Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Ռումինիայի խորհրդարանում դատապարտել են Քեսաբի հայության նկատմամբ բռնությունները

Ռումինիայի խորհրդարանում դատապարտել են Քեսաբի հայության նկատմամբ 
բռնությունները

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի խորհրդարանի հայ անդամներ սենատոր Վարուժան Ոսկանյանն/Varujan Vosganian ու պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը/Varujan Pambuccian երեկ խորդարանի վերին եւ ստորին պալատների լիագումար նիստերի ժամանակ ռումինահայ համայնքի անունից հանդես եկան հայտարարությամբ, որով խստորեն դատապարտում են Քեսաբի հայ բնակչության նկատմամբ հարձակումներն ու բռնությունները եւ միջազգային հանրությանը կոչ անում գործուն միջոցներ ձեռնարկել Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման եւ նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի համար։

«Ռումինիայի հայ համայնքի անունից խստորեն դատապարտում ենք Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի եւ շրջակա գյուղերի վրա թուրքական սահմանից ծայրահեղական իսլամիստ գրոհայինների հարձակումները եւ այդ բնակավայրերի բռնազավթումը, որի արդյունքում 700-ից ավելի հայ ընտանիքներ հարկադրված կերպով տարհանվել են, ավերվել, հրկիզվել եւ թալանվել են հայ փոքրամասնությանը պատկանվող անշարժ գույքն ու ունեցվածքը, պղծվել են սրբավայրեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասվում է հայտարարության մեջ։

«Ցանկանում ենք միջազգային հանրությանը հիշեցնել, որ Քեսաբի հայությունը վերջին հարյուրամյակի ընթացքում երրորդ անգամն անընդմեջ ենթարկվում է կոտորածի եւ բռնի տեղահանության։ 1909թ. ապրիլին թուրքական զինված ջոկատների Քեսաբ ներխուժումից եւ քաղաքի հրկիզումից հետո հայերն ապաստան գտան Լաթաքիայում։ 1915թ. Հայոց ցեղասպանության օրերին քեսաբահայության մեծամասնությունը մահվան քայլերթով քշվեց դեպի Դեր Զորի անապատները։ Այսօր` Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, թվով երրորդ տեղահանությունից քեսաբցիները ունեզրկված եւ անհայտ ճակատագրով կրկին ապաստանել են Լաթաքիայում:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, Միավորված ազգերի կազմակերպությանը, մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներին, Եվրոպայի խորհրդին, Եվրոպական միությանը, քաղաքակիրթ մյուս պետություններին, այդ թվում Ռումինիայի եւ Բուլղարիայի կառավարություններին, խստագույնս դատապարտել Սիրիայի հայ փոքրամասնության նկատմամբ ծայրահեղական խմբավորումների բռնությունները, հետաքննել այդ գործողություններին երրորդ երկրների մասնակցության փաստերը, պաշտպանել Քեսաբի հայկական բնակչությանը եւ գործուն միջոցներ ձեռնարկել Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման եւ նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի համար»։

Քեսաբի հայության վիճակի վերաբերյալ Ռումինիայի եւ Բուլղարիայի հայ համայնքների ներկայացուցիչները, մարտի 29-ին բուլղարական սահմանային Ռուսե քաղաքում կայացած միջհամայնքային հանդիպման ժամանակ, հանդես էին եկել նույն բովանդակությամբ համատեղ հայտարարությամբ: Միաժամանակ, դիվանագիտական ուղիներով Ռումինիայի խորհրդարանի եւ կառավարության ուշադրությունն է հրավիրվել հարցի վրա:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]