Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մազմանյանի կյանքը սկզբից մինչև վերջ պայքար էր. Ժիրայր Դադասյան

Մազմանյանի կյանքը սկզբից մինչև վերջ պայքար էր. Ժիրայր Դադասյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեմադրիչ, դերասան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ հունվարի 10-ին, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ և պարզապես Արմեն Մազմանյանի արվեստը գնահատողներ մասնակցեցին հոգեհանգստի արարողությանը և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մտավորականին:

«Արմենին ճանաչում էի դեռ ուսանողական տարիներից` Մարատ Մարինոսյանի կուրսում էինք սովորում: Հիշեցի իր դիպլոմային աշխատանքը` բեմադրել էր «Պրոմեթևսը»: Զարմանալի մի բան էր արել` բեմադրել էր այն թատերական ինստիտուտի բակում: Մայիսն էր, դեռ ներկայացումը չսկսված` կարկուտ տեղաց: Արմենը վազում էր աջ ու ձախ, փորձում ինչ-որ բան անել: Հետո ասաց. «Գիտես` ամբողջ կյանքումս այսպես է լինելու»: Մենք շատ ենք իրար հետ շփվել. նա յուրօրինակ մտածողություն ուներ: Իր ամբողջ կյանքում նա հաղթահարում էր բնության տարերքները: Ինձ թվում է` նրա կյանքը սկզբից մինչև վերջ պայքար էր: Հույս ունեմ` կխաղավի: Կամաց-կամաց որբանում ենք, մեր ընկերները հերթով հեռանում են: Շատ ցավալի է, մեր կյանքում գույնը պակասում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Արմեն Էլբակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մազմանյանը սկզբունքային քաղաքացի էր: «Նա մինչև վերջ նվիրված մնաց իր ստեղծագործությանը և այն գաղփարներին, որոնք ուներ, ինչի համար արժանի է հարգանքի: Ափսոս` մենք շատ մեծ բան կորցրինք»,- հավելեց Էլբակյանը:

«Երբ խոսում ենք մտավորականի մասին, առաջին հերթին նկատում ենք, որ նա համարձակ է, կարողանում է արտահայտել իր մտքերը և ծառայել հասարակությանը: Արմենի հետ մենք կորցրինք այն համարձակությունը, որը բացակայում է շատ մտավորականների մոտ: Նոր սերնդի համար նման մարդիկ օրինակ կարող են ծառայել: Շատերը կհասկանան, որ լռելը հանցագործություն է. պետք է կարողանալ արտահայտվել: Արմենը այդպիսի մարդ էր»,- նշեց ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը:

Բեմադրիչ, դերասան Արմեն Մազմանյանը ծնվել է 1960թ. փետրվարի 15-ին, Երևանում: 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1981-88թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան, ռեժիսոր, 1986-88թթ` պատանեկան թատրոնի ստուդիայում` որպես գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր: 1986-88թթ եղել է «Ակունք» ազգագրական երգչախմբի ռեժիսորը, 1987-89թթ` Երևանի Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր-ստաժոր: 1988թ-ից հիմնադրել և ղեկավարում է «Գոյ» թատրոնը, 1991թ-ից` «Գոյակ» մշակութային զարգացման գործարարական ընկերակցությունը, 1995թ-ից` «Ազատ արվեստի ակումբ» և «Հայարտ» նախագիծը, 1996թ-ից` «Ազատ թատրոն» նախագիծը: 1998-2009թթ եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսի ղեկավար, պրոֆեսոր: 1983թ-ից հանդես է եկել մի շարք ներկայացումներում` որպես բեմադրիչ և դերասան` Զեյթունցյանի «Հիրոսիմա», «Ոտքի, դատարանն է գալիս»,Դեմիրճյանի «Քաջ Նազար», Երնջակյանի «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է», Շեքսպիրի «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», Սթեյվիսի «Գալիլեյ», Ռադինսկու «Նեոնի և Սենեկայի թատրոնը», Ռիբակովի «Արբատի զավակները», Մոեմի «Լուսին և գրոշ», Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս», Նժդեհի «Հայաստան և ճշմարտություն», Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» և այլն: 1980թ. Բաքվի «Թատրոնի տեսություն» միջազգային կոնգրեսում արժանացել է 2-րդ մրցանակին, 1987թ. Ալմա-Աթիի թատրոն-ստուդիաների համամիութենական փառատոնին` 1-ին մրցանակին: Մասնակցել է բազմաթիվ այլ փառատոների Ռուսաստանում, Հարավսլավիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Հայաստանում: Նկարահանվել է «Ընտրություն», «Տղամարդկային գործ», «Ճակատագիր», «Ես եմ» ֆիլմերում: Կազմակերպել և նախաձեռնել է բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներ, արվեստի երեկոներ, շնորհանդեսներ, շոու-ծրագրեր, ցուցահանդեսներ, հեռուստանախագծեր: Մասնակցել է արցախյան մարտերին և եղել է «Մուշ» զորամիավորման ջոկի հրամանատարը: 2000-02թթ եղել է «Ազատամարտի վետերանների միություն» կազմակերպության համանախագահը: Կազմակերպել է ՀՀ ԶՈւ ստեղծման 15, 17, 19 և 20-ամյակներին նվիրված տոնահանդեսներ: Արժանացել է «Գարեգին Նժդեհ» շքանշանի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, Մարտական ծառայության մեդալի: 2009թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը: 2011թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն էր:

Արմեն Մազմանյանը մահացել է հունվարի 8-ին` ժամը 15-ի սահմաններում, ծանր հիվանդությունից: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:

Մազմանյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին` ժամը 12:00-14:00-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]