Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայրենիքը պաշտպանելու համար հերոսամարտի տարիներին Արցախ էին մեկնել 200 կանայք. վերհիշում է կին ազատակարտիկը

Հայրենիքը պաշտպանելու համար հերոսամարտի տարիներին Արցախ էին մեկնել 200 
կանայք. վերհիշում է կին ազատակարտիկը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարավոր տասնամյակներ հայ կինը պայքար է մղել իր հոր, ամուսնու, որդու հետ կողք կողքի` կռվելով իր երկրի և ժողովրդի անկախության համար: Արցախյան հերոսամարտը ևս բացառություն չէր: 200 փափկասուն տիկնայք կամավոր զինվորագրվեցին և դարձան մեր հաղթանակի կերտողները: 1991 թվականին գնդապետ Աիդա Սերոբյանը հեռուստատեսությամբ լսեց, որ Արցախին բժիշկներ են հարկավոր: Ժամեր անց 36-ամյա բժիշկն արդեն Արցախում էր: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» հասարակական կազմակերպության նախագահ գնդապետ Աիդա Սերոբյանի հետ:

Կին ազատամարտիկի հերոսական ուղին

«1991 թվականն էր: Ես աշխատում էի Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում, աշխատանքից տուն վերադարձա և սկսեցի ճաշ է պատրաստել: Երեխաներս այդ ժամանակ շատ փոքր էին` մեկը դպրոց էր գնում, մյուսը մանկապարտեզ: Հանկարծ հեռուսատեսությամբ լսեցի «Արտակարգ հաղորդագրություն»: Խոհանոցն անմիջապես թողեցի և վազեցի սենյակ: Չէի մտածում, որ Սպիտակի երկրաշարժից հետո ինչ-որ այլ արտակարգ բան կլինի», -վերհիշում է գնդապետ Սերոբյանը:

Հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ Արցախին բուժաշխատողներ են պետք, քանի որ զինվորներից շատերը մահանում են հասարակ վերքից , իսկ Արցախում համապատասխան մասնագետներ չկան: «Ես այդ ժամանակ առաջին բուժօգնության դասընթացներ էի անցկացնում, մտածեցի, որ պետք է գնամ: Ես չեմ կարող չգնալ, ուրիշներին եմ ցույց տալիս, ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել: Իսկ այնտեղ մարդիկ հասարակ վերքերից են զոհվում: Առավոտյան պոլիկլինիկա գնալու փոխարեն գնացի առողջապահության նախարարություն, ասացի, որ լսել եմ հաղորդագրությունը և խնդրեցի ինձ գործուղեն Արցախ: Երբ սկսեցին հարցուփորձ անել, ասացի, որ նույնիսկ քարտեզի վրա չգիտեմ Արցախի տեղը: Բայց գնացի», -պատմեց Սերոբյանը:

Ընտանիքում միայն քույրերն էին տեղյակ, թե ուր է գնում Աիդան: Նա խաբել էր իր մայրիկին և ասել, որ գնում է Ջերմուկ` գործուղման: Որոշ ժամանակ Մարտակերտի հիվանդանոցում աշխատելուց հետո նա դարձավ Հաթերքի պարտիզանական ջոկատի բժիշկ:

«Հրամանատարին ասացի, որ ընդամենը չորս ամսով եմ եկել, պիտի վերադառնամ ընտանիքիս մոտ: Նա ասաց` ոչինչ, հետո մի բան կանենք: Սակայն տուն չվերադարձա: Մարտնչեցի մինչև բանակի հիմնադրումը Հայաստանում և Արցախում: Ամենածանր ու հիմնական մարտերն այդ ժամանակ Մարտակերտում են եղել: Հետո 1993 –ի հունվարին ինձ տեղափոխեցին Արցախ փրկարար ծառայություն` որպես բժիշկ: Մասնակցել եմ մի շարք շրջանների մարտերին, արյունոտ ձեռքերս լվացել եմ Արաքսում»,-հիշում է ազատամարտիկը:

1994-ի հոկտեմբերին Աիդա Սերոբյանը տեղափոխվեց Շուշիի գունդ և դարձավ բատալյոնի բժիշկ: Շուշիի գնդում նա մնաց մինչև պատերազմի ավարտը: Ընդհանուր առմամբ Արցախում նա մնաց 4 տարի` չորս ամսվա փոխարեն:

Արցախյան ազատամարտի ավարտը

«Մի օր կանգնած ենք դիրքերում, վաղ առավոտ էր, և հանկարծ մի զինվոր կանչում է «Աչքդ լույս լինի, դոկտոր, կռիվը պրծել է»: Ես հավանաբար մոտ 15-20 րոպե կրկնել եմ` «Չի կարող պատահել» նախադասությունը: Տարիներով զենքը ձեռքին ռազմի դաշտում կանգնած զինվորին թվում է, թե պատերազմը երբեք էլ չի ավարտվի: Երեք անգամ վիրավորվել եմ, փրկել եմ հազարավոր կյանքեր: Այն ժամանակ չկար ինչ-որ բաժանում` բժիշկն էլ էր կռվում բոլորի հետ: Բժիշկը չէր սպասում, որ մեկը վիրավորվի նոր մի բան անի, բժիշկը մի ձեռքով զենքն էր պահում, մյուսով` առաջին օգնության պայուսակը, և կռվում էր»,- վերհիշում է ազատամարտիկը:

Ընտանիքից բաժանվելը դժվար էր

«Միշտ էլ դժվար է բաժանվել հարազատներից ու սիրելիներից` նույնիսկ մեկ շաբաթով, բայց Արցախյան հերոսամարտում հայ ժողովրդի, հայի լինել չլինելու հարցն էր վճռվում, մտածում ես` որտե՞ղ պետք է ապրի երեխադ, ի՞նչ լեզվով պետք է խոսի: Պիտի պայքարես հայրենիքիդ համար, որ երեխադ հայերեն խոսի և հայրենիք ունենա»,- համոզված է կին ազատամարտիկը:

Հայոց բանակը 22 տարեկան է

Աիդա Սերոբյանը բանակի օրն իր և ամբողջ հայ ժողովրդի համար շատ թանկ է համարում: «Մեզ համար մեծ երջանկություն էր, երբ Հայաստանը, այնուհետև Արցախը բանակ ունեցավ: Մենք` ազատագրական ջոկատներս, մեխանիկորեն դարձանք նոր կազմավորված հայոց բանակի առաջին զինվորները, և ջոկատներից անցում կատարեցինք բանակի կազմ: Տարբեր ազատագրական ջոկատներ հիմք դրեցին բանակին: Մեր բանակը մեր պարծանք է: Այն ժամանակվա բանակը չի կարելի համեմատել այսօրվա բանակի հետ: Այսօրվա բանակը հզոր է, անպարտելի ու հաղթանակած: Թեկուզ վերցնենք վերջին դեպքը, տեսեք, թե ինը 18-20 տարեկան երեխաներ, որոնք պատերազմ չեն անցել և հարաբերական խաղաղ պայմաններում հայկական սահմանն էին պահում, Արմեն Հովհաննիսյանի հետ ինչպես կարողացան կանխել նախապես պատրաստված հետախուզական և դիվերսիոն խմբերի հարձակումը: Եվ այդ երեխաները փրկեցին բոլորին: Ահա թե ինչ է նշանակում բանակը: Մեր բանակը հզոր է, պատրաստված, մեր զինվորները հայրենասեր են»,-հպարտությամբ նշում է կին ազատամարտիկը:

Կին ազատամարտիկներ

Հայրենիքը պաշտպանելու համար հերոսամարտի տարիներին Արցախ էին մեկնել 200 կանայք, որոնցից 42-ը զոհվել են: Գնդապետ Աիդա Սերոբյանը հազմոզված է, որ երբ կինը կամավոր պատերազմ է գնում, չի կարելի ասել, թե կանայք քիչ էին: « Եթե համեմատենք տղամարդականց թվաքանակի հետ` քիչ էինք: Բայց երբ մտածում ես, որ կինը կարող է թողնել իր փոքրիկ երեխաներին և իր ձեռքը զենք վերցնել` մեծ հերոսություն է: Չէ՞ որ մոր համար իր երեխայից թանկ ոչինչ չկա: Ոչ մի թշնամի չի փրկվի, երբ կինը գնում է հայրենիքը պաշտպանելու»,-նշեց Սերոբյանը:

1998 թվականին Սերոբյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» հասարակական կազմակերպությունը, որի շուրջ են համախմբվել բոլոր կին ազատամարտիկները: Աիդա Սերոբյանը, հիմնադրելով կազմակերպությունը, կատարել էր իր ընկերուհիներին մարտի դաշտում տված խոստումը: Այդ խոստման համաձայն` կենդանի մնացած 5 կանանցից որևէ մեկը պետք է պատերազմից հետո օգներ Արցախի մյուս ազատամարտիկ կանանց: Կենդանի էր մնացել միայն Աիդա Սերոբյանը:

Կին ազատամարտիկները հունվարի 28-ին կհավաքվեն, կվերհիշեն իրենց զոհված ընկեր-ընկերուհիներին, կխոսեն իրենց խնդիրների մասին: Կայցելեն Եռաբլուր և Մոնումենտ: Իսկ պատերազմի վտանգի դեպքում նորից կպայքարեն` հանուն հայրենիքի:

Կին ազատամարտիկի ներկան

Աիդա Սերոբյանն այսօր ռազմագիտություն է դասավանդում  Պետական հումանիտար քոլեջում, նախազորակոչային տարիքի տղաներին պատրաստում է բանակի համար, պատմում է պատերազմի տարիների մասին:

«Աղջիկներս ասում են` «Տիկին գնդապետ, որտե՞ղ սովորենք, որ ձեր համազգեստից կրենք»:  Ասում եմ, փառք Աստծո, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն այսօր աղջիկների էլ է ընդունում: Կինը թե’ պատերազմում և թե’ խաղաղ պայմաններում պետք է բանակին, որովհետև ցանկացած վախկոտ տղամարդ կնոջ ներկայությամբ խիզախ երևալ է ցանկանում: Բանակում այսօր հազարավոր կանայք ունենք»,-նշում է Սերոբյանը:

Կին ազատամարտիկը համոզված է, որ երեխայի մեջ հայրենասիրություն և մարդասիրություն պետք է սերմանել օրորոցից: Իր թոռնիկ Ալեքսանդրն ապագա գեներալ է: «Ատամհատիկին մի ձեռքով իմ պագոններն է վերցրել, մյուսով` մի գիրք: Բանակի համար կանոնագրքեր է գրելու»,- ժպիտով ասում է Աիդա Սերոբյանը:

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]