Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Փետրվար

«Հայջրմուղկոյուղի»-ն ներկայացրեց տարեկան գործունեության արդյունքները


ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը մարտի 12-ին Երևանում ընկերության աշխատակիցներին ու շահագրգիռ անձանց ներկայացրեց 2013 թվականի գործունեության արդյունքները: 

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը նշեց, որ արդեն ութ տարի է, ինչ ընկերությունն իր գործունեության հաշվետվությունն է ներկայացնում: ««Հայջրմուղկոյուղի» ընկերության համար 2013 թվականը ևս մեկ հաջողված տարի էր, լի աշխատանքային խոչընդոտներով, նոր զարգացումներով և, ինչու ոչ, մի քանի սխալներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լորենը՝ հավելելով, որ այս տարի ավելի ջանասիրաբար են աշխատելու բաժանորդների սպասարկումը բարելավելու համար:  Միջոցառմանը ցուցադրվեց ֆիլմ ընկերության գործունեության մասին:

«Հայջրմուղկոյուղի»-ն մի շարք ուղղություններով բարելավել է ցուցանիշները: Մասնավորապես, սպառած ջրի դիմաց կանոնավոր վճարողների թիվը 2013 թվականին կազմել է 96 տոկոս՝ 2012 թ.` 94,  և 2011 թ. 91 տոկոսի դիմաց: Ընկերության մուտքերն անցյալ տարի կազմել է 4 միլիարդ 438 միլիոն դրամ՝ 2012 թվականի 4 միլիարդ 193 միլիոն դրամի դիմաց:

«Հայջրմուղկոյուղի»-ն ավելացրել է ջրամատակարարման միջին տևողությունը՝ հասցնելով 16.6 ժամի՝ 2012 թվականի 16 ժամի դիմաց: «Բնակիչ բաժանորդների 98 տոկոսը ստանում է 4 ժամ և ավելի ջրամատակարարում»,- նշված է ընկերության տեղեկագրում:

Ընկերությունն անցյալ տարի 2012 թվականի համեմատ շուրջ 400 միլիոն դրամով ավելացրել է ծախսերը՝ հասցնելով 5 միլիարդ 698 միլիոն դրամի: Ծախսերի 39 տոկոսն ուղղվել է աշխատավարձերի վճարմանը, 18 տոկոսը՝ սպառած էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց վճարումներին: Ընկերությունում միջին աշխատավարձն անցյալ տարի կազմել է 158 հազար 967 դրամ՝ 2012 թվականի 121 հազար 374 դրամի դիմաց:

«Հայջրմուղկոյուղի» ընկերության աշխատակիցների 29 տոկոսը կին է: Կառույցը վերապատրաստման է ուղարկել 393 աշխատակցի: Նախորդ տարի աշխատակիցների միջին թվաքանակը կազմել է 1494` 2012 թ. 1609-ի դիմաց: «Անձնակազմի կրճատումը տեղի է ունեցել ընկերության ցուցանիշների բարելավման և աշխատանքի արդյունավետության բարձրացման արդյունքում»,- նշված է տեղեկագրում: Ընկերությունն արձանագրել է հաջողություններ նաև գործունեության այլ ուղղություններում:

Ընկերությունը նախատեսում է 2014 թվականին 1 ժամով ավելացնել ջրամատակարարման տևողությունը, 5 տոկոսով՝ հավաքագրման ցուցանիշը: «Հայջրմուղկոյուղի»-ն ծրագրում է այս տարի հոսակորուստները նվազեցնել մինչև 70 տոկոս և ապահովել ջրի որակը պետական սանիտարական նորմերի համապատասխան:

Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարման պայմանագիրը ՍԱՈՒՐ ֆրանսիական ընկերության հետ երկարաձգվել է մինչև 2016 թվականի կեսերը: «Հայջրմուղկոյուղի»-ն սպասարկում է 37 քաղաք, 282 գյուղ: Ընկերության բաժանորդների թիվը 270 հազար է, որից ակտիվ՝ 200 հազար: «Հայջրմուղկոյուղի»-ն ունի 395 ջրընդունիչ կառուցվածք, խմելու ջրի մաքրման 9 կայան, 67 քլորակայան, 28 պոմպակայան,  օրվա կարգավորման 270 ջրամբար, 10 հազար կմ բաշխիչ ցանց և 2155 կմ կոյուղու հավաքող ցանց:

 

 




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ