Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

30 երկրի երիտասարդներ Հայաստանում կմասնակցեն միջազգային երիտասարդական ֆորումին


ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 30 երկրի 200 երիտասարդ կհամախմբվեն Երևանում` մասնակցելու միջազգային երիտասարդական ֆորումին: Միջոցառման կազմակերպիչները` Հայաստանի եվրոպական երիտասարդական պառլամենտի անդամները այն բնորոշում են որպես աննախադեպ միջոցառում, որը մինչ այս Հայաստանում տեղի ունեցած ամենախոշոր իրադարձությունն է: Մայիսի 1-5-ն անցկացվելիք միջոցառումը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում:

«Եվրոպական երիտասարդական պառլամենտը կրթական ծրագիր է, որը շուրջ 1, 5 տարի Հայաստանում իրականացնում է մի շարք ծրագրեր, համագործացություն մի շարք համալսարանների հետ: Երիտասարդական պառլամենտներ են գործում ավելի քան 42 երկրներում, նաև Հայաստանում: Սա մեծ մասշտաբի իրադարձություն է, որին կմասնակցեն 200 երիտասարդ` աշխարհի 30 երկրներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Հայաստանի եվրոպական երիտասարդական պառլամենտի նախագահ Հովսեփ Պատվականյանը:

Ֆորումի մասնակիցնեը կաշխատեն մի շարք կոմիտեներում` տնտեսական և արժութային հիմնահարցերի, արտաքին գործերի, մարդու իրավունքների, շրջակա միջավայրի,  հետազոտության և էներգետիկայի, քաղաքացիական ազատության, ներքին գործերի և արդարադատության, սահմանադրական գործի: Ֆորումի ընթացքում կքննարկվեն այսօր Եվրոպայի և Արևելյան գործընկերության երկրների համար արդիական նշանակություն ունեցող մի շարք հիմնահարցեր, այդ թվում` հայ-թուրքական սահմանի, Սերբիա-Ալբանիա խնդրի, Հայոց ցեղասպանության ճանաչման և այլն:

«Մասնակիցներն  ընտրվել են երկու փուլով, հետաքրքրությունը մեծ էր: Հայտեր էին ներկայացրել 90 երկրից, սակայն կմասնակցեն 30 երկրի պատվիրակներ»,- նշեց Եվրոպական երիտասարդական պառլամենտի խորհրդի անդամ Նարինե Դանեղյանը:

Դանեղյանն ընդգծեց նաև, որ մասնակիցները կծանոթանան Հայաստանի պատմությանը և մշակույթին` կայցելեն վանքեր և մինչքրիստոնեական ժամանակաշրջանի տեսարժան վայրեր:

Պառլամենտի խորհրդի անդամ Արեգ Քոչինյանն ընդգծեց, որ Թուրքիայից ևս պետք է մասնակցեր պատվիրակություն, որը վերջին պահին հրաժարվեց: «Միջազգային պատվիրակներն ապրելու են մեր կողմից ընտրված հյուրանոցներում, իսկ ծախսերը հոգում է Եվրոպական երիտասարդական պառլամենտը»,-հավելեց Քոչինյանը` ընդգծելով, որ պառլամենտը քաղաքական և ֆինանսական առումով անկախ է: 

Ֆորումից հետո ընտրվելու են լավագույն պատվիրակները, ովքեր Բարսելոնայում կմասնակցեն Եվրոպական երիտասարդական պառլամենտի 42 անդամ պետությունների 10-օրյա հավաքին: Մասնակիցները քննարկելու են տարբեր հարցեր, ընդունվելու են նաև բանաձևեր տարբեր թեմաներով: 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ