Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանսուրյանի ձայնային աշխարհն առեղծվածային է. «Լոս Անջելես թայմսի» հոդվածը մեծանուն կոմպոզիտորի 75-ամյակի առթիվ

Մանսուրյանի ձայնային աշխարհն առեղծվածային է. «Լոս Անջելես թայմսի» հոդվածը 
մեծանուն կոմպոզիտորի 75-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այս ամիս կդառնա 75 տարեկան: Տաղանդաշատ կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանն է անդրադարձել ամերիկյան «Լոս Անջելես թայմս»  թերթը՝ հատուկ տեղ հատկացնելով խմբագրի սյունակում: «Մանսուրյանի ոգեշնչող երաժշտությունն արտացոլում է 20-րդ դարի հայ ժողովրդի կացությունը և մշտակայուն մշակույթը: Նա այն կոմպոզիտորներից է, ովքեր երբեք չվատնեցին անգամ մեկ նոտա: Նրա ձայնային աշխարհը առեղծվածային է: Նա գիտի, թե որտեղ են թաքնված երաժշտական գործիքի ամենագրավիչ և գեղեցիկ հնչյունները: Մեկ անգամ լսելով Մանսուրյանի երաժշտությունը՝ անհնար է այն մոռանալ»,- «Արմնեպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է թերթը:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել Մանսուրյանների ընտանիքը: Մանսուրյանի ստեղծագործությունները՝ կամերային և գործիքային, բազմիցս կատարվել են նախկին Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ:

Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանը առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում,Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]