Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փարաջանովի ծննդյան օրն է. «Ոսկե ծիրան»-ն այս տարի կնվիրվի մեծանուն կինոռեժիսորի 90-ամյակին

Փարաջանովի ծննդյան օրն է. «Ոսկե ծիրան»-ն այս տարի կնվիրվի մեծանուն 
կինոռեժիսորի 90-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային կինոյի 20-րդ դարի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Սերգեյ Փարաջանովը, հունվարի 9-ին կդառնար 90 տարեկան:  Յուրաքանչյուր տարի, անկախ  հոբելյանական լինելու կամ չլինելու հանգամանքից,  կինոռեժիսորի ծննդյան օրը ընկերների, ռեժիսորների և պարզապես երկրպագուների համար նրա արվեստի շուրջ ևս մեկ անգամ համախմբվելու լավ առիթ է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը պատմեց, որ ամեն տարի իրենք այցելելում են  ռեժիսորի գերեզմանին` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, և այս տարին ևս բացառություն չի լինի: «Պանթեոնից վերադառնալուց հետո թանգարանում ռեժիսորի հոբելյանի առթիվ հյուրասիրություն կկազմակերպվի»,- նշեց Սարգսյանը:

Նա շեշտեց, որ Փարաջանովի 90-ամյա հոբելյանը կնշվի հուլիսի 13-20-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, որն այս տարի կնվիրվի մեծանուն կինոռեժիսորին: Սարգսյանի հավաստմամբ` գաղտնիք չէ, որ ինչպես յուրաքանչյուր հարցում, իր ծննդյան արարողության կազամակերպման հարցում ևս մեծանուն ռեժիսորը մշտապես ցուցաբերել է յուրօրինակ ռեժիսորական մոտեցում, հետևաբար թանգարանի տնօրինությունն ու նրա ընկերներն էլ ցանկանում են կինոռեժիսորի ծննդյան օրը, արդեն հետմահու, նշել նրա ոճով:

Ոչ միայն հունվարի 9-ին, այլև տարվա այլ օրերին թանգարանում կազմակերպվում են տարբեր, բազմաձևաչափ մշակութային միջոցառումներ, նաև` ավանդական «Աշնանային երեկոն», որն արվեստի գործիչների համար Փարաջանովի թողած մշակութային ժառանգությանը ևս մեկ անգամ անդրադառնալու, տարբեր թեմաների շուրջ զրուցելու առիթ է:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է Վրաստանում, կինոարվեստ է ուսումնասիրել Մոսկվայում, աշխատել է Ուկրաինայում, Հայաստանում և Վրաստանում: Այդ է պատճառը, որ այս երկրներից յուրաքանչյուրը նրա ավեստը վերագրում է իրեն: Փարաջանովն իր կինոգործունեությունը սկսել է 1954 թվականին: Նրան ճանաչում բերած ֆիլմերից են «Նռան գույնը», «Աշուղ Ղարիբը», Նռան գույնը» յին ժառանգությանը «Մոռացված նախնիների ստվերները» (այս վերջինի համար Փարաջանովն արժանացել է Բրիտանական ակադեմիայի մրցանակին):

Խորհրդային իշխանությունները 15 տարի Փարաջանովին զրկել են ֆիլմ նկարահանելու հնարավորությունից: 1973-1977 թթ.  եւ 1982 թ-ին աշխարհահռչակ արվեստագետն անցկացրել է խիստ ռեժիմի ճամբարներում եւ բանտերում` այդ ընթացքում գտնելով նկարների, կոլաժների և գրական ստեղծագործության միջոցով սեփական տաղանդի, մտքերի արտահայտման միջոցը:

Երեւանում Փարաջանովի թանգարանը բացվել է նրա մահից մեկ տարի անց` 1991 թ-ին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում: 2013 թ-ին Փարաջանովի թանգարանը տոնել է իր հիմնադրման 22-ամյակը:  Տարեկան 15-18 հազար այցելու ունեցող թանգարանին հաջողվել է դառնալ երևանցիների և օտարերկրացիների ամենամեծ պահանջարկ վայելող մշակութային վայրերից մեկը: Ի տարբերություն այլ թանգարանների, Փարաջանովի թանգարանի գործունեությունը չի սահմանափակվում միայն չորս պատերի ներսում, քանի որ տարեցտարի ավելանում է միջազգային ցուցադրությունների թիվը, որոնք միտված են մեծանուն կինոռեժիսորի արվեստի պրոպագանդմանը ողջ աշխարհում: 

2013 թվականը  ռեժիսորի արվեստի պրոպագանդման տեսանկյունից նշանավորվել է   նաև հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի հատուկ ցուցադրմամբ: Հանճարեղ արվեսագետ Փարաջանովի կյանքի վերջին 20 տարին ընդգրկող կինոստեղծագործության գաղափարը պատկանում է ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Սերժ Ավետիքյանին եւ ուկրաինացի պրոդյուսեր ու ռեժիսոր Ելենա Ֆետիսովային: Փառատոնային հաջողված ընթացք ապահոված կինոժապավենը հայաստանյան կինովարձույթում կհայտնվի առաջիկա ամիսներին:

2013 թ. վերջին նախատեսված էր նաև Փարաջանովի աշխատանքների ցուցադրությունն անցկացնել Ստամբուլի Istanbul Museum of Modern Art թանգարանում, սակայն միջոցառումն անորոշ ժամանակով հետաձգվել է: Անցած տարի կինոռեժիսորի աշխատանքները մեծ հաջողությամբ ներկայացվել են այցելուների դատին Օդեսայում և Վիլնյուսում: Հոբելյանական տարում հունվարի վերջին Փարաջանովի աշխատանքների ցուցադրություն է նախատեսված Մոսկվայում:

Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]