Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում լույս է տեսել Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան»-ի թուրքերեն տարբերակը

Թուրքիայում լույս է տեսել Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան»-ի 
թուրքերեն տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ականատես Արշալույս Մարտիկանյանի գիրքը` «Հոշոտված Հայաստան»-ը թուրքերեն լույս է տեսել Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը: Գիրքը թուրքերեն է թարգմանել «Ակոս» պարաբերականի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը: «Հոշոտված Հայաստան»-ը հրատարակել է թուրքական Pencere Yayınları հրատարակչությունը: «Թարաֆ» պարբերականի սյունակագիր Օզլեմ Էրթանը, անդրադառնալով գրքի թուրքերեն հրատարակությանը, նշել է, որ սա այն աշխատություններից է, որոնք պետք է կարդալ: «Ճիշտ է, Հայոց ցեղասպանությունից անցել է 99 տարի, և այդ օրերը տեսած ոչ ոք այլևս կենդանի չէ, սակայն միլիոնավոր հայերի մահվան, իսկ ողջ մնացածներին էլ` աշխարհի չորս կողմը սփռվելու պատճառ դարձած Ցեղասպանության առաջացրած տրավման դեռ շարունակվում է: Այդ իսկ պատճառով պետք է կարդալ Արշալույս Մարտիկանյանի պատմությունը` անցյալի ցավոտ ուրվականներին հպվել կարողանալու և խղճի ձայնին ականջալուր լինելու համար...»,- գրել է Էրթանը:

Արշալույս Մարտիկանյանը ծնվել է Խարբերդի նահանգի Չմշկածագ քաղաքում։ Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Հուշագրությունում նկարագրված դեպքերը սկիզբ են առնում 1915 թվականի ապրիլից։ Արշալույսը, որ ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, տեսել է իր սեփական մոր, հոր, եղբայրների և քույրերի սպանությունը։ Նրա ծնողներին դաժանաբար սպանել էին իր աչքի առաջ` Տիրոջն ապավինելու և Նրան հավատարիմ մնալու համար։ Անցնելով տարբեր թուրք փաշաների և քուրդ ելուզակների ձեռքի տակով, ընկնելով հարեմներ և ենթարկվելով տանջանքների` փոքրիկ Արշալույսը մինչև վերջ հավատարիմ է մնում իր հավատքին։

Արշալույս Մարտիկանյանը վախճանվել է 1996 թվականին ԱՄՆ-ում։ Ցավոք, նրա շիրմի տեղն այսօր անհայտ է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]