1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կոշիկի հայ արտադրողները պատրաստ են դուրս գալ միջազգային շուկա. ոլորտի համալիր վերլուծություն

Կոշիկի հայ արտադրողները պատրաստ են դուրս գալ միջազգային շուկա. ոլորտի 
համալիր վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության կոշիկի երբեմնի փառքը խամրել է մի շարք հիմնախնդիրների պատճառով, սակայն ոլորտի զարգացման ռազմավարությունը թույլ է տալիս լավատեսական տրամադրվել կոշկագործության ապագայի հարցում: «Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց  շոշափել հայրենական կոշկագործության զարկերակը՝ անդրադառնալով կոշիկի արտադրության ծավալների հետխորհրդային անկման, Հայաստանից Թուրքիա արտահանվող անմշակ կաշվի, տեղական շուկայում չինա-թուրքական արտադրանքի հեղեղի և գնային ճնշման, Հայաստանում միջազգային առաջատար դիզայներական մեթոդների ներդրման, «կաշվասեր» մակաբույծների դեմ պայքարի, Մաքսային միությանն անդամակցելու շրջանակում կոշկագործության ոլորտում սպասվող փոփոխություններին և այլ հարցերի:

Կոշիկի արտադրության երանելի անցյալը, զուսպ ներկան, չիրացված պոտենցիալը և ռուսական շուկան

Խորհրդային տարիներին Հայաստանը կոշիկի արտադրության հիմնական կենտրոններից էր: 1990-ին մեր երկրում արտադրվել է 18 միլիոն զույգ կոշիկ, որի 70 տոկոսը բնական կաշվից երեսով: Կոշիկի արտադրության 80 տոկոսը կենտրոնացված էր Երևանում: Ներկայում արտադրվող կաշվե կոշիկների քանակը գնահատվում է 600-700 հազար զույգ, այսինքն` Խորհրդային տարիների ցուցանիշից շուրջ 20 անգամ պակաս:

Մեր երկրում գործում է կոշիկի արտադրությամբ զբաղվող շուրջ 30 ձեռնարկություն, որոնցից  5-7-ը միջին չափի՝ 30-50 աշխատողներով: Սակայն տոնավաճառներում և ոչ բրենդային խանութներում վաճառվող կաշվե կոշիկների գերակշիռ մասն անհատ վարպետների կամ «անանուն» արտադրողների արտադրանք են: Հայաստանում առկա է առնվազն 1,5-2 միլիոն զույգ կոշիկի արտադրության արտադրական հզորություն: Հարկ է նշել, որ կոշիկի գլոբալ արտադրությունը գնահատվում է տարեկան 21 միլիարդ զույգ, որի 70 տոկոսն ապահովում են Չինաստանն ու Հնդկաստանը:

Հայաստանից կաշվե կոշիկներն արտահանվում են հիմնականում Ռուսաստան: Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2011 թվականին ՀՀ-ից արտահանվել է 51 հազար զույգ կաշվե երեսով կոշիկ, 2012թ. 98 հազար, 2013թ.`շուրջ 71 հազար, որի 90 տոկոսից ավելին՝ ՌԴ: Դաշտում չկան խոշոր արտահանող ընկերություններ: Կոշիկի հումքը հիմնականում ներմուծվում է:

Կոշիկի արտադրության զարգացման թուրքական «խոչընդոտն» ու թեթև արդյունաբերության զարգացման ռազմավարությունը

ՀՀ կառավարությունը թեթև արդյունաբերության ոլորտը հռչակել է գերակա ճյուղ: Դեկտեմբերի 6-ին վարչապետին կից արդյունաբերական խորհուրդը հաստատել է Թեթև արդյունաբերության ոլորտային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը: Փաստաթղթի համաձայն՝ 2018թ. նախատեսվում է իրացնել շուրջ 37 միլիոն դոլարի կոշիկ, իսկ 2023թ.` 75-80 մլն դոլարի: 2012թ.-ին իրացվել է տեղական արտադրության շուրջ 15 միլիոն դոլարի կոշիկ: Նախատեսվում է նաև, որ կոշիկի արտահանումը ներկա 1.6 միլիոն դոլարից 2023թ. կհասնի 45 մլն դոլարի: 

Նշված թիրախներին հասնելու համար Կառավարությունն առանձնացրել է 7 գործողություն: Գլխավոր հարցը, թերևս, կոշիկի արտադրությունը տեղական հումքով ապահովելն է, ինչին մեղմ ասած չի նպաստում մեր երկրից անմշակ կաշվի արտահանումը Թուրքիա: 2012թ.-ին մեր երկրից ընդհանուր արտահանվել է խոշոր եղջրավոր անասունի 137 հազար անմշակ մորթի, որից հնարավոր էր ստանալ 30-35 մլն դեցիմետր քառակուսի պատրաստի կաշի: Միաժամանակ, ներկրվել է 17 միլիոն դեցիմետր քառակուսի պատրաստի կաշի, այսինքն արտահանված անմշակ կաշվի հնարավոր վերամշակման արդյունքում ստացվելիք հումքի մոտ 50 տոկոսի չափով: Հարկ է նշել, որ Հայաստանում առկա է 50-55 միլիոն դեցիմետր քառակուսի պատրաստի կաշի ստանալու պոտենցիալ և 100 մլն դեցիմետր քառակուսու արտադրական հզորություններ: Մեր երկրում անմշակ կաշին մշակելու արդյունքում հնարավոր կլինի մոտ 40 տոկոսով նվազեցնել կոշիկի հիմնական հումքի արժեքը:

Հայ կոշկագործները մի քանի անգամ ցածր են վարձատրվում չինացի և թուրք կոլեգաներից

Հայաստանում կոշկագործությունը զարգացնելու խթան է էժան աշխատուժի առկայությունը: 2012 թ. տվյալներով՝ կոշիկի արտադրության ոլորտում մեկ ժամի աշխատավարձը Հայաստանում կազմել է 1.4 դոլար, ինչն ավելի քան երկու անգամ պակաս է Չինաստանի համանման ցուցանիշից, 3 անգամ՝ Թուրքիայի և 16 անգամ՝ Իտալիայի տվյալներից: Հատկանշական է, որ մեր երկիր ներկրվող կաշվե կոշիկների մեծ մասը Չինաստանից և Թուրքիայից է:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը պաշտպանում են իրենց այդ շուկան և տեղական կաշին չարտահանելու համար մեծ մաքսատուրքեր են կիրառում: «Եթե մենք Մաքսային միության մեջ ենք մտնում, բնականաբար ընդօրինակելով նաև նրանց այդ գործառույթը, մենք նույնպես մեծ մաքսավճար կսահմանենք, որ կաշին հենց այնպես չարտահանվի»,- ասաց ՀԱՄ նախագահը՝ հավելելով, որ Մաքսային միությանն անդամակցելը կնպաստի կաշին տեղում մշակելուն: Նրա խոսքով՝  ՄՄ-ին անդամակցելը հնարավորություն կտա տեղում մշակված կաշվից արտադրված կոշիկն առանց մաքսատուրքերի արտահանել Ռուսաստան, Բելառուս և այլ երկրներ: «Մենք կարող ենք այդ շուկաները նորից վերգտնել»,- ասաց Սաֆարյանը: Նա հիշեցրեց Թեթև արդյունաբերության զարգացման հայեցակարգի և Կառավարության կողմից դրա դերակատարության կարևորման մասին տնտեսական աճի տեմպերն ապահովելու հարցում: «Թեթև արդյունաբերության ոլորտն էլ պետք է իր խոսքն ասի մեր տնտեսության աճի տեմպերում»,- ասաց նա: Սաֆարյանի տեղեկություններով՝ կոշիկի արտադրությամբ զվաղվող «Լյուքս» ընկերությունը պատրաստ է տարեկան ապահովել 3 միլիոն զույգ կոշիկի թողարկում` 3000 տոննա պատրաստի կաշի ունենալու դեպքում: Սաֆարյանն այժմ բանակցություններ է վարում կաշեգործների և կոշկագործների միության հետ, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն Հայաստանում կոշիկ արտադրողներին համախմբելու ուղղությամբ:

Թուրքիա արտահանվող անմշակ կաշվի վրա մաքսատուրք և ԱԱՀ-ից ազատված սպանդանոցներ

Սաֆարյանի կարծիքով՝ սպանդանոցները պետք է ազատվեն ավելացված արժեքի հարկից, որպեսզի շահագրգռված լինեն ինչպես մսի արտադրության, այնպես էլ կաշին խնամքով ստանալու հարցերում: «Հիմա տնային պայմաններում մորթ իրականացնելիս կաշին փչացնում են, իսկ եթե սպանդանոցներում մորթը կազմակերպվում է ավտոմատ համակարգով, մենք կարող ենք ակնկալել, որ կստացվի անվնաս կաշի»,- ասաց նա: ՀԱՄ նախագահն անդրադարձավ կոշիկի արտադրության ոլորտի զարգացմանը նպաստելու Կառավարության անհրաժեշտ քայլերին: Սաֆարյանն առաջնահերթ համարեց սուբսիդավորված վարկերի  տրամադրումը ոլորտին: «Երկրորդ` անհրաժեշտ է կաշվի արտահանման վրա դնել մաքսատուրք և որոշակի արտոնություններ սահմանել՝ «Մասիս» ֆիրմայի կոշիկի ավանդույթը վերականգնելու համար, որ մարդիկ շահագրգռված լինեն այդ ոլորտը զարգացնելու հարցում»,- եզրափակեց ՀԱՄ նախագահը:

Հայկական կոշիկն` «ընդդեմ» իտալականի

 «Ռասսի» կոշիկի ֆաբրիկայի տնօրեն Հմայակ Գևորգյանի համոզմամբ՝ տեղում կաշին մշակելու դեպքում հումքի գինը կնվազի, ինչը կբերի կոշիկի ինքնարժեքի նվազման և արտադրանքն էլ ավելի մրցակցային կլինի: Գործարարը կողմ է Հայաստանից անմշակ կաշին արտահանելու հարցում Կառավարության կողմից որոշակի սահմանափակումների կիրառմանը: Գևորգյանի խոսքով՝ հայկական արտադրանքը կոնկրետ գնային սեգմենտում մրցակցային է, իսկ իտալականը հիմնականում այլ գնային սեգմենտում է: «Եթե այն գնային կատեգորիան, որը մենք են առաջարկում, համեմատենք իտալականի հետ, բնականաբար մերը մրցակցային է: Սակայն իտալականը մեզանից 4-5 անգամ ավելի թանկ ապրանք է առաջարկում և այդ գնին համարժեք կարող է նրանց ապրանքի որակը բարձր լինել: Բայց եթե մենք էլ այդ գնով առաջարկենք, բնականաբար մեր արտադրանքի որակն էլ ավելի լավը կլինի: Մի խոսքով որակի հարցում խնդիր չունենք»,- ասաց ֆաբրիկայի տնօրենը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը հիշեցրեց, որ պետական ռազմավարությունը վերաբերում է տեքստիլի, տրիկոտաժի և կոշիկի արտադրության ոլորտներին: Այդ բոլոր ոլորտների հետ կապված առկա է գործողությունների մեկ պլան: Գործողությունները 9 ուղղություն ունեն՝ հումքի և արտադրական սարքավորումների ներմուծման խնդիրների հասցեագրում, տեղական հումքային բազայի զարգացումը, մասնագիտական կրթության բարելավում, աշխատուժի պատրաստում և վերապատրաստում,  ֆինանսական աջակցություն, օտարերկրյա արտապատվիրման ներգրավում, սեփական արտադրանքի արտահանման խթանում, հայկական բրենդերի զարգացում, ներքին շուկայում տեղական արտադրանքի վաճառի խթանում, ինչպես նաև որակի ապահովում և վերահսկում:

Առաջատար դիզայներական մեթոդների ներդրումից,  մինչև կոշիկի հումքի ապահովման խնդիր

Եգանյանի ներկայացմամբ՝ 2014 թվականին նախատեսվում է հումքի և սարքավորումների ներմուծման պայմանների բարելավման աշխատանքների իրականացում, տեղական կաշին արտադրության զարգացման մեջ օգտագործելու հարցի ուսումնասիրություն: Այս տարի քայլեր կկատարվեն մասնագիտական կադրերի պատրաստման, աշխատուժի զարգացման ուղղություններով, կիրականացվի կրթական կարիքների և աշխատուժի պահանջարկի գնահատում: «Այդ գնահատման հիման վրա մենք արդեն պետք է փորձենք ստեղծել կապ արտադրողների և կրթական հաստատությունների միջև, որպեսզի հնարավոր լինի կադրեր պատրաստել ընկերությունների համար: Ծրագրեր կմշակվեն նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություներում կոշիկի արտադրության մասնագետներ պատրաստելու ուղղությամբ»,- ասաց Եգանյանը՝ հավելելով, որ 2014-ին կիրականացվեն կոշիկի մոդելավորման և մասնագիտական դիզայնի կենտրոն ստեղծելու աշխատանքներ: «Մենք ունենք ֆինանսական աջակցության ուղղություն: Խոսքը գնում է կապիտալ ներդրումային ծրագրի շրջանակում շրջանառվող միջոցների վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորման մասին, որն արդեն իրականացվում է Արդյունաբերական զարգացման հիմնադրամի կողմից: 2014-ին կոշիկի և տրիկոտաժի արտադրության ոլորտում նույնպես գործելու է այդ գործիքը»,- ասաց վարչության պետը:

Հայաստանում կներդրվեն միջազգային դիզայներական հեղինակավոր դպրոցների մեթոդները

Եգանյանի տեղեկացմամբ՝ 2014 թվականին նախատեսվում է կոշիկի առաջատար դիզայներական դպրոցների ծրագրերի ներդրում Հայաստանում, հագուստի և կոշիկի դիզայնի կրթության բարելավման ծրագրերի մշակում և կիրառում: Քայլեր կկատարվեն նաև տեղական շուկայում արտադրանքի վաճառքի խթանման ուղղությամբ: «Մեր ունիվերսալ վարկային կազմակերպությունից ընկերությունների վերցրած վարկերի տոկոսադրույքի 3 տոկոսը կսուբսիդավորվի»,- ասաց Եգանյանը` հավելելով, որ այս տարի ծրագրված են նաև այլ միջոցառումներ, որոնք պետք է խթանեն կոշիկի արտահանումը: Թիրախային շուկաներում կիրականացվի կոշիկի արտադրության ցուցահանդեսների մասնակցության աջակցություն:

Պաշտոնյան հիշեցրեց, որ ներկայում այդ հարցում աջակցություն է ցուցաբերվում գինու, կոնյակի, դեղերի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներին, որտեղ պետությունը համաֆինանսավորում է միջազգային ցուցահանդեսների մասնակցության 50 տոկոսը: «2014 թվականին այդ գործիքից կօգտվեն նաև կոշիկ արտադրող ձեռնարկությունները»,- ասաց վարչության պետը՝ հավելելով, որ թիրախային շուկաներում արտադրանքի սերտիֆիկացման ծախսերի 50 տոկոսը ևս կֆինանսավորի պետությունը:

«Ձախ» ներմուծումների դեմ պայքարի սաստկացում, տեղական արտադրանքի հանրահռչակում և կաշվի մակաբույծներ

Վարչության պետի համոզմամբ՝ ներմուծողներն ու արտադրողները պետք է գտնվեն հավասար պայմաններում: Նա կարևորեց «ձախ» ներմուծումների պրակտիկային հնարավորին խոչընդոտումը: Եգանյանը նշեց, նաև որ այս տարի կստեղծվի տեղական արտադրանքի առաջմղման ինտերնետային կայք, հեռուստատեսությամբ և տարբեր լրատվամիջոցներով կիրականացվի տեղական արտադրանքի գովազդ և իրազեկության բարձրացում:

Պաշտոնյան անդրադարձավ կոշիկի հումքի խնդրին և անմշակ կաշվի արտահանմանը: «Մինչև 2014 թվականի փետրվար նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի այդ ամբողջ դաշտը` այսինքն արտահանում, ի՞նչ պայմաններով է արտահանվում, որքա՞ն է արտահանվում, ի՞նչ խնդիրներ կան, ինչպես կարելի է կարգավորել այդ հարցը: Կարծում եմ, որ այդ ուսումնասիրությունների եզրակացությունները Կառավարությանը կներկայացվեն մինչև մայիսի վերջ»,- ասաց Եգանյանը: Նրա կարծիքով՝ կաշվի արտահանման սահմանափակումը պետք է լինի արդարացված և ունենա հստակ հիմնավորումներ:

Եգանյանը խոսեց տեղական կաշվի որակի ապահովման մասին: Նա նշեց, որ կաշվի որակը կախված է սկսած անասունին պահելուց մինչև մորթ և կաշին մշակողին հասցնելու հանգամանքներից: Նա կարևորեց կաշին փչացնող մակաբույծների դեմ պայքարում պատկան մարմինների ջանքերի ինտենսիֆիկացումը: Վարչության պետը նշեց նաև հեռանկարում Հայաստանից մշակված կաշի արտահանելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտության մասին:

Այս ամենի ֆոնին, երևանցիները դեմ չեն տեղական արտադրության կոշիկ կրելուն: «Արմենպրես»-ի թղթակիցը փոքրիկ հարցախույզ արեց` պարզելու հայկական արտադրության կոշիկի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը: Հարցվածների ճնշող մեծամասնությունը գոհ էր տեղական կոշիկների որակից, սակայն որոշակի դժգոհություններ ուներ գնի հարցում, որն ինչպես արդեն նշվեց հիմնականում կապված է հումքի գների հետ: Օրինակ, տեղական կոշիկը խոշոր խանութների ցանցերից մեկում վաճառվում է միջինը 30-40 հազար դրամով, այնինչ տոնավաճառներում դրա անորակ «ցեղակիցները» վաճառվում են շուրջ 30 տոկոսով էժան: Բնականաբար ոչ բարձր եկամուտներ ունեցողներին կգրավի համեմատաբար էժան ապրանքը, չնայած դրա ծառայության ժամկետը գնի պես գրավիչ և ձեռնտու չէ:

Այսպիսով, կարելի արձանագրել Հայաստանում կոշիկի արտադրությունը զարգացնելու հսկայական պոտենցիալի առկայությունը, որը կարող է լիարժեք դրսևորվել միայն պատկան մարմինների կողմից այդ ուղղությամբ մի քանի հստակ քայլերի շնորհիվ: Մնում է հուսալ և ակնկալել, որ ոլորտում ընդունված համապատասխան ռազմավարության և Մաքսային միությանն անդամակցելու շրջանակում իրականացվելիք քայլերի շնորհիվ կվերածնվի հայկական կոշիկի երբեմնի համբավը:

Հակոբ Վարդանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]