Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

Կամավոր կենսաթոշակային համակարգը լիբերալ է, սակայն դեռ որոշակի ուղղումների կարիք կա. Հայկ Ոսկանյան


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2012թ. հոկտեմբերին «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն առաջինը Հայաստանում գրանցվեց որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ: 2013 թվականի հունիսից այն սկսեց իր աշխատանքները ֆինանսական շուկայում։ «Արմենպրես»-ը զրուցել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանի հետ՝ պարզելու, թե որքանով են Հայաստանի քաղաքացիները հետաքրքրված կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգով և ինչպիսի ազդեցություն կունենա պարտադիր համակարգը դրա վրա։

-Հայաստանում հունվարի 1-ից  սկսեց գործել պարտադիր կուտակային համակարգը, որի արդյունքում 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները յուրաքանչյուր ամիս պետք է կուտակումներ անեն՝ հետագայում կենսաթոշակ ստանալու նպատակով։ Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ պարտադիր կուտակային համակարգը կամավոր կուտակային համակարգի գործունեության վրա։ 

-Եթե նայենք այն տեսանկյունից, որ միայն կամավոր համակարգը գործեր Հայաստանում, ապա մարդկանց մոտ տեղեկացվածությունը բարձրացնելու համար մենք ահռելի միջոցներ պետք է ներդնեինք։ Այսինքն հանրային իրազեկման տեսանկյունից մեծ աշխատանք պետք է տարվեր։ Քանի որ ֆինանսական գրագիտությունը բնակչության շրջանում այդքան էլ բարձր չէ, հետևաբար անելիքն այս առումով բավականին մեծ է։ Այս իրավիճակում, երբ ներդրվում է նաև պարտադիր համակարգը, այն կարող է որոշակի ազդեցություն ունենալ նաև կամավոր կուտակային համակարգի տարածման տեսանկյունից։ Այսօր քիչ են մարդիկ, որ մտածում են կամավոր համակարգում կուտակումներ անելու մասին։ Գուցե պարտադիր համակարգի բացակայության դեպքում կամավոր համակարգից օգտվողների թիվը փոքր-ինչ ավելի լիներ, սակայն այդ թիվը ևս սահմանափակ կլիներ, քանի որ համակարգից կօգտվեին միայն առավել իրազեկված մարդիկ, ովքեր հիմնականում ավելի երիտասարդ են։ Իսկ պարտադիրի դեպքում մարդիկ ստիպված են լինելու ծանոթանալու համակարգին, իրենց իրավունքներին և պարտավորություններին։

-Կամավոր կենսաթոշակային համակարգ և կամավոր մասնակցություն պարտադիր կենսաթոշակային համակարգին. ո՞րի նկատմամբ է ավելի մեծ հետաքրքրությունը։

-Մարդկանց այսօր ավելի ձեռնտու է կամավոր համակարգում կուտակումներ անել, քան կամավոր սկզբունքով դառնալ պարտադիր համակարգի մասնակից։ Կամավոր համակարգն ավելի լիբերալ է, այսինքն` մոտավորապես երկու տարի հետո հնարավոր է օգտագործել կուտակած միջոցները։ Կամավոր համակարգի դեպքում առավել խթանվում է գործատուի մասնակցությունը,  այսինքն` գործատուն ստանում է շահութահարկի արտոնություն։ Գործատուի կենսաթոշակային սխեման նախ թույլ է տալիս պահելու իրենց աշխատողներին և լրացուցիչ ոչ դրամական խթան տալ, իսկ մյուս կողմից հնարավորություն է տալիս խնայողություն անել։ Եթե գործատուն իր աշխատողի համար վճարում է 5 տոկոս կուտակային կենսաթոշակ, ապա 7,5 տոկոսով նվազեցնում է իր շահութահարկի հարկման բազան, ասել է թե նա կարողանում է 1.5%-ը (այսինքն` 7.5-ի 20 %-ը) խնայել։ Մենք շեշտը դրել ենք գործատուի սխեմայի վրա, քանի որ անհատի պարագայում ավելի քիչ են հետաքրքրվողները։

-Բնակչության մի զգալի հատվածը՝ հատկապես ինքնազբաղվածներն ու գյուղատնտեսությամբ զբաղվածները չեն մասնակցելու պարտադիր կուտակային համակարգին։ Հնարավո՞ր է նրանց մոտ հետաքրքրություն առաջացնել կամավոր համակարգի նկատմամբ։

-Սա այն հարցն է, որ հաճախ է քննարկվում։ Այո՛, այս պարագայում կարելի է գործարկել կամավոր համակարգը, սակայն կա մի հարց։ Կամավոր կենսաթոշակների դեպքում ի սկզբանե տրվում է հարկային արտոնություն, այսինքն` անցնելով այդ համակարգին և՛ գործատուն,  և՛ անհատը կարող են նվազեցնել իրենց հարկային բազան։ Սակայն կուտակումից հետո, երբ սկսում ես օգտագործել այդ գումարները, այն հարկվում է ըստ գործող սանդղակի։ Սա իրականում խնդիր է։ Եթե ես կուտակում եմ մինչև 100 հազար աշխատավարձից, ապա հարկվում եմ  24 տոկոս հարկման սանդղակով։  Սակայն եթե կուտակումները անցնում են  2 մլն դրամի սահմանը, ապա գումարը վերցնելիս այն կհարկվի  36 տոկոս սանդղակով։ Այստեղ անհամաչափություն կա, և ստացվում է, որ ձեռնտու չէ այդ միջոցներն օգտագործելը։ Նույն խնդիրը առաջանում է նաև գյուղատնտեսությամբ զբաղվողների և  ինքնազբաղվածների պարագայում։ Պարզապես ձեռնտու չի լինում կամավոր կենսաթոշակային ֆոնդում գումար ներդնելը, քանի որ, այնուամենայնիվ, գումարը հարկվելու է։ Սրանք խոչընդոտներ են, որ թույլ չեն տալիս զարգացնելու այս համակարգը։

-Իսկ ինչպիսի՞ լուծումներ կարող են լինել այս դեպքում։

-Կա երկու լուծում։ Մի պարագայում պետք է լինի առանձնացված հաշվառում՝ հարկված և չհարկված եկամտի դեպքում, իսկ մյուս պարագայում պետք է իջեցվի վերջնական հարկման տոկոսադրույքը՝ հաստատվի միջինացված տոկոսադրույք, որը ձեռնտու կլինի երկու կողմերի համար։ Ավելի տրամաբանական է դրույքների չափի սահմանումը, քանի որ առաջին տարբերակն ավելի բարդ իրագործելի է։

-Իսկ որքա՞ն կարող է լինել Ձեր նշած միջինացված տոկոսադրույքը։

-Դա արդեն հաշվարկների խնդիր է։ Սակայն ամեն պարագայում մենք ցանկանում ենք նման քննարկումներ սկսել։

-Ստացվում է, որ ավելի ձեռնտո՞ւ է կենսաթոշակային ավանդը, քան թե կենսաթոշակային կուտակումնե՞րը։

-Կենսաթոշակային ավանդի դեպքում էլ է գործում հարկման նույն սանդղակը։ Այլ ավանդների պարագայում իրավիճակը փոքր-ինչ այլ է հնարավորությունների առումով։

-Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը շատերը համարում են  տնտեսության շարժիչ ուժ։ Արդեն մեկ տարի է, ինչ գործում է առաջին կամավոր կուտակային համակարգը, արդյոք կա՞ դրական շարժ։

-Մեր ֆոնդերը սկսել են գործել հունիսից, և դրանք դեռ շատ փոքր են։ Ունենք 477 մասնակից, որոնցից 25-ը՝ անհատ, մնացածը՝ գործատուի սխեմայով։ Ունենք 7 միլիոն դրամի ակտիվներ, որը փոքր գումար է ֆինանսական դաշտում։ Ֆինանսական շուկայի վրա ազդեցությունը դեռ զգալի չէ, քանի որ ընկերությունը չունի այդքան միջոցներ։ Այդ ազդեցությունն ավելի զգալի կլինի պարտադիրի դեպքում։ Կուտակային համակարգը փոխարինում է ֆինանսական մեծ ռեսուրսների, որն էլ օգտակար կլինի տնեսության համար։

-Ներդրումային ֆոնդերի կայուն գործունեության համար տեսականորեն անհրաժեշտ է կայուն ինֆլյացիան և մակրոտնտեսական կայունությունը։ Հայաստանի պարագայում արդարացվա՞ծ է, արդյոք, ներդրումային ֆոնդերի ստեղծումը։

-Ենթադրենք մինչև 2007 թվականը տնտեսությունն ավելի կայուն էր, ինֆլյացիան ավելի ցածր և ենթադրենք, որ ռեֆորմներն արվեին այդ թվականին։ Սակայն գալու էր 2008 թվականը և իրավիճակը կրկին նույնն էր լինելու։ Ասել, որ Հայաստանում տնտեսությունը պետք է լինի այնքան ուժեղ և կայուն, որքան զարգացած պետություններում, որպեսզի սկսենք ինչ-որ բան անել՝ միամտություն կլինի։ Կենսաթոշակային բարեփոխումներն արվում են տնտեսության զարգացման համար։ Պետությունը խնայելով կենսաթոշակների առումով` կարող է մեծացնել ներդրումները տնտեսության շատ ճյուղերում։ Մենք գտնվում ենք այն իրավիճակում, որ պետք է հնարավորինս շատ բարեփոխումներ անենք և հնարավորինս արագ։

-2014 թվականին ո՞րն է լինելու «Կապիտալ Ասեթ Մենեջմենթի» հիմնական խնդիրը և որպես բանկային ավանդների այլընտրանք՝ ներդրումային ֆոնդերը կկարողանա՞ն տարեվերջին առաջընթաց գրանցել։

-Այս տարի կսկսենք ավելի ակտիվ իրազեկման գործընթաց՝ ավելացնելով հետաքրքրքությունը ներդրումային ֆոնդերի նկատմամբ։ Անցած վեց ամիսներին մենք ունեցանք 31 տոկոս եկամտաբերություն, որն այս տարի որոշակիորեն կնվազի՝ պայմանավորված ֆինանսական շուկայում տեղաշարժերով, սակայն, կարծում եմ, այս տարին ևս հաջող կլինի կուտակային կենսաթոշակային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի համար։ Այս տարի ծրագրում ենք նաև դոլարային ներդրումային ֆոնդ գրանցել, որի պահանջարկն արդեն զգացվում է։

Հարցազրույցը` Գոհար Ավետիսյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ