Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ջեյմս Ուորլիքը` Թուրքիա այցի, նախագահների հանդիպման ու բանակցություններին Արցախի մասնակցության մասին. բացառիկ զրույց

Ջեյմս Ուորլիքը` Թուրքիա այցի, նախագահների հանդիպման ու բանակցություններին 
Արցախի մասնակցության մասին. բացառիկ զրույց

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է համարում Արցախի դիրքորոշումների արտացոլումը դրանում: «Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար խորհրդակցում են Լեռնային Ղարաբաղի «դե-ֆակտո» իշխանությունների հետ, վերջին անգամ դա եղել է 2013թ. դեկտեմբերին: Խաղաղության ցանկացած համաձայնագիր հաջողությամբ պսակվելու համար պետք է ներկայացնի բոլոր կողմերի դիրքորոշումները»,-նշեց համանախագահն «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում:

Խոսելով վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպումների և քննարկումների մասին` ԱՄՆ համանախագահը նշեց, որ Թուրքիան ռազմավարական գորընկեր է, ում հետ շատ հարցեր են քննարկվում: «Հետաքրքիր էր լսել Թուրքիայի՝ հարևան երկրի ու Մինսկի խմբի հիմնադիր անդամի տեսակետները տարածաշրջանային հարցերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պետական պաշտոնյաներից և այլ անձանցից: Ինչպես այցի ընթացքում ես նշեցի, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին»,- ասաց Ուորլիքը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումներին` ԱՄՆ համանախագահը հիշեցրեց 2013 թվականին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կոչը հակամարտող կողմերին` վերահաստատելու իրենց հանձնառությունը Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես այն սկզբունքներին, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքների ու ազատ ինքնորոշման իրավունքին և պատրաստելու ժողովուրդներին խաղաղությանը, այլ ոչ պատերազմին: «Վերջին ամիսներին մենք մի քանի կարևոր առաջընթաց քայլերի ենք ականատես եղել, որոնցից առավել նշանակալի է 2013թ. նոյեմբերին նախագահներ Ալիևի ու Սարգսյանի հանդիպումը: Սակայն մեզ մոտ հարց է առաջանում, թե կա արդյոք քաղաքական կամք հակամարտությանը տևական լուծում տալու համար: Առաջ շարժվելու ճանապարհը պետք է որոշեն կողմերը, իսկ Միացյալ Նահանգները պատրաստ է ուժերի ներածին չափով օգնել»,- հայտնեց Ուորլիքը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպման մասին հարցին ի պատասխան` համանախագահը հույս հայտնեց, որ նրանք առաջիկայում էլ կհանդիպեն`շարունակելու արժեքավոր քննարկումները: Նա հաստատեց միտքն այն մասին, որ միայն երկու երկրների նախագահները կարող են ընդունել կարգավորման համար անհրաժեշտ որոշումները: Ուորլիքը վստահեցրեց, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն խորհրդակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ և առաջիկայում կայցելեն տարածաշրջան:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը և ԵՍՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը փետրվարի 3-5-ն այցելել են Ադրբեջան և Հայաստան: Փետրվարի 5-ին համանախագահները ժամանել են Երևան և հանդիպել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Այցի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետները հստակեցնել չի հաջողվել: Փետրվարի 17-ին ԱՄՆ համանախագահը մեկնել է Անկարա, որտեղ վերահաստատել է հավատարմությունը ՄԽ ձեւաչափին: Իսկ փետրվարի 23-ին Փարիզում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի եւ ՄԽ համանախագահների հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]