Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ընկերներն երբեք չեն պատրաստվում Համո Սահյանին բացակա դնել

Ընկերներն երբեք  չեն պատրաստվում Համո Սահյանին բացակա դնել

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին բանաստեղծի ծննդյան օրը` ապրիլի 14-ին,  Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրմին ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությունով:  Սահյանի անունը կրող Երևանի թիվ 70 դպրոցի աշակերտների  ասումունքի,  ընկերների ու հարազատների հուշերն ու մեծարման խոսքերի շնորհիվ պանթեոնն իսկապես ողողված էր սահյանական շնչով:

  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ Սահյանը մեր ժամանակների հրաշալի բանաստեղծներից մեկն է:

«Համո Սահյանը ծնվել էր Լոր գյուղում, շատ տարիներ ապրել է Բաքվում, հետո` Երևանում: Կարելի է ասել` շատ դառնություններ է տեսել, բայց նրա պոեզիայում այդ դառնությունները վերածվել են բնության երգերի` հրաշալի պայծառ, շողշողուն վիճակները, մարդկային փոխհարաբերությունների մաքուր եզերքները տեսնելով»,- կարծիք հայտնեց Միլիտոնյանը, ում գնահատմամբ մեծանուն բանաստեղծի պոեզիան ամբողջովին շնչում է մարդու և բնության միասնականությամբ:

«Պատահական չէ, որ մահից հետո տարիներ անց էլ նրա բանաստեղծություններն այսօր շատ կենդանի են, թրթռուն են, հնչում են մարդկանց շուրթերին: Երբ նրա հետ հանդիպում էի, ինքը կարծես 100 տարեկան լիներ, ծեր:  Իրականում կարող է 60 տարեկան լիներ, բայց նույնքան ծեր էր թվում, սակայն այդ ծերությունը ոչ թե տարիքի, այլ խոհուն հոգու, ձորերի, լեռների, բարձունքների խորությունը ասես լիներ»,- պարզաբանեց ՀԳՄ նախագահը` հավելելով, որ Սահյանը ոչ միայն բանաստեղծ էր, այլև փիլիսոփա, բարեկամ, մթնոլորտ ստեղծող:

 «Ես ուզում եմ բոլորիս շնորհավորել այս մեծ տոնի առթիվ: Համո Սահյանի 100-ամյակը տոն է ոչ միայն իր ընկերների, գրողների, այլև ամբողջ հայ ժողովրդի համար: Ես բախտ եմ ունեցել Համո Սահյանի հետ ընկեր լինելու 25 տարուց ավելի: Այս մասին նույնիսկ աշխատություն եմ գրել: Այդ ընթացքում կարողացել եմ նրա հոգին պեղել ինչ-որ չափով»,-  ասաց «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի նախագահ Շչորս Դավթյանը:

Նրա կարծիքով, «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» հայտնի բանաստեղծության մեջ արծարծվում է Սահյանի էությունը:

Դավթյանի տեղեկացմամբ, այս տարի բանաստեղծի պոեզիայի սիրահարները հնարավորություն կունենան վայելելու նրա «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների ժողովածուն արդեն հինգերորդ հրատարակությամբ:

 «Ուզում եմ բոլորիդ իր պատգամը հաղորդել, ինքն ասաց. «Ինձ բացակա չդնեք»: Ուզում եմ, որ երբեք Համո Սահյանին ոչ մի առիթով բացակա չդնեք»,- ավելացրեց բանաստեղծի ընկերը:

Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, ով ճանաչել և մտերիմ   է եղել Սահյանի հետ, նշեց, որ մեր խնկարկումի խոսքերը,  չպարտադրված,  ավերապահ ինքնաբուխ սերը մեծ պոետի, մեծ գեղագետի, մեծ իմաստասերի հանդեպ վկայում է նրա անմահության մասին:

«Մեզանից յուրաքանչյուրի մեջ մշտապես թրթռում են Համո Սահյանի տողն ու բառը, բայց Համո Սահյան երևույթի տիեզերական առեղծվածը մեր իրականության մեջ մինչև այսօր դեռ մնում է չբացված»,- ասաց Հակոբյանը:

Նրա գնահատմամբ, Համո Սահյանի պոեզիան անկրկնելի է ու եզակի, և Արցախում նույնպես սիրում ու պաշտում են բանաստեղծին:

«2014 թվականը Արցախի գրողների միության կողմից  հայտարարվել է սահյանական պոեզիայի տարի»,- հայտնեց Արցախի գրողների միության նախագահը` մեջբերելով նաև Սահյանի «Մայրամուտն, ավա՜ղ, մոտ էբարեկամ» բանաստեղծության տողերը:

Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովը տեղեկացրել է, որ համաձայն հաստատված ժամանակացույցի` ապրիլի 15-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծ բանաստեղծի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Պետական պատվերով կհրատարակվեն Սահյանի ստեղծագործությունների քառահատորյակը  և կթողարկվի բանաստեղծությունների խտասկավառակը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Շողակաթ» հեռուստաընկերությունը կնկարահանի «Համո Սահյան. քարափներից` երկինք» երկմասանի հեռուստաֆիլմը:
ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական  ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվել են Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող բանաստեղծի թանգարանի վերակառուցման աշխատանքները: Տուն-թանգարանի բացումից հետո կգործի նաև մշտական ցուցադրությունը:  Տուն- թանգարանի բակում նախատեսվում է տեղադրել քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած մեծանուն բանաստեղծի կիսանդրին:
2014 թվականի ընթացքում Երևանի, Սյունիքի և հանրապետության այլ մարզերի գրադարաններում, մշակույթի տներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում տեղի կունենան պոզիայի երեկոներ, Սահյանական ընթեցումներ, գիտաժողովներ, թեմատիկ ցուցահանդեսներ, շարադրությունների և ասմունքի մրցույթներ և այլ միջոցառումներ` նվիրված մեծ բանաստեղծի 100-ամյա հոբելյանին:  

 Միջոցառմանը ներկա էին հայասարակական-քաղաքական անվանի գործիչներ, բանաստեղծի ընկերները, պարզապես նրա պոեզիան գնահատող մարդիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]