Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն հաստատել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում /լրացվում է/

ՀՀԿ-ն հաստատել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի 
պաշտոնում /լրացվում է/

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի  թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում վարչապետի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, ինչը հաստատվել է նիստերի ընթացքում:

Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ դեռևս փետրվարին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմել է խնդրանքով՝ ընդունել իր հրաժարականը, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել դիմումի ներկայացման պահը հետաձգել` մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն` հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարությանհրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: ՀՀ նախագահն ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել` կառավարության հրաժարականն ընդունելու մասին: 

Կենսագրություն

Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում: 

Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 

Ծառայել է խորհրդային բանակում: 

1990-1991թթ. Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ: 

1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն: 

1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 

1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 

1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ: 

1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ: 

2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար: 

2001-2002թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար: 

2002-2005թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար: 

2005-2007թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով: 

2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար: 

2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 

2008թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 

2008թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: 

2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 

2011թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են: 

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 

2012թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 

2005 թվականից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է: 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ է: 

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ: 

ՀՀ Նախագահի 2012թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար` ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով, «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով: 

Ամուսնացած է, ունի երեք զավակ եւ յոթ թոռնիկ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]