Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Եվրատեսիլ-2014»-ում Արամ MP3-ն կներկայացնի «Not alone» երգը

«Եվրատեսիլ-2014»-ում Արամ MP3-ն կներկայացնի «Not alone»  երգը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» միջազգային հեռուստատեսային  մրցույթում Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ին ներկայացնելու է «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը` Արամ MP3-ն:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը մարտի 14-ի երեկոյան եթերում իր խոստմանը հավատարիմ հանգուցալուծեց մրցույթի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկը` ներկայացնելով սպասված երգի և տեսահոլովակի պրեմիերան: Տեսահոլովակի ռեժիսորն է Գրիգոր Գասպարյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը: Երգն ընտրելիս հաշվի են առնվել համաշխարհային երաժշտական արդի միտումները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:

Ինքը` կատարողը, եթերում խոստովանեց, որ ստացվել է բավականին հետաքրքիր երգ, քանի որ օգտագործվել է նաև սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությունը: «Մի սպասեք կրակներ և կրակոտ պարեր, այլ սպասեք ավելի հոգևոր երաժշտություն»,- տեսաուղերձում նշեց Հայաստանի դեսպանը մրցույթում:

Գեղեցիկ համերգային ծրագրի ընթացքում հեռուստադիտողը հնարավորություն ունեցավ վայելել «Եվրատեսիլ» մրցույթում մեր երկրի տարբեր տարիների ներկայացուցիչներ Հայկոյի, Գոռ Սուջյանի, Էմմիի, Սիրուշոյի, Անդրեի, Եվա Ռիվասի կատարումները: Առաջին ալիքի եթերն անմասն չմնաց նաև այլ պրեմիերաներից: Երեկոյի ընթացքում ցուցադրվեց Արամ MP3-ի կյանքի և ստեղծագործական առաջին քայլերի մասին պատմող տեսանյութ: «Մանկական եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան պատվիրակներն ու երգչի գործընկերներն իրենց բարեմաղթանքները, սատարող կոչերը հղեցին երգչին:

Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: «Եվրատեսիլ 2014» 59-րդ ամենամյա մրցույթը տեղի կունենա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: Արամ Mp3-ն մրցույթին ընդառաջ տարեսկզբին ներկայացրեց շվեդական Մալմյո քաղաքում «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող դանիացի Էմիլիի «Only Teardrops» երգի իր մեկնաբանությունը:

Հայաստանի լավագույն ցուցանիշը «Եվրատեսիլ»-ում 2008 թվականին էր, երբ երգչուհի Սիրուշոն իր «Քելե-քելե» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլում Lonely planet երգը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբին չհաջողվեց հայտնվել լավագույն տասնյակում:

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան  իրադարձություններին հետևեց Տաթևիկ Գրիգորյանը  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]