Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը Գուրգեն Մարգարյանի սպանությունը որակեց որպես մեկանգամյա ցեղասպանություն

Սեյրան Օհանյանը Գուրգեն Մարգարյանի սպանությունը որակեց որպես մեկանգամյա 
ցեղասպանություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի ոճրագործի կողմից քնած ժամանակ կացնահարված Գուրգեն Մարգարյանին նվիրված հիշատակի երթը մեկնարկեց նրա` Լենինգրադյան փողոցում կանգնեցված հուշարձանից եւ շարունակվեց դեպի Եռաբլուր պանթեոն: Հարյուրավոր քաղաքացիներ նախ կիսանդրու մոտ, այնուհետեւ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին հայ սպային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մարգարյանի սպանությունը որակեց որպես մեկանգամյա ցեղասպանություն: «Տասը տարի է անցել, եւ մենք եկել ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ սպային։ Մեր սպային սպանել են միայն այն բանի համար, որ նա հայ է, եւ ոճրագործն էլ խոստովանել է, որ ինքը պատրաստվել է հայ սպանելու»,- ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ հերոսներ են այն մարդիկ, որոնք այսօր առաջին գծում գիշերուզօր պաշտպանում են  հայրենիքը, հակահարված տալիս թշնամու հարձակումներին եւ հարկ եղած ժամանակ իրենց կյանքի գնով հերոսանում։


«Ադրբեջանի համար հերոսները այլ մարդիկ են` նրանք, որոնք կարողանում են գիշերը կացնահարել»,- ասաց պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանն այցելել է նաև Գուրգեն Մարգարյանի ընտանիքին, զրուցել ծնողների հետ։

Հայ սպայի մահվան 10-ամյա տարելիցը հարգեցին ոչ միայն սպայի հարազատներն ու ընկերները, այլեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Զինվոր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, թիվ 22 դպրոցի եւ Գուրգեն Մարգարյանի անվան 126 մանկապարտեզի սաները:


2004թ. փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին  Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին Նախագահ Ալիեւն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց եւ միանվագ վճարեց  8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որին մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]