Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ապրիլին կքննարկի Իրան- Հայաստան երկաթգծի կառուցման հարցը. ՀՀ դեսպան

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ապրիլին կքննարկի Իրան-
Հայաստան երկաթգծի կառուցման հարցը. ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը համոզված է, որ  Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը և ընդլայնումը բխում է իր ազգային շահերից: Այդ համոզմունքը հիմնավորված է նախ և առաջ Իրանի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականությամբ: «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանն անդրադարձավ հայ-իրանական հարաբերություններին, երկկողմ տնտեսական շահերին եւ ներկայացրեց Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ նոր մանրամասներ:

-Պարոն դեսպան, հասկանալի է, որ Իրանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների կիրառումը դժվարություններ էր ստեղծել նաեւ հայ-իրանական տնտեսական մեծ նախագծերի իրականացման համար: Իրանի եւ Արեւմուտքի ժնեւյան պայմանավորվածությունն ու կողմերի կողմից նկատվող հարաբերությունների լավացումն ինչպիսի՞ հնարավորություններ կարող է ստեղծել դրանց կյանքի կոչման համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, նավթամթերատար խողոկավաշարի, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին

-Ինչպես արդեն տեղյակ եք, 2013 թ.  նոյեմբերին  Ժնևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն ու  Գերմանիան, միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ  կայացած բանակցությունների ընթացքում,  եկան  պատմական համաձայնության, ըստ որի, Թեհրանը, տնտեսական պատժամիջոցների թուլացման դիմաց, պարտավորվում էր նվազեցնել աշխատանքները միջուկային ծրագրի շուրջ՝ հնարավորություն տալով միջազգային փորձագետներին առավել խորքային ուսումնասիրություններ կատարել:

Այս պատմական որոշմանն առաջիններից մեկն արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանը, ողջունելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, այդ որոշումը համարելով  ուրախ լուր ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար:

Այս պատմական որոշման արդյունքներն Իրանի ներքին կյանքում արդեն շոշափելի են. կարգավորման փուլում է ազգային արժույթը, գների կայունացման միտումներ են արձանագրվում Իրանի շուկայում, առևտրատնտեսական պայմանագրեր կնքելու համար Իրան են ժամանում եվրոպական երկրների գործարարները և այլն:  Սակայն պատժամիջոցները hայ-իրանական տնտեսական ծրագրերի իրականացման գործընթացը դանդաղեցնող միակ պատճառը չէին: Գոյություն ունեին նաև այլ գործոններ: 2013 թվականի ամռանը Իրանում կայացած նախագահական ընտրությունների տրամաբանությունը և դրան նախորդած անցուդարձերը նույնպես որոշակիորեն ազդեցություն ունեցան մեր համատեղ ծրագրերի իրականացման ընթացքի վրա: Սակայն, ինչպես բոլորս համոզվեցինք, այդ ընթացքը ժամանակավոր էր, և Իրանում նոր կառավարության ձևավորումից անմիջապես հետո նոր թափ ստացան նախորդ շրջանից սկսված աշխատանքները: Այսօր մեր օրակարգի գլխավոր և անհետաձգելի աշխատանքները Ձեր նշած` Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, նավթամթերատար խողոկավաշարի, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին վերաբերող պայմանավորվածություններն են: Մեր աշխատանքային օրակարգի հարցերը թարմացնելու և Իրանում ձևավորված նոր կառավարության հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները վերահաստատելու  նպատակով 2013 թվականի նոյեմբերին Թեհրան ժամանեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ պարոն Արմեն Մովսիսյանը: Այս այցելությանը հաջորդեցին մի շարք փոխայցելություններ, որոնց նպատակը մեր երկկողմ ծրագրերի իրականացման համար լրացուցիչ քայլերի ձեռնարկումն էր:

-Պարոն դեսպան, Իրանի քաղաքականության մեջ ինչպիսի՞ փոփոխություններ են նկատվում Հասան Ռոհանիի գահակալությունից հետո. ի՞նչ նշանակություն կունենա նրա պաշտոնավորումը հայ-իրանական հարաբերությունների, իրանահայ համայնքի  համար:

-Մեր երկրի անկախացումից ի վեր Հայաստանի ու Իրանի ազգային շահերն ընդհանուր գծերով համընկել են: Անցնող 22 տարիների ընթացքում, անկախ նրանից, թե ովքեր են Իրանում ստանձնել նախագահի պաշտոնը, մեր հարաբերությունները եղել են օրինակելի: Իսկ դրա համար, վերը նշվածից բացի, առկա են նաև պատմամշակութային ընդհանրությունների վրա հիմնված գործոններ: Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին լայնախոհ քաղաքական գործիչ է: Դա շոշափելի է նրա նախագահության կարճ ժամանակահատվածում երկրում նկատվող կշռադատված ու հեռանկարային քայլերից: Իրանի նախագահը համոզված է, որ  Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը և ընդլայնումը բխում է Իրանի ազգային շահերից: Այդ համոզմունքը հիմնավորված է նախ և առաջ Իրանի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականությամբ: 

Իսկ Հայաստանի հետ մերձենալու և Հայաստանի մասին պատկերացումներն ամբողջականացնելու հարցում մեծ դեր են կատարել իրանահայերը, ովքեր, անցնող 400 տարիների ընթացքում Իրանում վաստակելով հարգանք վայելելու իրավունքը, երկկողմ հարաբերությունների կերտման հարցում յուրահատուկ կամուրջի դեր են ստանձնել: Այո, այսօր իրանահայերը, ակտվորեն ներգրավված լինելով Իրանի ներկայիս դժվարությունների հաղթահարման ու երկրի կայացման գործին, վայելում են իրենց վաստակած հարգանքը:

 -Պարոն դեսպան, ո՞ր փուլում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, եւ ինչպիսի՞ ժամկետներ են նշվում ծրագրի իրագործման վերաբերյալ:

-Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մի առիթով Վրաստանի նավահանգիստները Հայաստանի տարածքով Իրանի սահմանին կապող  ժամանակակից արագընթաց ճանապարհի կառուցումը (որի մաս է կազմելու նաև Հայաստանն Իրանին կապող երկաթուղային հանգույցը) տրանսպորտային հաղորդակցության առումով հեղափոխական նշանակություն ունեցող ծրագիր է անվանել: Այս ենթակառուցվածքային ծրագրի իրագործումն անկասկած նոր հնարավորությունների հեռանկար է խոստանում նաև հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Արդեն պատրաստ են Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումները: Հայտնի է նաև նախագծի ֆինանսավորող կողմը: Ծրագրի իրականացման շուրջ առարկայական քննարկումները կկայանան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել ապրիլին` Թեհրանում: Նույն ժամկետներում նախատեսվում է նաև հարցի քննարկման եռակողմ հանդիպում: Ժամկետների առումով մենք հարցի պատասխանը կարող ենք ստանալ վերը նշված միջոցառումներից հետո:

 -Իրանում, հակառակ բոլոր խստություններին, թմրաբիզնեսը ծաղկում է: Որպես հարեւան երկիր` Հայաստանը խնդիր ունի ոչ ցանկալի ծավալումների դեմ պայքարելու: Իրանի համապատասխան իշխանություններն այս ուղղությամբ ի՞նչ աշխատանք են ծավալում, եւ այդ ուղղությամբ համագործակցո՞ւմ են ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ:

-Դուք միանգամայն իրավացի եք: Հակառակ Իրանի իշխանությունների ձեռնարկած բոլոր կանխարգելիչ միջոցառումների ու ամենուրեք կիրառվող խստությունների, Իրանի, բնականաբար նաև Իրանի հետ սահմանակից երկրների համար թմրանյութերի ապօրինի շրջանառությունը շարունակում է մնալ օրակարգային խնդիր: Իրան-Հայաստան սահմանային անցումակետում վերահսկողությունը բազմապատկելու և իրանական տարածքում ստուգումների ընթացքը խստացնելու նպատակով վերջերս հանդիպել եմ Իրանի թմրանյութերի  դեմ պայքարի կազմակերպության  ղեկավարության  հետ և ներկայացրել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ իրանական կողմը նույնպես ակտիվորեն  կներգրավվի այդ մերժելի երևույթի դեմ պայքարին և կվերազինի Նուրդուզի մաքսակետը, կհամալրի աշխատակազմը նոր՝ փորձառու աշխատակիցներով: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ՀՀ  ու ԻԻՀ միջև նախկինում ստորագրված համագործակցության մասին համաձայնագրի  լրամշակված տարբերակը ներկայացվի միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի քննարկմանը:

Հարցազրուցը`Հասմիկ Հարությունյանի




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ