1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սևան Նիշանյանին ձերբակալելը Թուրքիայում հերթական հային լռեցնելու փորձ է. Նադյա Ույգուն

Սևան Նիշանյանին ձերբակալելը Թուրքիայում հերթական հային լռեցնելու փորձ է. 
Նադյա Ույգուն

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական քաղաքականության արդյունքում Թուրքիայում ճնշումների և հալածանքների ենթարկվող հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանը մեկն է այն հայերից, ում ձայնը երկրում մշտապես լռեցվել է: Նիշանյանի բանտարկությունն ու նրա դեմ իրականացվող գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձ` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ լռեցնելու Թուրքիայում բնակվող հային: Այս ամենը ողջ աշխարհին ներկայացնելու համար է, որ մի խումբ մտավորականներ հիմնեցին «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեն: «Արմենպրես»-ը զրուցել է նախաձեռնության հեղինակներից մեկի` ծնունդով Թուրքիայից, սակայն ներկայում ԱՄՆ-ում բնակվող հայազգի մտավորական Նադյա Ույգունի հետ:

-Լինելով «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեի անդամ և միաժամանակ կառույցի ԱՄՆ համակարգող` ի՞նչ եք կարծում, կոմիտեի հիմնումը ինչպե՞ս կարող է ազդել Սևան Նիշանյանի դեմ տարվող պետական ճնշման քաղաքականության վրա:

-Իբրև կոմիտե` մեր նպատակը հասարակության և հատկապես միջազգային հանրության աչքի առաջ Սևանի դեմ իրականացվող անարդարությունը ի ցույց դնելն է: Քանի որ եթե արվեստի, զբոսաշրջության մեջ այդքան մեծ ավանդ ներդրած գիտնականի նկատմամբ իրականացվող անարդարությունը է ցուըց դրվի աշխարհի առջև, ապա Թուրքիայի նկատմամբ լուրջ ճնշում կգործադրվի:

- Այդ նպատակով մոտ ապագայում կոմիտեն ի՞նչ աշխատանքներ կտանի: Արդեն ունե՞ք հստակ ծրագրեր:

-Այո, կան: Նախ` մենք այժմ տեղ ենք գտնում աշխարհի բոլոր ծայրերի լրատվամիջոցներում և ռադիոյում` ընդհուպ մինչև Հարավային Ամերիկա: Այս հարցում մասնավորապես կարևոր դեր է խաղում Ուրուգվայի հայկական համայնքը: Գերմանիայում «Ցեղասպանության դեմ» կազմակերպության հետ ենք աշխատում: Ապրիլի 2-ին ի պաշտպանություն Սևանի Ֆրանկֆուրտում ելույթ և համերգ տեղի կունենա: Դրա հետ մեկտեղ Եվրոպայի տարբեր քաղաքներում էլ հավաքներ են կազմակերպվում: Կրկին Ֆրանկֆուրտում Սևանին` իբրև ճարտարապետի ներկայացնող ցուցահանդես է նախապատրաստվում: Այսօր էլ Ստամբուլում շնորհանդես և հավաք կա: Այս ամսվա վերջին և ողջ ապրիլի ընթացքում  կոմիտեի հիմնադիր անդամներից Սաիթ Չեթինօղլուն տարբեր եվրոպական քաղաքներում կոնֆերանսներ կիրականացնի:

-2014 թվականի հունվարի 2-ին վերջին ձերբակալությունից առաջ էլ Սևան Նիշանյանը  տարիներ առաջ ձերբակալվել էր, և նրա դեմ մի քանի անգամ դատական գործ էր հարուցվել: Թուրքական պետությունը և, այսպես կոչված, «թուրքական արդարությունը» ինչու՞  են փորձում լռեցնել նրան: 

-Քանի որ Թուրքիայում ընդունված է, որ հայը պետք է միայն լռի: 2015 թվականին մեկ տարի է մնացել, և այս ամենն արվում է նրա համար, որ հայերի ձայնը կտրվի: Քանի որ չի կարելի պատահական համարել բոլոր մարդասպաններին` քրիստոնյաներին և հայերին սպանողներին, դրանք կազմակերպողներին անցյալ շաբաթների ընթացքում ազատ արձակելը, Սևանի դեմ իրականացվող գործողություններին էլ պետք է այդ տեսանկյունից դիտարկել: Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին ընդառաջ ժխտողական պետությունն անում է իր ձեռքը եկած ամեն բան: Երկրից դուրս էլ հսկայական բյուջե ունեն ժխտողականությանը լծված լոբբիստական կազմակերպությունների համար: Այսինքն, լռեցվողը պարզապես սովորական հայ է:

-Թուրքիայում ազգային փոքրամասնությունների և հատկապես հայերի նկատմամբ դեռևս հին ժամանակներից եկող ճնշումներն այսօր էլ շարունակվում են: Այս իրադրությունը ե՞րբ և ինչպե՞ս կարող է փոխվել:

-Այս իրադրությունը դեռ երկար ժամանակ կմնա անփոփոխ, քանի որ ամեն բան առաջին հերթին սկսվում է կրթությունից: Օրինակ, եթե փոխվի պատմության դասագրքերում Թուրքիայի Հանրապետության հորինված պատմությունը, այդ ժամանակ կամաց-կամաց ատելությունն էլ կփոխվի: Պատկերացրեք, որ ողջ պետությունը մի հսկայական ստի վրա է կառուցվել: Նրանց հորինած «ազատագրական պատերազմը» ամենևին էլ «հակաիմպերիալիստական պատերազմ» չէր, ինչպես իրենք են պնդում, այն պարզապես պատերազմի քողի տակ սեփականությունն ու ունեցվածքը խլելու և գողանալու, հայերին ու քրիստոնյա ժողովուրդներին սպանելով` նրանց ուեցվածքով պետություն հիմնելու շրջան էր: 3-4 սերունդ մեծացել է այս հեքիաթն անգիր անելով: Այս ամենը ընդունելու և դրա հետ առերեսվելու ժամանակ միայն կարելի կլինի խոսել արդար պետությունից և երկրից: Այսինքն, եթե այս ամենը չարվի, նրանք ոչ հանգիստ կունենան, ոչ էլ հեղինակություն:

Եվ մեկ էլ անհրաժեշտ է, որպեսզի հեռու մնան ադրբեջանական պետությունից և կտրեն նրա հետ բոլոր կապերը: Արդեն քանի տարի է` մի խումբ քաջ և լավ մարդիկ իրենց կյանքի գնով պայքարում են հանուն այս ամենի: Մենք միգուցե չենք նկատում, սակայն «պատի վրա արդեն ճեղք կա»... Մեկ օր անպայման այդ պատն էլ կքանդվի:

-Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` 2015 թվականին Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը կարո՞ղ է փոխվել:

-Կարո~ղ է փոխվել... Մի պահ հույսով լցվեցինք: Սակայն կառավարությունը փոխելով իր դիրքորոշումը` ժխտողականների հետ համագործակցության մեջ մտավ: Այդ ժխտողական քաղաքականությունը դեռ որոշակի ժամանակ չի փոխվի, չի կարող փոխվել: Սակայն այն, որ արդեն դրա մասին խոսելը հնարավոր է դարձել, խոսում է մեծ դրական փոփոխության մասին: Անգամ եթե մեծ թվով մարդիկ ժխտեն, միևնույն է, նրանք գիտեն այդ խնդրի գոյության մասին: Գիտեն, որ Անատոլիայում քայլելիս ոտքի տակ ընկնող քարերի վրա առկա անհասկանալի տառերը հայկական այբուբենից են: Ուզածի չափ կարող են հերքել, սակայն ողջ աշխարհագրությունում հողի ամեն մի սանտիմետրի տակից հայկական հետք է դուրս գալիս:

-Թուրքական պետության կողմից պատմության հետ առերեսվելու և ցեղասպանությունը ճանաչելով` ներողություն խնդրելու հարցում թուրքական հասարակությունն էլ իր դերակատարությունն ունի: Այս հարցում թուրքական հասարակության ներսում որոշ կարևոր փոփոխություններ տեղի ունեցան: Այս ամենը կարո՞ղ է դրական արդյունքի հանգեցնել:

-Այո, վերջին տարիների շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես արդեն նշեցի, մի խումբ քաջ և բարեխիղճ մարդկանց շնորհիվ: Սակայն, միաժամանակ, պետական քաղաքականությունը հետևողական է նրանց լռեցնելու հարցում: Ցանկացած դրական քայլի դիմաց դրա հակազդեցությունը ևս լինում է: Ժխտողականության հետ ազգային ատելություն և քինախնդրություն է առաջանում: Իրականությանն ու առերեսվելուն մոտենալուն զուգահեռ հակազդեցությունն էլ աճում է: Այդ իսկ պատճառով մեզ մնում է պայքարից չհրաժարվել և չընկրկել:

Հարցազրույցը` Արաքս Կասյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]