Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աստծու սիրուն, եղբայրնե՛ր, լուծեք Սիրիայի հարցը. հալեպահայ գրողի կոչը «Ժնեւ-2-ի» մասնակիցներին

Աստծու սիրուն, եղբայրնե՛ր, լուծեք Սիրիայի հարցը. հալեպահայ գրողի կոչը 
«Ժնեւ-2-ի» մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպահայ գրող եւ թարգմանիչ Կիրակոս Գյումճյանը կոչ է արել սիրիական հակամարտության երկու կողմերին եւ «Ժնեւ-2» համաժողովի մասնակիցներին դադարեցնել բռնությունները Սիրիայում, ինչից տուժում է միայն սիրիացի ազգը:

Այժմ Քուվեյթում ապրող Գյումճյանը հոդված է տպագրել «Ալնահար» եւ «Ալհայաթ»  արաբական թերթերում: «Արմենպրես»-ը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Դամասկոսի Ադրա քաղաքում զինված ընդդիմության հսկողություն հաստատելուց հետո սիրիական բանակի ռմբակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան»: Շուրջ 3 տարի, ցավոք, այսպիսի հազարավոր լուրեր ենք կարդում և լսում հեռուստատեսությամբ և հստակ չէ, թե ի՞նչն է լուրի նպատակը, և ո՞րն է նրա բացատրությունը, ո՞վ է կատարողը և ո՞վ է զոհը: Ահա թե նվազագույնն ինչ է ակնկալում ստանալ հեռուստադիտողը ցանկացած լրատու աղբյուրից:

Սակայն ինձ զարմացնում է սիրիացի ժողովրդի մի մասի վերաբերմունքը, որ անտարբեր է այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է իրականում իր երկրում: Ցավալի է, որ յուրաքանչյուր կողմ սկսում է դիմացինին մեղադրել: Ոմանք ասում են, որ զավթիչները նրանք են, ովքեր ռմբակոծում են քաղաքը, որտեղ որևէ պատճառ պետք չէ լինի զինվորական օդանավերին՝ ռմբակոծելու հայրենիքին պատկանող քաղաքները, ուր խաղաղ բնակիչներ են բնակվում: Մյուս մասը ոգևորված նշում է, որ չեն կարդացել լուրը մինչև վերջ, որի վերջին նախադասության մեջ նշված է «զինված ընդդիմության հսկողություն հաստատելուց հետո», հետեւաբար ինչպե՞ս պետք է վարվի մի պետություն զինված խմբավորմուների հետ, որ այսօր հսկողություն են հաստատել մի քաղաքում, իսկ մեկ ամսից անցնում ուրիշ քաղաք՝ կտրելով հաղորդակցման, ուտելիք հայթայթելու միջոցները և այն հայտարարում «ազատագրված մաս կամ նահանգ» եւ ժողովրդին սիրաշահելու համար զրնգուն անուն է տալիս այդ քաղաքին:

Արդեն 3 տարի է, մենք այս վիճակում ենք և որևէ կողմն էլ չի մտահոգվում, որ դրությունն արագորեն վատանում է  քանդման և ոչնչացման եղանակով: Իրականում ոչ մի ձեռքբերում բացի այն, որ մեկ կողմը մեղադրում է մյուսին իր կողմից խմբավորումներ ու ջոկատներ բերելու մեջ, մյուսն էլ հակադարձաբար մեղադրում է առաջինին, որ օտար վայրենի զինյալներ է բերել ամեն կողմից՝ մի խրամատում պատերազմելու: Չանտեսելով այն բոլոր անձանց, ովքեր միացել են երկու կողմերին և որոնք եկել են գոհացում տալու իրենց ընչաքաղցությանը և վայրագությանը «կենդանի հաղորդման» արկածախնդրությամբ՝ թափելու իրենց  դավանանքային հորդացող ոխերը հողին՝ սիրիական արյամբ ու մսով «play station»-ի խաղի փոխարեն:

Չէի ակնկալում, որ մի օր այսպիսի խոր ատելություն թաղված կլիներ Սիրիայի տարբեր դավանանքների պատկանող շերտերի միջև: Չէի պատկերացնում, որ այսպիսի անտարբերություն կարող է լիներ երկու կողմերի ղեկավարների մոտ, կարծես թե նրանք չեն հայրերը այս սիրիացի երեխաների և սա նրանց հայրենիքը չէ:

Կողմերից ոչ ոք մի պահ անգամ չի լսում բանականության ու խղճի ձայնը, յուրաքանչյուրը գործում է այնպես, կարծես ամեն ինչ վերջանալու է իր օգտին: Անկասկած, նրանք լսում են այն ուժերին, որոնք սատարում ու հովանավորում են նրանց կամ ներշնչում ինքնահավան պատկերացումներ:

Ոչ ոք չի ցանկանում մի պահ դադար առնել՝ մտածելու իր քաղաքականության և ռազմավարության փոփոխման մասին կամ ուղվելու դեպի «խաղաղ կարգավորում» գոնե նվազագույնը քչացնելու արյունահեղությունը, քաղաքներ և գյուղեր ավերելը և հնարավորություն տալու խեղճ ժողովրդին մի պահ շունչ քաշելու: Ժողովուրդ, որի արյունը շարունակվում է թափվել, իսկ նրա գաղթականների ու տառապանքների թիվը հասել է աստղային ցուցանիշների: Այս ամենը չի գրանցվել անգամ թաթար-մոնղոլների արշավանքների` նույնիսկ ամենամութ օրերին:

Պատահածը պարզաբանվում է նրանով, որ բոլորն ունեն ընդհանուր և կոնկրետ պայմաններ և չեն ցանկանում նահանջել դրանցից: Յուրաքանչյուրն ինքն իրեն և դիմացինին է համոզում, որ իր անզիջողության մեջ է կայանում իսկական հայրենասիրությունը, համոզում է ժողովրդին, որ թույլ դիրքորոշումը իսկական դավաճանություն է, իմանալով հանդերձ, որ որոշումը իր ձեռքում չի գտնվում և որ ինքն այս պահին կամակատար է ու անուժ, քանզի իր եղբոր դեմ է պատերազմ ձեռնարկել:

Ոչ ոք չի գիտակցում, որ հենց սկզբից իր ընտրած ճանապարհը չի տա սպասված պտուղները, և նա պետք է փոքր-ինչ սպասի և փոխի իր գործողությունների պլանը: Եվ եթե բախտորոշված է, որ հակամարտող կողմերից մեկին է նպաստում երկրի քանդումը, ապա ինչո՞ւ վնասվող կողմը չի փոխում իր քաղաքականությունը կամ ռազմավարությունը մարդկային և նյութական վնասները կանխելու համար և չի ընտրում քաղաքական ճանապարհով խնդրի խաղաղ լուծման տարբերակը:

Արդյո՞ք հակամարտող կողմերը կորցրել են իրենց քաղաքական վարպետությունը: Արդյո՞ք նրանք փոքր-ինչ չեն տիրապետել դիվանագիտական նորմերին՝ նախքան պատերազմի մեջ մտնելը:

Համաշխարհային քաղաքականության և ազգերի խաղին իմ 40 տարվա համեստ հետևողությամբ, վկայում եմ այն մասին,  որ այն, ինչ կատարվում է իմ հայրենիք Սիրիայում, անհեթեթության և տգիտության արդյունք է: Դրա համար կզղջա յուրաքանչյուր սիրիացի անհատ և խումբ, ով ավերեց կամ հոսեցրեց մի կաթիլ սիրիական արյուն, քանի որ այս ողբերգությունները կավարտվեն այն իրողությամբ, որ բոլորը պարտված են, իսկ ամենամեծ պարտվածը հայրենիքն է:

Ոչ մի սիրիական հատված չի կարողանալու իր ծարավը հագեցնել մյուս կողմի հաշվին, ինչպիսի աղբյուր էլ որ ունենա այդ վրեժխնդրությունը: Ես տեսնում եմ, որ առաջին օրվանից իսկ ոչ մի կողմ պատերազմը սկսելու հիմնավոր պատճառ չուներ, այլ միայն ենթադրություներ՝ ահաբեկիչների գալու  կամ ժողովրդի հանդեպ կիրառված անարդարություն գտնելու՝ զինյալ հեղափոխություն առաջացնելու համար:

Կեղծ ընկերները և արտասահմանյան կողմը ուրախանում են մեր այս վիճակի վրա, որոնց թվում է Իսրայելը, ով չարակամ է մեր երկրի հանդեպ: Նա ցանկանում էր մեր երկիրը ամբողջովին ավերված տեսնել, բայց կարծես թե բավարարվել է այսքանով, որն ամեն դեպքում քիչ չէ: Այս բոլորը հեռվից նայելու են և ասելու են իրենք իրար մեջ ժողովրդական ասացվածքով. «Վնասը իրենք կկրեն, կավը կավին թող ջարդի»: Ամեն դեպքում, իրար դեմ ուղղված այս պատերազմի վերջում չի կարող կողմերից մեկը կոտրել մյուսի ողնաշարը, չնայած որ դա այն էր, ինչ կողմերը ցանկանում էին այն պահից սկսած, երբ առաջին անգամ սեղմեցին հրացանի ձգանը:

Այդուհանդերձ, եթե կողմերից մեկն արագ կամ դանդաղ առավելության հասնի մյուսի նկատմամբ, նրա ձեռքբերումները ոչ մի չափանիշով համեմատելի չեն լինի կորուստների հետ՝ լինեն նրանք մարդկային թե քաղաքակրթական, որովհետև դա պարզապես կլինի այսպես ասած՝ առավելություն կամ հաղթանակ հարազատ եղբոր նկատմամբ, այլ ոչ թե թշնամու: Նա նաև կկրծի մատները՝ զղջալով այն ամենի համար, ինչ արել են իր ձեռքերը և կարտասվի այն պատճառով, ինչ կատարվել է իր երկրում և չի վայելի հաղթանակը երեք րոպեից ավելի, քանի որ խիղճը կսկսի տանջել նրան, այնուհետև նա ձեռք կմեկնի համագործակցելու նախկին հակառակորդների հետ՝ կառուցողական ջանքեր ներդնելու համար, որը կտևի լավագույն դեպքում 30 տարուց ոչ քիչ:

Մենք, լինելով «Ժնև-2» համաժողովի նախաշեմին, բոլոր մասնակիցներին, հատկապես սիրիացի եղբայրներին, խնդրում եմ կարեկից լինել մեր ազգի տառապանքներին, մի կողմ թողնել դրսից ներմուծված անիմաստ և արհեստական չարությունն ու ատելությունը և եղբայրաբար անկեղծ երկխոսություն սկսել, առանց անհեթեթ պայմանների և լիասիրտ ցանկանալ խաղաղություն մեր սիրելի հայրենիքին և մեր արժանավոր ժողովրդին: Կհուսանք, որ համաժողովը կավարտի իր աշխատանքը  լիակատար համաձայնությամբ, որը բխելու է Սիրիայի շահերից և անվտանգությունից՝ երկնքից հեռացնելով այն սև ամպը, որից ամեն օր և ամեն ժամ արյան, փամփուշտի, մահվան և չարության անձրև էր տեղացել սիրիացիների վրա: Եվ դրա հետ ի հայտ կգան արժանապատվությունը վերականգնելու, վերակառուցելու և ծաղկեցնելու ավետիսները: Ես Հալեպի բարբառով և ամենաբարձր ձայնով դիմում եմ իմ երկրի ժողովրդին. «Աստծու սիրուն, եղբայրնե՛ր, լուծեք այս հարցը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]