1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքագետը մատնանշում է Էրդողանի հեղինակությանը լուրջ հարված հասցրած գործոնները

Թուրքագետը մատնանշում է Էրդողանի հեղինակությանը լուրջ հարված հասցրած 
գործոնները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ իրադրությունը փոխվել է այն բանից հետո, երբ «Հիզմեթ հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենն իր կողմնակիցներին կոչ է արել իրենց ձայնը տալ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Սա, իմ կարծիքով, կտրուկ փոխում է ամբողջ իրադրությունը, որովհետև ըստ մոտավոր գնահատականների` Գյուլենի կողմնակիցները Թուրքիայում շուրջ 20 միլիոն են, որը շատ մեծ թիվ է կազմում, և նրա այդ կոչը կարող է նոր իրադրություն ստեղծել Թուրքիայում ընտրական պայքարում»,- նշեց նա:

Թուրքագետի խոսքով` եթե չլիներ Ֆեթուլլահ Գյուլենի վերոնշյալ կոչը, կարելի էր կանխատեսել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակը, սակայն հիմա ժամանակ է պետք հասկանալու, թե Գյուլենի կոչը որքանով կկարողանա ազդել ընտրությունների արդյունքների վրա: «Մինչև այս կոչը Թուրքիայում կատարած հարցումները ցույց էիին տալիս, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի ձայների մեծամասնությունը, սակայն առավելությունը նախորդ ընտնությունների համեմատ այդքան էլ մեծ չէր: Իսկ Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցությունը, որը խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժն է, ավելի շատ կողմնակիցներ ունի՝ նախորդ ընտրությունների համեմատ: Ես կարծում եմ, որ Գյուլենի կոչից հետո Ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցների թիվը զգալիորեն կավելանա»,- նկատեց Սաֆրաստյանը:

Անդրադառնալով հարցին, թե ո՞ւմ օգտին կքվեարկեն Թուրքիայում ապրող հայերն առաջիկա ընտրություններում, Սաֆրաստյանը նկատեց, որ վերջին 10 և ավելի տարիների ընթացքում հայերը իրենց ձայնը տվել են Էրդողանի կուսակցությանը, սակայն այս պահին դժվար կլինի կանխատեսել, թե ի վերջո ում օգտին կքվեարկեն նրանք: «Ես արդեն նշեցի, որ Թուրքիայում ընտրություններից առաջ իրավիճակը փոխվել է, և նման պարագայում դժվար կլինի կանխատեսել, թե ինչ կլինի: Դրա համար էլ է ժամանակ հարկավոր: Կարծում եմ, որ ինչ-որ բան հնարավոր կլինի կանխատեսել այն ժամանակ, երբ ընտրությունները մոտ կլինեն»,- նշեց նա: Թուրքագետն ասաց, որ այս տարիներին ոչ թե Էրդողանի ղեկավարած կուսակցությանն են հայերը ձայն տվել, այլ դեմ են քվեարկել Թուրքիայի ավանդական կուսակցություններին, որոնք երկար տարիներ ղեկավարել են Թուրքիան և այնտեղ հայերի նկատմամբ ճնշումների մթնոլորտ են ստեղծել: Սաֆրաստյանի խոսքով՝ հայերը չէին կարող իրենց ձայնը տալ Ժողովրդահանրապետական կամ քեմալական կուսակցությանը, ինչպես նաև ազգայնական «Գորշ գայլեր» կուսակցությանը՝ շատ լավ հասկանալով, որ դրանք մեծ վտանգ են ներկայացնում ինչպես հայերի, այնպես էլ` Թուրքիայում բնակվող մյուս այլազգիների համար:

Նախագահական ընտրությունների մասին թուրքագետը վաղ է համարում խոսել, քանի որ նախատեսվում է խորհրդարանում քննարկել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը, որով երկրի նախագահին կընտրի ոչ թե խորհրդարանը, այլ ժողովուրդը: 

Սաֆրաստյանն անդրադարձավ նաև մի շարք գործոնների, որոնք լրջորեն ազդել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակության վրա: Որպես առաջին գործոն թուրքագետը նշեց Գեզի զբոսայգու և Թաքսիմի հրապարակի շուրջ ծավալված իրադարձությունները: «Կարծես թե նրան հետագա ամիսների ընթացքում հաջողվեց որոշ չափով վերականգնվել այդ հարվածից հետո, սակայն դրան հաջորդեց կոռուպցիոն սկանդալը, որն էլ ավելի ծանր հարված էր Էրդողանի կուսակցության իմիջին: Երբ կուսակցությունը 2001թ. ստեղծվեց և 2002թ. եկավ իշխանության, Էրդողանը իշխանության եկավ «մաքուր ձեռքեր» կարգախոսով` քննադատելով ավանդական բոլոր կուսակցություններին, որ մինչև այդ կառավարել էին Թուրքիան: Նա խոստացավ, որ մաքուր ձեռքերով կպայքարի կոռուպցիայի դեմ, սակայն վերջին բացահայտումները հասարակության համար պարզ դարձրին, որ Էրդողանը և իր կուսակիցները ոչնչով չեն տարբերվում նախորդ կուսակցություններից, որոնք կառավարել են Թուրքիան, և միգուցե ավելի մեծ կոռուպցիոներներ են: Սա էլ շատ ծանր հարված հասցրեց նրա վարկանիշին»,- նշեց թուրքագետը:

Երրորդ գործոնը թուրքագետը կապում է այն հակամարտության հետ, որ վերջին շրջանում ծավալվել է Էրդողանի և Գյուլենի միջև, որովհետև գյուլենական շարժումը մեծ ներդրում ունի Էրդողանի կուսակցության հաջողություններում և միշտ կոչ է արել քվեարկել հենց Էրդողանի կուսակցության օգտին, իսկ Գյուլենը մեծ հեղինակություն ունի Թուրքիայում:

Էրդողանի հեղինակությանը մեծ հարված են հասցրել նաև Թուրքիայի վերջին անհաջողությունները արտաքին քաղաքականության բնագավառում: «Էրդողանի կառավարությունն իրեն թույլ է տվել իրականացնել արկածախնդրություն Սիրիայում՝ ներգրավվելով  տեղի ունեցող հակամարտությանը, օգնելով ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին, իր տարածք ընդունելով 600-700 հազար փախստական Սիրիայից, որոնց հարցը չի կարողանում լուծել, քրդական ինքնավարություններ իր սահմանի վրա Սիրիայի տարածքում, ահա այս ամենը ևս վնաս հասցրեց Էրդողանի հեղինակությանը»,- ընդգծեց Սաֆրաստյանը: Նրա խոսքով` Թուրքիան, ներգրավվելով սիրիական հակամարտության մեջ, նպատակ ուներ Մերձավոր Արևելքում առաջատար դիրքերում հայտնվել՝ թուլացնելով Սիրիան, միգուցե նպաստելով նաև Սիրիայի տրոհմանն առանձին մանր պետությունների՝ այդպիսով ազատվելով Սիրիայից՝ իր աշխարհաքաղաքական հակառակորդից: Սակայն դա նրան չհաջողվեց, իսկ ինքը ստացավ վերը նշված խնդիրները:

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն 2014թ.-ի մարտին, նախագահական ընտրությունները՝ 2014թ.-ի օգոստոսին:

Դեկտեմբերի 17-ին թուրքական անվտանգության մարմինները «Մեծ կաշառք» գործողության շրջանակում ձերբակալել են ապօրինությունների, կոռուպցիայի եւ դրամաշորթության մեղադրանքներով երեք նախարարների որդիների, բարձրաստիճան չինովնիկների հետ կոռուպցիոն կապերի մեջ գտնվող հայտնի գործարարների հետ միասին 50-ից ավելի անձանց, ինչից հետո Թուրքիայի ներքին գործերի, էկոնոմիկայի, բնապահպանության եւ քաղաքաշինության նախարարները հրաժարական են տվել: Վարչապետ Էրդողանը փոխել է նախարարների կաբինետի գրեթե կեսին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]