1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանսուա Օլանդը հատուկ ուղերձ կհղի Միսաք Մանուշյանին նվիրված միջոցառման ժամանակ

Ֆրանսուա Օլանդը հատուկ ուղերձ կհղի Միսաք Մանուշյանին նվիրված միջոցառման 
ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկություն է հայտնել հանդես գալ հատուկ ուղերձով` փետրվարի 21-ին Փարիզում կայանալիք` ֆրանսիական դիմադրության շարժման ականավոր գործիչ Միսաք Մանուշյանի եւ նրա ղեկավարած 22 հոգանոց խմբի գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն ասաց, որ մասնակցության նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահինն է: «Օլանդը համարեց, որ Մանուշյանի սիմվոլը բավական զորավոր է հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակից մեկ տարի առաջ եւ գնահատելով նրա դերակատարությունը Ելիսեյան պալատից փոխանցեցին Օլանդի մեծ ցանկությունը` մասնակցել հանդիսությանը»,- ասաց Մուրադ Փափազյանը:

Նրա խոսքերով` ֆրանսահայ համայնքը չի բացառում, որ ուղերձում Օլանդը կանդրադառնա նաեւ Հայոց ցեղասպանությանն ու հերթական անգամ կոչ կանի Թուրքիային առեւերսվել սեփական պատմությանը: «Նա բազմիցս խոսել է այդ մասին, արտահայտել իր դիրքորոշումը: Մեկ անգամ չէ, որ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը պետք է կյանքի կոչվի: Նա հաստատել է դա նաեւ Թուրքիայում եւ չեմ զարմանա, որ փետրվարի 21-ին կրկին շեշտը դնի այս կետերի վրա»,- ասաց Փափազյանը` հավելելով, որ ֆրանսահայ համայնքը լիահույս է, որ շուտով հայտարարություններին կփոխարինի իրական գործընթացն ու մոտ ապագայում Ֆրանսիայում կդատապարտեն Ցեղասպանությունը ժխտողներին:  

Ամենամյա այս միջոցառումը կազմակերպում են Ֆրանսիայի հայ և հրեա համայնքները` օկուպացված Ֆրանսիայում նացիստական զորքերի դեմ պայքար մղած և գնդակահարված Միսաք Մանուշյանի և նրա խմբի 22 անդամներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով: Այս տարի հարգանքի տուրքն առաջին անգամ մատուցվելու է երկրի բարձրագույն մակարդակով և պետական արարողակարգով:

Փետրվարի 21-ին Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված արարողությամբ սկիզբ կդրվի նաեւ Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների ծրագրին:

Մուրադ Փափազյանն ասաց, որ համայնքն ամեն ինչ կանի, որպեսզի Ֆրանսիայում առաջիկա մեկ տարվա ընթացքում բոլորը խոսեն եւ իմանան Հայոց ցեղասպանության մասին: Փափազյանը բոլոր փակագծերը չբացեց, սակայն նշեց, որ ընթանում են միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ: Կլինեն հանդիսություններ, գրքերի շնորհանդեսներ, համերգներ որոնք մարդկությանը կներկայացնեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին:

Միսաք Մանուշյանի հայրը զոհվել է 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Գաղթի ժամանակ եղբոր հետ հայտնվել է Սիրիայում, հետո հինգ տարի ապրել Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցում: 1925թ. տեղափոխվել է Ֆրանսիա, սկզբում Մարսել, ապա՝ Փարիզ։ Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործել գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվել է, երեք ամիս անց, 1944թ.փետրվար 21-ին խմբի անդամների հետ մահապատժի ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]