1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արաբական գարնան երեք տարին ու դրա վերջին զոհը՝ Սիրիան. վերլուծություն

Արաբական գարնան երեք տարին ու դրա վերջին զոհը՝ Սիրիան. վերլուծություն

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը մեծ շուքով նշում է արաբական գարնան եռամյակը. 2011թ. հունվարի 25-ին, Կահիրեում սկսվեցին զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում էին երեսուն տարի պաշտոնավարած Նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: Խաղաղ ցուցարարներից անկառավարելի ամբոխի վերածված ամբոխը շուտով ստիպեց Մուբարաքին հեռանալ, ավելին՝ նրան հաջորդած Մուհամեդ Մուրսին էլ երկար չպաշտոնավարեց և գահընկեց արվեց նույն եղանակով, ինչպես և եկել էր իշխանության: Երկիրը հանձնվեց ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի և բանակի ձեռքը, սակայն դրանից Եգիպտոսը, ինչպես և արաբական մյուս երկրները, ավելի ժողովրդավարական չդարձավ, եթե ոչ հակառակը: Ավելին՝ Մուբարաքի տապալման եռամյակն արաբական այս երկիրը դիմավորում է խոր անկայունության, անորոշության և բանակ-«Մահմեդական եղբայրներ» շարունակող դիմակայության պայմաններում:

Փաստացի, արաբական գարունը ոչ միայն չիրանակացրեց իր սկզբնական նպատակը՝ արաբական երկրների ու ժողովուրդների ազատականացումն ու ժողովրդավարացումը, այլև հակառակը՝ զգալի վնաս հասցրեց տարածաշրջանի երկրների տնտեսությանը, փորձագետների  գնահատմամբ՝ մոտ 800 միլիարդ դոլարի: Արևմտյան երկրների փայփայած իդեալը՝ մերձավորարևելյան երկրներում ստեղծել ժողովրդավարության կղզյակներ, խեղդվեց արյան մեջ, և այդ երկրների մեծ մասը մինչ այսօր խարխափում է քաղաքացիական պատերազմի և զանգվածային անկարգությունների բովում կամ էլ վերականգնում է կորուստները:

Սակայն արաբական գարնան ներշնչողների՝ ուսանողների և արևմտամետ մտավորականության հիմնական նպատակը հենց այդ էր՝ քանդել արաբական աշխարհի և մնացյալ աշխարհի միջև երկաթյա պատը: Մերձավորարևելյան երկրների հասարակությունները հոգնել էին նաև տասնամյակներով իրենց երկիրը միահեծան կառավարող նորօրյա բռնապետներից ու նաև քաղաքական փոփոխություններ էին ակնկալում:

Իհարկե, արաբական գարնան հետևանքները մերձավորարևելյան բոլոր երկրներին չէ, որ հիասթափեցնում են: Թերևս, ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներ Քաթարը, Սաուդյան Արաբիան և, իհարկե, Թուրքիան, որոնք զարմանալիորեն շրջանցեցին հեղափոխական ալիքի վայրիվերումները, հասան որոշակի արդյունքների՝ նրանց հիմնական մրցակիցներն արաբական և մահմեդական աշխարհում էականորեն թուլացան և զրկվեցին նախկին դիրքից: Նավթագազային տնտեսության մերձավորարևելյան առաջատարներից մեկը՝ Լիբիան, չեզոքացվեց, և համաշխարհային շուկայում արդեն չկա որևէ լուրջ մրցակից: Այսօր Լիբիան գոյություն ունի միայն քարտեզի վրա՝ այն զուրկ է երբեմնի տնտեսական հզորությունից, բոլոր հիմնական ռեսուրսներն ավերված ու թալանված են, ու երկիրն էլ մասնատման շեմին է:

Հարաբերական կայունության հետաքրքրական բացառություն է Թունիսը, որից էլ ծայր առան առաջին հակակառավարական բողոքներն ու թափանցեցին հարևան երկրներ: 23 տարի երկիրը միանձնյա ղեկավարած նախագահ Բեն Ալիի տապալումից հետո երկրում իսկապես համեմատական ազատության ու անկաշկանդության մթնոլորտ առաջացավ:

Փորձագետների գնահատմամբ՝ արաբական գարնան ամենամեծ զոհը, սակայն, Սիրիան է, որը մինչ այսօր դուրս չի պրծել ռազմագործողությունների ճիրաններից՝ այն քաղաքացիական, միջդավանաբանական պատերազմների ու ահաբեկչական գործողությունների թիրախում է: Եվ քանի դեռ հայտնի չէ Սիրիայի վերջնական ճակատագիրը, արաբական գարնան ընդհանրական հետևանքների մասին խոսելը վաղաժամ է:

Թուլանում են նաև Պարսից ծոցի միապետությունների դիրքերը, որոնցում հաստատված վարչակարգերը պակաս բռնապետական չեն, քան արաբական գարնան ալիքից տուժած արաբական երկրներինը: Դեռևս նրանց հաջողվում է հնարավոր բողոքավորներին ուղղորդել հարևան երկրներ, օրինակ՝ Սիրիա, և ստիպել պայքարել այնտեղ:

Ի դեպ, այս օրերին, երբ սիրիական հակամարտությունն էականորեն փոխակերպվել է և՛ իր բնույթով, և՛ մասնակիցներով, և՛ դրված նպատակներով, հարկ է հիշել, թե երեք տարի առաջ ինչն ստիպեց Սիրիայում հակակառավարական ցույցեր սկսել: Պատճառը 2011թ. մարտին Դերաա քաղաքի փողոցներում փոփոխությունների և ազատության կոչեր նկարազարդող երիտասարդների ձերբակալումն էր: Փողոց դուրս եկած խաղաղ ցուցարարների դեմ ուժ է կիրառվել, հայտարարեց ընդդիմությունը, նախագահ Ասադն էլ պատասխանեց, թե սա Իսրայելի և ԱՄՆ-ի դավադրությունն է Սիրիայի նկատմամբ:

2011թ.-ի հուլիսին բանակից դասալքած զինվորականներից կազմավորվեց Սիրիական ազատ բանակը, որն այսօր արդեն թուլացած է, պառակտված և չի տիրապետում իրավիճակին: Ավելին, «Ժնև 2» համաժողովը ցույց տվեց, որ Քաթարում ստեղծված` Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի Ազգային կոալիցիան ևս թուլացած է և չի ներկայացնում սիրիական խայտաբղետ ընդդիմությունը: Դրության տերը Սիրիայում ծայրահեղական իսլամիստներն են, որոնք հաշվի չեն նստում ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ առավել ևս իշխանությունների հետ, և սիրիական թնջուկում որոշակիության պետք է սպասել հենց նրանց տրամադրվածության շրջանակում:

Դավիթ Սարգսյան



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]