Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Արտեմ Ասատրյանը հանդիպել է «կոլեկտիվ ներդրումային համակարգեր» մասնագիտությամբ առաջին շրջանավարտների հետ


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում տեղի է ունեցել համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «կոլեկտիվ ներդրումային համակարգեր» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի առկա ուսուցման մագիստրոսների հանդիպումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն իր խոսքում նշել է.

«Դուք այն անձիք եք, որոնք որոշում են մեր երկրի ապագան: Այսօր շատ հետաքրքիր, փոփոխություններով լի ժամանակաշրջան ենք անցնում, իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր երիտասարդների ապագային, երկրի զարգացմանը: Ձեր մասնագիտացումն ուղղակիորեն կապված է կոլեկտիվ ներդրումային համակարգերի հետ և այսօր կցանկանայի լսել ձեր կարծիքները, առաջարկությունները, նաև՝ մտահոգությունները մեր կողմից իրականացվող բարեփոխումների, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ»:

Պարոն Ասատրյանը ներկայացրել է բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, օրենսդրական դաշտի, տեղեկատվական համակարգերի արդիականացման, հանրային իրազեկման ուղղությամբ կատարած աշխատանքները, որից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն:  Երիտասարդների հարցերը հիմնականում վերաբերել են կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, իրենց մասնագիտական կարողություններն օգտագործելու հնարավորություններին, երկրի ապագային:

Ավելի քան 3 ժամ տևած հանդիպմանը երիտասարդները հնարավորություն են ունեցել նախարարին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, համատեղ քննարկել իրենց մտահոգությունները, առաջարկությունները, ներկայացնել տեսակետներ: Մասնագիտական բավարար մակարդակի առկայությունը, քննարկման թեմայի հետաքրքիր լինելը, անկաշկանդ մթնոլորտը նպաստել են խնդիրների առարկայական, արդյունավետ քննարկմանը: Նախարարի հարցին, թե սոցիալական պաշտպանության ոլորտի որ հատվածներում են պատկերացնում իրենց հետագա աշխատանքը՝ մասնակիցները նշել են ֆինանսական, բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների, իրազեկման ոլորտները:

«Դուք կոլեկտիվ ներդրումային համակարգեր մասնագիտացմամբ առաջին շրջանավարտներն եք,  և ես ուրախ եմ, որ արդեն ունենք արդիական կրթությամբ մասնագետներ, որոնք ցանկանում են աշխատել սոցիալական պաշտպանության ոլորտում: Մենք ձեր կարիքն իրոք ունենք, և ես պատրաստ եմ աջակցել ձեզ՝  դժվարին և պատասխանատու ոլորտում աշխատելու, ձեր մասնագիտական հմտություններն օգտագործելու, մեր երկրի ապագան համատեղ կերտելու գործում»,- ամփոփե;ով հանդիպման արդյունքները` նշել է նախարար Ասատրյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ