Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Բրունո Բրունին Հայաստանում կներկայացնի իր տարբեր տարիների գործերը


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի գեղանկարիչ Բրունո Բրունին Հայաստան է ժամանել` ներկայացնելու իր տարբեր տարիների գործերը: Հայաստանի ազգային պատկերասրահում ապրիլի 26-ից մինչև հունիսի 2-ը կներկայացվի նկարչի աշխատանքների հետահայաց  ցուցահանդեսը: Ազգային պատկերասրահում կազմակերպվող ցուցահանդեսի առիթով լույս է տեսել նրա աշխատանքների կատալոգը` հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով:

«Իմ նկարներն ընթեռնելի են, եթե նայում եք նրանց, կարող եք պարզ ընկալել դրանք: Իտալիայի արվեստը հայտնի է հատկապես Վերածննդի նկարիչներով: Ես շարունակում եմ կրթվել, վերադառնում եմ հին վարպետներին, փորձում սովորել նրանցից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Բրունո Բրունին:

Ազգային պատկերասրահում նկարիչը տեսել է հայկական որմնանկարներ և դրանք նմանացրել է իտալականներին: Բրունին համոզված է, որ հայերը և իտալացիները քրիստոնյաներ են, և երկու ժողովուրդների մտածելակերպը շատ նման է: Սա նույնպես իր տեղն է գտնում արվեստում: «Հայաստանը, ցավոք, այնքան էլ լավ չեմ ճանաչում, կփորձեմ շրջել, ճանաչել, բայց այն, ինչ արդեն տեսել եմ, շատ է դուր եկել ինձ»,-հավելեց Բրունին:

«Ցուցահանդեսն ընդգրկում է Բրունիի կեսդարյա գործունեության բոլոր փուլերը: Իր արվեստում կնկատեք նաև որոշակի կապ հայ-իտալական մշակույթների միջև: Նա ինքն իրեն համարում է  իտալական դասական արվեստի կրող»,- նշեց «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանը:

Անտիկյանն ընդգծեց, որ նկարիչը կհանդիպի հայ ուսանողների հետ: Նրա մասին հայկական կողմը կնկարահանի նաև ֆիլմ, որը կներկայացվի մոտ ժամանակներս:

Իտալական «Ռենկո» շինարարական կազմակերպությունը ցուցահանդեսի բացառիկ հովանավորն է: «Ռենկո» ընկերության նախագահ Ջիովաննի Գասպարինին Հայաստանի հանդեպ մեծ սեր է տածում, վստահ է, որ շատ լավ ցուցահանդես են կազմակերպում: «Միայն Հայաստանում ենք մենք կազմակերպում միջմշակութային փոխանակություններ: Այս ցուցահանդեսը մշակութային առաջին նախաձեռնությունը չէ, մենք նաև Պեզարո քաղաքում կազմակերպել ենք հայ արվեստագետների ցուցահանդես: Այս տարի մեր երկրից ենք մի հատված բերել ձեր երկիր: Իզուր չէ, որ «Ռենկոն» որոշել է Հայաստանի հետ համագործակցել մշակութային առումով: Հայաստանում մենք տեսնում ենք մշակութային բարձր մակարդակ»,-ընդգծեց Ջիովաննի Գասպարինին:

Բրունո Բրունին ծնվել է Գրադարայում` Իտալիայի Պեզարո և Ուրբինո շրջանում: Այնուհետև տեղափոխվել է Համբուրգ և ընդունվել Գեղեցիկ արվեստների ակադեմիա (Hochschule für bildende Künste): 1970-ական թվականներին Բրունին հայտնի է դառնում միջազգային արվեստի աշխարհում որպես լիթոգրաֆիստ, նկարիչ և քանդակագործ: 1977 թվականին նա հաղթում է Լիթոգրաֆիայի Senefeld միջազգային մրցույթում: Սկզբնական շրջանում նրա արվեստի վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանացի էքսպրեսիոնիստները` Օտտո Դիքսը և Ջորջ Գրոսը, ինչպես նաև իտալացի անտիկ վարպետները: Բրունո Բրունին այն քիչ լիթոգրաֆիստ արվեստագետներից մեկն է, ով «ողջ աշխատանքը նկարում է անմիջապես քարի վրա»:

Միջոցառումը  կազմակերպվում է ՀՀ Նախագահի և Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանու ներքո:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ