Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 24-ին ունենում է գրեթե 100 հազար այցելու

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 24-ին ունենում է գրեթե 100 
հազար այցելու

ԵՐԵՎԱՆ,  24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տարեկան այցելությունների թիվը գրեթե 200 հազար է, իսկ ապրիլի 24-ին թանգարան այցելողների թիվը՝ 50-100 հազար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Խաչատուր Կոբելյանը տեղեկացրեց, որ Ծիծեռնակաբերդ այցելած և անմար կրակի շուրջ ծաղիներ դրած անձանց զգալի մասն այցելում է նաև թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու ցեղասպանության մասին վկայող փաստերին և նմուշներին։ «Այս տարի հնարավոր է այցելուների թվի փոքր-ինչ նվազում, քանի որ ներկա պահին Հայոց ցեղասպանության թանգարանում ընթանում են հիմնանորոգման և նոր թանգարանային ցուցադրության պատրաստման աշխատանքներ: Սակայն այցելուներն այսօր հնարավորություն կունենան տեսնելու Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը»,-ասաց նա։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բացվել է 1967 թ-ի նոյեմբերի 29-ին. ավելի քան չորս տասնամյակ այն ընդունում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի համար այցելող հայերին ու օտարերկրացիներին: Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք եւ բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն: Մինչեւ համալիրի հիմնական մաս հասնելը, այցելուները անցնում են 100 մետր երկարությամբ ձգվող բազալտե Հուշապատի կողքով, որի վրա փորագրված են քաղաքների անուններ: 1996 թ-ից Հուշապատի վերջնամասում ամփոփվում են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ թուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության: Նրանց թվում են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս XV-ը, Ֆրիտյոֆ Նանսենը, Բոդիլ Բյորնը, Ֆայեզ Էլ Ղուսեյնը, Կարեն Եփփեն: 1988-1990թթ. Հայոց Մեծ Եղեռնի Հուշահամալիրի հարեւանությամբ տեղադրվել են խաչքարեր` ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի: 1995թ-ին բացված Հայոց ցեղասպանության թանգարանում պահվում են պատմական արյունալի դեպքերի վավերագրերը:

Հայոց Ցեղասպանության թանգարանն իր դռներն է բացել 1995թ., երբ նշվում էր Հայոց Ցեղասպանության 80-րդ տարելիցը: Թանգարանի կառույցը (ճարտարապետներ` Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ` Ֆ. Առաքելյան) բացառիկ նախագիծ ունի:  Թանգարանի երկհարկանի շենքը կառուցված է բարձունքի մի կողմում` չնսեմացնելու համար Հուշահամալիրի խիստ ազդեցիկ տպավորությունը: Թանգարանի տանիքը հարթ է` երեսպատված բետոնե սալիկներով: Այստեղից երևում է գեղատեսիլ Արարատյան դաշտն ու փառահեղ Արարատ լեռը:  Այն ունի հիմնական երեք փակ և մեկ բացօթյա ցուցասրահներ:

Գրեթե քսանամյա գործունեության ընթացքում թանգարանն բազմաթիվ այցելուների է ընդունել, այդ թվում` դպրոցականների, ուսանողների և աննախադեպ թվով զբոսաշրջիկների, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանից:

Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարան նախատեսված է պետական արարողակարգով, ուստի բազմաթիվ օտարերկյա պատվիրակություններ արդեն իսկ այցելել են թանգարան: Նրանց թվում թանգարան են այցելել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակը, այլ հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]