ցուցադրություններ, այլ ոչ թե մեկօրյա մասնավոր միջոցառումներ»:   

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, անցած տարի թուրքական կառավարությունն Սպիտակ տան վրա ճնշում է գործադրել` միջոցառումը չեղյալ հայտարարելու համար, որը բացասական արձագանք է գտել Կոնգրեսի անդամների շրջանում: Սենատորներ Էդվարդ Մարքը, Ադամ Շիֆն և Դեյվիդ Վալադաոյը Կոնգրեսի ավելի քան 30 անդամի անունից նամակ են ուղղել Նախագահ Օբամային` կոչ անելով թույլատրել գորգի ցուցադրությունը:  

«Քուլիջի գորգի» ցուցադրության հետաձգման հետ մեկտեղ, Համագումարը հայ որբերի գործած «Քույր գորգը» ցուցադրելու քարոզարշավ սկսեց: Այս ընթացքում «Քույր գորգը» ցուցադրվել է Բոստոնում, Մասսաչուսեթս և Բոկա Ռեյթոնում:

1925թ. «Նյու Յորք Թայմս»-ի գլխավոր խմբագիր և Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց ընկերության փոխնախագահ, դոկտոր Ջոն Հ. Ֆինլին նվիրեց Հայոց Ցեղասպանության որբերի կողմից պատրաստված գորգը գործող Նախագահ Քալվին Քուլիջին: Գորգը պարտաստվել էր ի երախտագիտություն՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածներին Ամերիկայի ցուցաբերած օգնության և մեծահոգության: Ինչպես նախկինում հաղորդվել է, գորգը ցուցադրվել էր Սպիտակ տանը 1984 և 1995 թվականներին, սակայն դրանից ի վեր չի ցուցադրվել: Այս հարցը Համագումարը բարձրաձայնել է բոլոր ԱՄՆ-ի վարչակազմերի առջև:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]