Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում «Տիեզերքը և Հայաստանը» ֆոտոցուցադրությունն արթնացրել է տիեզերական հետաքրքրություն

Երևանում «Տիեզերքը և Հայաստանը» ֆոտոցուցադրությունն արթնացրել է 
տիեզերական 
հետաքրքրություն

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերագնացության միջազգային օրը Հայաստանում նշում են բացառիկ ֆոտոցուցադրությամբ՝ նպատակ ունենալով աճող սերնդին ծանոթացնել անցյալի ձեռքբերումներին: Ապրիլի 11-ին Երևանում Մոսկվայի տան ցուցահանդեսային սրահում «Արմենպրես» լրատվական գործակալությունը «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի հետ համատեղ անցկացնում են «Տիեզերքը եւ Հայաստանը» լուսանկարների ցուցադրություն և ֆիլատելիստական ցուցահանդես` նվիրված Տիեզերագնացության միջազգային օրվան և Յուրի Գագարինի ծննդյան 80 ամյակին: Ցուցադրությանը ներկայացված են տիեզերական թեմատիկայով ավելի քան 4 տասնյակ լուսանկարներ, ինչպես նաև ֆիլատելիստական ցուցանմուշներ:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն իր խոսքը սկսեց Մարտիրոս Սարյանի հետ կապված դրվագ պատմելով: «Երբ Մարտիրոս Սարյանին հարցրեցին` երբ գիտությունը կլուծի բոլոր խնդիրները, ինչո՞վ կզբաղվի մարդկությունը: Սարյանը պատասխանեց՝ նկարչությամբ և աստղագիտությամբ»,- նշեց Անանյանը: Նա իզուր չհամարեց այն, որ մարդկության լավագույն պահերն անվանում են աստեղային ժամեր: «Մենք բոլորս նայում ենք երկնքին մեզ հետաքրքրում են աստղերը, մեզ հետաքրքրում է տիեզերքը»,- ասաց գործակալության տնօրենը՝ հիշեցնելով հայազգի միակ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանի մասին: «Փոխարենը մենք ունեցել ենք հսկա մեծություններ, ովքեր իրենց ներդրումն են բերել համաշխարհային աստղագիտության զարգացմանը»,- նկատեց Անանյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ ունի երիտասարդ սերնդին ոգեշնչելու զբաղվել աստղագիտությամբ:


«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Արմինե Թութունջյանը հիշեցրեց, որ ապրիլի 12-ը՝ Տիեզերագնացության միջազգային օրը, տոն է տարիքային բոլոր խմբերի մարդկանց համար: «Մեծահասակների և միջին տարիքի մարդկանց համար սա հայրենասիրության և սեփական երկրի համար հպարտության տոն է»,- ասաց Թութունջյանը՝ հիշեցնելով այն օրը, երբ հաղորդվեց Յուրի Գագարինի տիեզերք դուրս գալու մասին: «Ես այն ժամանակ փոքր երեխա էի, ես դեռ դպրոց չէի գնում, բայց այդ օրը շատ վառ հիշվեց և մնաց իմ կյանքում»,- իր հույզերով կիսվեց Թութունջյանը: Նա հավելեց տիեզերքի յուրացման լուրի հաղորդման վիթխարի ոգևորիչ նշանակության մասին, որն առաջացրել էր էմոցիոնալ պայթյուն:

Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանը հիշեցրեց, որ նախկինում երիտասարդներին մշտապես տանում էին նմանատիպ ցուցադրությունների և ծանոթացնում գիտության և մշակույթի նվաճումներին: «Ցավոք, այժմ մենք մի փոքր նահանջել ենք դրանից, բայց ուրախ եմ, որ այստեղ վերականգնվում են այդ ավանդույթները»,- ասաց Միքայելյանը՝ հիշեցնելով տիեզերագիտության բնագավառում հայազգի գիտնականների մեծ ներդրման մասին:

Ցուցադրությանը նյութեր տրամադրած ֆիլատելիստ Մերուժան Գալստյանը 45 տարի է զբաղվում է ֆիլատելիայով և այդ ընթացքում մասնակցել է 120-ից ավելի ցուցահանդեսների: Մասնավորապես, 2011 թվականին Կալուգայում տեղի ունեցած` Յուրի Գագարինի «Վոստոկ» տիեզերանավով թռիչքի 50-ամյակին նվիրված միջազգային ցուցահանդեսում Գալստյանի «Սոյուզ Ապոլլոն» հավաքածուն արժանացել է ոսկե մեդալի և գլխավոր մրցանակի: Գալստյանը պատմեց, որ Յուրի Գագարինի հետ հանդիպումից հետո է սկսել հավաքածուներ հավաքելը:

Տիեզերքին նվիրված ցուցադրությունը հետաքրքրել էր մի քանի տասնյակ երեխաների, ովքեր, չթաքցնելով հիացմունքը, ուշադրությամբ էին զննում ցուցանմուշները: Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ով «Արմենպրես»-ի տնօրենի ուղեկցությամբ շրջեց դահլիճում՝ ծանոթանալով ցուցանմուշներին: Ցուցադրությանը ներկայացված են տիեզերական թեմատիկայով ավելի քան 4 տասնյակ լուսանկարներ, ինչպես նաև ֆիլատելիստական ցուցանմուշներ:

Արխիվից լուսանկարների պեղման քրտնաջան աշխատանքը կատարել է «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկայի պատասխանատու խմբագիր Ֆելիքս Առուստամյանը, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Ապրիլի 12-ին աշխարհը նշում է Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը: 2011 թվականի ապրիլի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև Է ընդունել ապրիլի 12-ը տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր հռչակելու մասին: Վեհաժողովը ճանաչել Է, որ «այդ պատմական իրադարձությունը ճանապարհ բացեց ի բարօրություն ողջ մարդկության տիեզերական տարածությունը հետազոտելու համար»:

1961 թվականի ապրիլի 12-ին ռուս տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինն աշխարհում առաջինը թռավ երկրագնդին մոտ տիեզերական տարածություն «Վոստոկ-1» տիեզերանավ-արբանյակով և 1 ժամ 48 րոպեում պտտվեց երկրագնդի շուրջը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]