1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 56. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մարդիկ միմյանց ավելի շատ գեղարվեստական գրքեր են նվիրել

Երևանյան բեսթսելեր 56. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մարդիկ միմյանց 
ավելի շատ գեղարվեստական գրքեր են նվիրել

ԵՐԵՎԱՆ , 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին յոթ օրվա ընթացքում Հայաստանի մի շարք գրախանութներում իսկական եռուզեռ էր տիրում: Ընթերցասերներն ավելի շատ գրքեր էին գնում` փետրվարի 19-ի` Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ նվիրելու իրենց հարազատներին, բարեկամներին, սիրելիներին: Տոնական եռուզեռի արդյունքում «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ հարուստ է հին ու նոր գրքերով:

Փետրվարի 19-ին, ի թիվս բազմաթիվ հայալեզու գրքերի, մեծ քանակությամբ վաճառվել են արտասահմանյան մի շարք հեղինակների` հատկապես ռուսերեն թարգմանված գործերը: Գրախանութներում պարզեցինք, որ Գիրք նվիրելու օրը շատերը գնել են Դեն Բրաունի, Յանուշ Վիշնևսկու, Պաուլո Կոելյոյի, Նիկոլաս Սպարկսի, Բերնարդ Վերբերի, Հարուկի Մուրակամիի և այլ գրողների ստեղծագործությունները: Հայալեզու մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը ևս մեծ պահանջարկ են ունեցել նախորդ շաբաթվա ընթացքում:

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է երիտասարդ բանաստեղծ Կարեն Անտաշյանի  «Ծիլի-Ծով. գիրք հմայության» բանաստեղծությունների ժողովածուն: Այն հանրությանն առաջին անգամ ներկայացվել է բոլորովին վերջերս` փետրվարի 15-ին և հասցրել է ռեկորդային վաճառք արձանագրել: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: «Ծիլի-Ծովը» կենաց հասուն բնազդների և հմայական հետազոտությունների գիրք է: Այստեղ ես սրբազնացնում եմ Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Կյանքի ինքնարարումը ջրից նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելը իրականություն հրահրող հմայություն է». գրել է հեղինակն իր նոր գրքի անոտացիայում: 

Երկրորդ հորիզոնականում է ֆրանսիացի գրողԱնտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Գիրքը հրատարակվել է 1943 թ. և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Գրքին հաջորդում է ֆրանսիացի արձակագիր և թատերագիր Ալբեր Քամյուի «Ժանտախտը» վեպը: Այն ներկայացնում է նացիզմի և ֆաշիզմի հակասությունները:

Գերմանացի գրող Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործությունն այս անգամ չորրորդ հորիզոնականում է: Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը տպագրվել է հեղինակի մահից հետո։

Բեսթսելերի ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը` ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

«Երևանյան բեսթսելեր»-ի վեցերորդ հորիզոնականում գերմանացի գրող Հերման Հեսսեի «Ներսը և դուրսը» ստեղծագործությունն է, որը պատմում է Ֆրիդրիխ անունով մի մարդու մասին: Նրա համար ամենակարևորը տրամաբանությունն է և դրանից հետո միայն` գիտությունը: Չնայած հերոսի ազատամիտ լիելու հանգամանքին, այնուամենայնիվ, նա իրեն կրոնի հանդեպ հանդուրժողաբար է պահում, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի է այն ամենը, ինչ ինքը սնոտիապաշտություն է համարում:

Վարկանիշային աղյուսակի յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում Օնորե դը Բալզակի «Շագրենի կաշին» և «Երեսնամյա կինը» ստեղծագործագործություններն ամփոփող գիրքը:

Սրան հաջորդում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում: 

Անգլիացի գրող Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը ևս ընդգրկվել է «Երևանյան բեսթսելերի» ցուցակում: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է  Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը ևս ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և միջնադարյան ամենաճանաչված ու կարդացված հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի`պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52),  «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Կարեն Անտաշյան
«Ծիլի-Ծով.գիրք հմայության»

Անտարես 119
2 *

Անտուան դը Սենտ Էքզյուպերի
«Փոքրիկ իշխանը»

Անտարես 39
3 *

Ալբեր Քամյու
«Ժանտախտը»

Ապոլոն 30
4 +3

Ֆրանց Կաֆկա
«Դատավարություն» 

Ապոլոն 30
5 -3

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
«Մեծն Գեթսբին»

Զանգակ 30
6 *

Հերման Հեսսեի
«Ներսը և դուրսը»

Ապոլոն 23
7 *

Օնորե դը Բալզակ
«Շագրենի կաշին»և «Երեսնամյա կինը» 


14
8 -3

Գաբրիել Գարսիա Մարկես
«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» 

ՎԱ-ՀԱ 14
9 -1

Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»

Անտարես 13,
10 *

Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության» 

Նաիրի 7

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]