Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընկերներն ու հարազատները սգում են արժանավոր քաղաքացի, արձակագիր Լևոն Խեչոյանի մահը

Ընկերներն ու հարազատները սգում են արժանավոր քաղաքացի, արձակագիր 
Լևոն Խեչոյանի մահը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից հայ արձակի պայծառ դեմքերից մեկի` Լևոն Խեչոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի ունեցավ հունվարի 10-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Գրողին ընտանիքն, հարազատների ցավակցելու էին եկել ոչ միայն գործընկերները, այլև հասարակական, մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ:

Հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ պաշտոնաթող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այլք:

«Վերջին տասը տարում նա չորս-հինգ գիրք է հրատարակել, և, կարելի է ասել, այս ընթացքը ծանր խոհերի, արձակագրի փորձի ընթացք է: Ինձ միշտ թվացել է, որ նա խտացնում է և' դասական արձակը և' ժամանակակից այն շունչը, որը համաշխարհային գրականությունը ունի, և նա հենց այդ ոգով էր ստեղծում իր աշխատանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Հայաստանի գրողների նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով` Խեչոյանը նաև հրաշալի էսսեիստ էր, ում ստեղծագործությունները հայտնի էին նաև Եվրոպայում, և նրա գրչից անմասն չի մնացել 21-րդ դարի ծանր վիճակը, պատերազմները, մտատանջությունները, երկակի ստանդարտները, թաքուն և բացահայտ խաղերը:

ՀԳՄ նախագահի գնահատմամբ` արձակագրի վերջին ստեղծագործությունը` «Փուշը» պատվածքն էր, որտեղ Խեչոյանը լիովին թրծել է իր ոճը, իր գեղագիտական հայացքը և այդ հայացքը նորովի էր: «Նա այն  եզակի գրողներից է, որի բանավոր և գրավոր խոսքը միասնական էր:  Եվ եթե ինչ-որ բան իրեն հետաքրքիր չէր, ապա ինքը դա լռության կմատներ: Ես նկատել եմ, որ նա հաճախ  ժպտում էր աչքերով և ամբողջ դեմքը արտացոլում էր այդ ներքին լույսը, ջերմությունը»,- հավելեց Միլիտոյանը:

Ազատամարտիկ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Խեչոյանը ազգի մեջ այն տեսակներից էր, ով ճակատագրական պահերին կարողացել է լինել դժվարությունների էպիկենտրոնում: «Նա միշտ տղաներին հավաքում էր և, հեքիաթներից սկսած, դաստիարակչական մանրակրկիտ աշխատանքներ էր տանում: Միշտ քարոզել է և կոչ արել, որ հայերը միմյանց դեմ երբեք դուրս չգան»,- շեշտեց Միքայելյանը` հավելելով, որ մեր ներկայիս պատմության հաջողություններում Լևոն Խեչոյանն իր արժանի տեղն ունի:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ Լևոն Խեչոյանի մահը անսահման ծանր կորուստ է: «Լևոն Խեչոյանը գնաց ուժերի ծաղկման շրջանում: Ես նրան գնահատում են առաջին հերթին որպես խիզախ հայ մարդ, ով իր հայրենիքի նեղ օրվա ժամանակ զենքը ձեռքը վերցրեց և գնաց երկիրը պաշտպանելու և ազատագրելու: Արժանավոր հայ էր և ընտիր քաղաքացի` առողջ, ճիշտ մտածող, և ամենակարևորը լավագույն արձակագիրներից մեկն էր»,-  կարծիք հայտնեց Գասպարյանը: Նրա խոսքով`մխիթարական է, որ Խեչոյանը վեպ է գրել` «Մհերի դուռ»-ը, որի լույս ընծայմանը հանրությունը կսպասի: «Այդ վեպը նրա հարությունը կլինի»,- ընդգծեց Գասպարյանը:

Կինոքննադատ Դավիթ Մուրադյանն էլ նշեց, որ Խեչոյանի մեջ ուժ կար, քանդակագործի թափ կար: «Նրա գրական ձեռքը հենց այդպիսինն էր և նրա ստեղծագործությունները հենց այդ` քանդակագործի տարերքը,  պնդությունն ունեին: Մարդու մեջ խորանալ գիտեր, ժամանակի ծանրությունը իր վրա վերցնող հեղինակ էր»,- ասաց Մուրադյանը:

Հունվարի 8-ին ծանր, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր, ` Լևոն Խեչոյանը: Նա ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 8-ին, Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 2000թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակին։ Մասնակցել է Արցախյան պատերազմին: Նրան վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 11-ին, Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին, Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]